Հոդվ. 1. Ծեծ է համարվում այն գործառույթը, երբ անձը (անձինք) մեկ այլ անձի (անձանց) ֆիզիկական ցավ պատճառելու ակնհայտ նպատակամղվածությամբ բազմաթիվ հարվաձներ է (են) հասցնում՝ օգտագործելով սեփական վերին եւ ստորին վերջույթները, ինչպես նաեւ այլ առարկաներ։
Հոդվ. 2. Գործընթացը ծեծույթ չի համարվում, եթե.
ա. Հասցված հարվածը (չափալախ, աքացի եւ այլ հարվածատեսակներ) կրում է եզակի բնույթ,
բ. Գործառույթն իրականացվում է տեսախցիկներից զերծ տարածքում,
գ. Գործառույթն իրականացվում է առանց վկաների, եւ (կամ) վերջիններս նախաքննության փուլում ցուցաբերում են վատ հիշողություն կամ ոետինե ճկուն խողովակներին հարիր պահվածք,
դ. Ծեծույթ իրականացնող մարմինը նախաքննության փուլում զղջում է իր արածի համար եւ (կամ) ծեծի օբյեկտ հանդիսացող անձին (անձանց) փոխհատուցում նախկինում պատճառած նյութական վնասը։
Հոդվ. 3. Գործառույթի արդյունքում ծեծյալ է համարվում այն անձը, ով.
ա. Կարողանում է ապացուցել իր կողմից ցավ զգալու հանգամանքը,
բ. Փաստացի հիմնավորում է իր կողմից պատշաճ նյութական փոխհատուցում ստացած չլինելու հանգամանքը։
Հոդվ. 4. Եթե ծեծույթ իրականացնող մարմինը հանդիսանում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա (նախարար, մարզպետ եւ այլն), միջադեպը գնահատվում է որպես նվազ կարեւորություն ունեցող, եւ ըստ այդմ՝ ծեծ եզրույթը փոխարինվում է մանր խուլիգանություն բնորոշմամբ։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մանր խուլիգանություն կատարելու հանգամանքը գնահատվում է որպես Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին եւ ագգային մենթալիտետին բնորոշ հատկանիշ, իսկ եթե այդ հատկանիշի կրողը նաեւ սահմանամերձ տարածաշրջանի մարզպետ է՝ նաեւ որպես բացառիկ
խիզախության ապացույց:
Հոդվ. 5. Ծեծույթ իրականացնող մարմինը պարտավորվում է միջադեպից հետո ոչ ուշ, քան 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ նախագահին փոխանցել գումար՝ սույն օրենքի հոդվածի 2-ի «դ» կետով նախատեսված նյութական փոխհատուցման տասնապատիկի չափով։
Հոդվ. 6. Սույն օրենքի հոդվ. 5-ով նախատեսված պարտավորությունները գերակատարելու դեպքում ծեծույթ իրականացնող մարմինը պարգեւատրվում է «Մարտական խաչ առաջին աստիճանի» մեդալով, իսկ եթե ծեծյալն իգական սեռի ներկայացուցիչ է՝ «Արիության համար» մեդալով։
Հոդվ. 7. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
Հուսով ենք՝ խորհրդարանն առանց ավելորդ շահարկումների կընդունի սույն օրինագիծը եւ դրանով իսկ կխուսափի սույն օրենքի շրջանակներում որպես տուժող հանդես գալու հեռանկարից:
«Չորրորդ ինքնիշխանություն