Լրահոս
Օրվա լրահոսը

Շանսատակ են անում ու մնում անպատիժ

Դեկտեմբեր 14,2011 11:07

Հետաքրքիր է՝ քանի՞ հարված պետք է հասցներ Ս. Խաչատրյանը, որ համարվեր հանցանք։ Ստացվում է, եթե մեկն իր կողմից տուժողի «մեյդը փռի» մեկ հարվածով, ու մանավանդ այնպիսի հարվածով որ չհսացնի անգամ ցավ զգալ, նրան չեն դատի։ Այստեղ, կարծում ենք, կարեւորը Սիլվայի բողոքել-չբողոքելը չէ. կա փաստ, որը պետք է արժանանար իրավական գնահատականի: Սիլվա Համբարձումյանը գոհ է այնքանով, որ Սուրիկ Խաչատրյանը զղջում է, ինչը վերջինս չէր արել մյուս «հերոսությունների» դեպքում: Այս անգամ էլ կարող էր եւ չզղջալ։ Հետաքրքիր է, եթե Սյունիքի մարզպետը իմանար, որ մեկ հարվածը «հաշիվ չէ», այդքան շուտ կզղջա՞ր:

Սա միակ դեպքը չէ, երբ աղմկահարույց միջադեպը նման զավեշտալի ավարտ է ունենում։ Յուրաքանչյուրս մի քանի դեպք կարող ենք մտաբերել, երբ նախարար-պատգամավոր-հղփացած չինովնիկ-օլիգարխ քառամիասնության ներկայացուցիչները, նրանց հարազատներն ու բարեկամները շանսատակ են անում մարդկանց կամ ամենավերջին հայհոյանքները շռայլում հանրության ներկայությամբ ու մնում անպատիժ։

Այս տարվա փետրվարի սկզբին Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ Շահեն Հայրապետյանը ՀՀ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) եղբորորդուն՝ Արտակ Ալեքսանյանին, մեղադրել էր երեք օր «Երեւան սիթի» Արաբկիր վարչական շրջանի մասնաճյուղի նկուղում իրեն խոշտանգելու եւ դաժան ծեծի ենթարկելու մեջ։ Արդյունքում տուժողը հազիվ «պլստաց» «արդարադատությունից»։ Քիչ էր մնում դատեին՝ սուտ մատնության մեղադրանքով։ Սա նման է իսլամական աշխարհում վերջերս կատարված դեպքի, երբ դատապարտվեց կինը, ով բռնաբարվել էր։

Օգոստոսի 15-ին Հարսնաքար ռեստորանում Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ Աշոտ Սնջոյանը հրազենային վնասվածք էր հասցրել Սաշիկ Սարգսյանի թիկնապահներից երկուսին։ Հեղինակությունների թիկնապահները պատասխանատվության չենթարկվեցին, փաստի առթիվ հարուցված քրեական գործը նոյեմբերի 3-ին կարճվեց, քանի որ կողմերը բարեհաճել էին հաշտվել։ Քրեական գործն էլ, ծիծաղելիորեն, անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու հոդվածով էր։

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայհոյում է գործընկերոջը (Արմեն Մարտիրոսյան)՝ սովորական բան է, անգամ արժանանում է գովեստի, թե տեսաք՝ դուխը տեղն ա։ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) հայհոյում է լրագրողին (Գրիշա Բալասանյան), բայց քանի որ չի իմացել, որ հեռախոսը միացված է, մնում է անպատիժ, պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը (նախագահի եղբայրը) հայհոյախառն սպառնալիքներ է տեղում լրագրողի (Թագուհի Թովմասյան) հասցեին ու մնում անպատիժ։ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) խորհրդարանում օրինագծի զեկուցողին հարվածում է՝ գործը համեմելով հայհոյանքներով, ապա հայհոյախառն «երկխոսություն» ունենում Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) հետ, բայց չեն արժանանում իրավապահ մարմնի անգամ «նախատինքին»։

Այս դեպքերի մի մասը կատարվել է պատգամավորների, լրագրողների եւ ողջ հանրության աչքի առջեւ։ Տեսանյութերը կան սոցիալական ցանցերում։

Իսկ երբ փողոցում երկու երիտասարդ վիճում են՝ առանց հարվածելու միմյանց, անմիջապես հայտնվում են քաղմասում՝ հասարակական կարգը խախտելու համար։ Այդ դեպքում ինչո՞ւ եք ձերբակալում։ Եվ այսքանից հետո, երբ իշխանությունը խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից, իրավական պետության կայացումը հռչակում է որպես առաջնահերթություն, այն հասարակ քաղաքացու մոտ քմծիծաղից բացի, այլ արձագանք չի կարող ստանալ։

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031