Տանգոն առաջացել է Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում, այնուհետև տարածվել ողջ աշխարհում: Բուենոս Այրեսում նույնիսկ տանգոյի հուշարձան կա:
«Պարը ազատություն է տալիս կրքերիդ: Քեզ ամբողջովին կառավարում են էմոցիաներդ: Տանգոյի միջոցով դու կարող ես արտահայտել սեր, ատելություն և նույնիսկ կարող ես վիճել»,-ասում է 18-ամյա պարուհիւ Անահիտը:
Սկզբում պարը կոչվում էր «տանգո կրիոլո»: Այնուհետև առաջացան պարային նոր ոճեր` բեմական տանգո, էլեկտրոնային տանգո, ալտերնատիվ տանգո և այլն:
Պարը պետք է ղեկավարի տղամարդը.սա էր տանգոյի գլխավոր նախապայմանը, հակառակ դեպքում՝ պարը մեռնում էր: Սակայն այժմ տարածված է նաև սպիտակ տանգոն, այսինքն` երբ կինն է հրավիրում պարի, ընդ որում հայացքով կամ շուրթերի թեթևակի շարժումով, քանի որ բարձրաձայն հրավերը կարող է դիտվել իբրև վիրավորանք: Շատերն էլ կարծում են, որ պարը հավասարապես ղեկավարում են թե՜ կինը, և թե՜ տղամարդը: «Պարզապես պետք է ուշադիր լինել, որ հանկարծ չտրորես զույգիդ ոտքը,հակառակ դեպքում կամ ապտակ կստանաս, կամ էլ մյուս անգամ նա քեզ հետ չի պարի»,- ծիծաղում է Հայկը:
Տանգոն լռություն է սիրում. պարելիս չեն ժպտում ու չեն խոսում: Ժամանակակից պարի տարածված ոճերից են` սալոն, կլուբ, վալս տանգո, միլոնգա:Ընդունված են նաև Արգենտինական, Ուրուգվայական, Ֆինական տանգոները: Պարել կարող են անկախ տարիքից և անկախ սեռից:
Նազենի Բաղդասարյան