Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Մովսես գյուղում. կա մեկ զոհ և երեք վիրավոր

Դեկտեմբեր 13,2011 21:17

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 16:30–ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղում, Վաչիկ Ադյանը, վարելով «Ուազ 469» մակնիշի՝ «09 ԼԼ 236» համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 80 մետր գլորվելով, ընկել Մովսես գյուղի բնակիչ Ս. Սահակյանի կիսակառույց տան տանիքի վրա:

Վթարի հետևանքով՝ ավտոմեքենայում գտնվող ուղևորը՝ Երևանի բնակիչ, 1948 թ.-ին ծնված Ռուբեն Թումանյանը, տեղում մահացել է, իսկ վարորդ Վ. Ադյանն ու մյուս ուղևորները՝ Երևանի բնակիչ, 1988 թ.-ին ծնված Գնել Բաղդասարյանը և 1948 թ.-ին ծնված Արմեն Ադյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տավուշի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի չորրորդ վաշտի երկրորդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանաել նաև «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննիչները: Փաստի առթիվ՝ քննչական բաժնում նյութեր են նախապատրատսվում:

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ վթարի ենթարկվածներն «Արմենթել» ընկերության աշխատակիցներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել