Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատների» դեմ պայքարում ՀԱԿ-ը պատրաստ է վարկաբեկել նաեւ քաղբանտարկյալներին

Դեկտեմբեր 14,2011 11:02

Վերջին օրերին ՀԱԿ-ը աննախադեպ «վարկաբեկիչ» արշավ է սկսել նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դեմ, որի հիմնադիրները դեռ երեկ իր սեփական զավակներն էին:
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը ձեւավորված «Ազատ դեմոկրատները» հիմնադրել են կոնգրեսից հեռացած գործիչները: Երբ ժամանակին Տեր-Պետրոսյանը հայտարարում էր. «Ով մեզ հետ չէ, տականք է», նրա կողքին կանգնած զինակիցները երբեւէ չէին կարող մտածել, որ կգա ժամանակ, երբ իրենք էլ այդպիսին կհամարվեն։
Եվ ահա ՀԱԿ-ը, որ այս ուժին ընդհանրապես գործոն չէր համարում, ավելին` ոչնչություն էր անվանում «Ազատ դեմոկրատներին», հիմա անխնա հարձակումների թիրախ է դարձրել նախկին գործընկերներին: Ինչից կարելի է ենթադրել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ն իր համար ամենավտանգավոր մրցակից է դիտում հենց «Ազատ դեմոկրատներին»:
Ինչպես հայտնի է, մինչեւ վերջերս կոնգրեսի քարոզչամեքենան ակտիվորեն տիրաժավորում էր «Վիկիլիքսի» գաղտնազերծված փաստաթղթերը՝ փորձելով այդ կերպ «պատռել վարչախմբի դեմքը»: Իսկ հիմա վիկիլիքսյան «հրետանին» ուղղել է «Ազատ դեմոկրատների» դեմ ու կատաղորեն «ռմբահարում» է նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչներին, մասնավորապես ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանին եւ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանին:

…Ուշագրավ է, որ «Ազատ դեմոկրատների» դեմ պայքարում ՀԱԿ-ը պատրաստ է վարկաբեկել նաեւ իր «քաղբանտարկյալներին», ինչպիսին ժամանակին համարում էր նաեւ Արարատ Զուրաբյանին: Նշում են, թե 2008-ին «Մարտի 1»-ի գործով կալանավորված Ա.Զուրաբյանը հունիսին «գործարքի» դիմաց կալանքից ազատվել է «Մարտի 1-ի» իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժանամակավոր հանձնաժողովի միջնորդությամբ («երկրից չբացակայելու մասին ստորագրություն տալուց եւ սրտի խնդիրների առնչությամբ հոսպիտալացվելուց հետո»):
Ի դեպ, նկատենք, որ այդ նույն շրջանում բանտից ազատվել են նաեւ Կարապետ Ռուբինյանը եւ Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Արշակ Բանուչյանը: Բացի դրանից, ժամանակավոր հանձնաժողովը այդ ժամանակ իրավապահ մարմիններին էր դիմել նաեւ այլ «քաղբանտարկյալների» ազատ արձակելու խնդրանքով (Սասուն Միքայելյան, Մյասնիկ Մալխասյան եւ այլք):
Բայց հիմա սա համարում են որպես «սեւ բիծ» Ա.Զուրաբյանի կենսագրության մեջ: Այն դեպքում, երբ այս տարվա գարնանից սկսած Տեր-Պետրոսյանն է անձամբ խնդրում ազատ արձակել «քաղբանտարկյալներին»:
Չենք կարող չնկատել նաեւ, որ եթե 2008-ի մարտի 1-ից հետո ՀՀՇ վարչության նախագահ Ա.Զուրաբյանը հայտնվել էր բանտում, ապա այսօրվա ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Մարտի 1-ից» հետո անհետացավ, եւ անգամ նրա զինակիցները չգիտեին, թե որտեղ է նա: Եվ Մանուկյանը հայտնվեց միայն այն ժամանակ, երբ ձեւավորվեց ՀԱԿ-ը:

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031