Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ:
Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ մեծ հաճույքով է այց կատարում հիասքանչ Հռոմ, որի պատմությունը սերտորեն առնչվում է հայերի ու հայ ժողովրդի պատմության հետ: Նախագահի խոսքով, Հռոմեական ֆորումի պատի վրա գտնվող չորս հնագույն քարտեզներից անգամ ակնհայտ է, որ ժամանակին Հռոմեական կայսրությունն ու Հայաստանը հարևաններ են եղել՝ երկու սահմանակից, ինքնիշխան պետություններ, և այսօր էլ Հայաստանն ու Իտալիան շարունակում են պատմական այդ ամուր հիմքի վրա արդյունավետ համագործակցել:
Նախագահ Սերժ Սարգսյանն ուրախությամբ է նշել, որ այսօր Հռոմի կենտրոնում տեղի է ունենում 13-րդ դարի հայկական խաչքարի ցուցադրության բացման արարողությունը: Որպես հայ ժողովրդի մշակութային խորհրդանիշներից մեկը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկված հայկական խաչքարը, նախագահի խոսքով, «Հավերժական քաղաքում» կխորհրդանշի հայ-իտալական բարեկամության հարատևությունը: Այն նաև մեծ հնարավորություն է Հռոմի բնակիչների և քաղաքի հյուրերի համար՝ ծանոթանալու և հաղորդակից լինելու հայկական մշակույթին:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը Հռոմի հետ տարեցտարի կզարգանա, և հայ-իտալական հարաբերությունների առավել սերտացման գործում քաղաքապետ Ջանի Ալեմանոյի ներդրումն ավելի զգալի կդառնա: Հանրապետության ղեկավարը Հռոմի քաղաքապետի հետ հանդիպումը պատեհ առիթ է համարել շնորհակալություն հայտնելու ս.թ. նոյեմբերի 8-ին «Մետաքսի ճանապարհներ» նախագծի շրջանակներում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանը Հռոմի քաղաքապետարանի ցուցաբերած աջակցության համար:
Կարդացեք նաև
Հանդիպումից հետո Հռոմի և Երևանի քաղաքապետները Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Հռոմի կենտրոնում՝ Բրասկի թանգարանի դիմաց, բացել են հայկական խաչքարը:
Հանրապետության ղեկավարն այնուհետև այցելել է «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդեսը:
Ավելի ուշ կավարտվի Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի հետ:
Հռոմում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ: Օրվա ավարտին նախատեսվում է Նախագահի հանդիպումը Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ