Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սավանով ինքնասպան եղածը խցում մենակ է եղել

Դեկտեմբեր 13,2011 18:45

Հայտնի է, որ դեկտեմբերի 10-ի երեկոյան ինքնասպանություն էր տեղի ունեցել Ախուրյանի ոստիկանության բաժնում. 43-ամյա գյումրեցի Գոռ Մանուկյանը ձերբակալվածների համար սահմանված նախնական պահման 1-ին խցում սավանով ինքն իրեն խեղդել էր: Այս դեպքն արտառոց է նրանով, որ ինքնասպանությունը կատարվել է ոստիկանների քթի տակ`հատուկ հսկողության պայմաններում:

Մենք գործը քննող քննիչ Արմեն Միքայելյանից հետաքրքվեցինք, թե այդ ժամանակահատվածում ինչո՞վ էին զբաղված խցերը հերթապահող ոստիկանները, և մի՞թե ձերբակալվածներին թույլատրվում է սավան-վերմակ տանել ու խուցը վերածել հանգստի սենյակի. «Սա եզակի դեպք է, մեր պրակտիկայում առաջին անգամ է նման բան կատարվում, որովհետև ձերբակալվածներին ընդունելիս նրանց մոտից վերցնում են գոտիները, կոշիկի կապերը, այն ամենը, ինչ հնարավորություն կտար ինքնասպան լինելու համար: Իսկ երկու հատ սավանը, մեկ բարձի երեսը ՁԲՎի օրակարգով ձերբակալվածներին թույլատրվում է հատկացնել»:Ըստ քննիչի, հերթապահություն անխոս եղել է, հերթապահներից մեկը քայլել է խցերի դիմացի մասով` դիտանցքներից հսկելով ձերբակալվածներին, իսկ երկրորդը գտնվել է նրանց համար նախատեսված մյուս սենյակում:

քննիչ Արմեն Միքայելյան

Քննիչի պատմելով, դեպքից 3-4 րոպե առաջ հերթապահ ոստիկանը Գոռ Մանուկյանին տեսել է խցում քայլելիս, խոսել նրա հետ, ողջությունն է հարցրել, իսկ մի քանի րոպե անց նրան հայտնաբերել է իր մահճակալում սավանով խեղդամահ եղած:

Հերթապահ ոստիկանի ուշադրությունը գրավել է այն, որ Գոռ Մանուկյանը դատապարտյալների համար նախանշված ժամից` 22.00-ից, 3 ժամ շուտ է անկողին մտել, ծածկոցով փաթաթված պառկել է, և երբ փորձել է նրան արթնացնել` իհարկե կարգի հրավիրելու համար, Գոռը չի պատասխանել: Հերթապահ ոստիկանը օգնության է կանչել իր գործընկերոջը, բարձրացրել են ծածկոցը ու ձերբակալվածին գտել անկողնում սավանով խեղդված: Նրան փորձել են բուժօգնություն ցույց տալ, բայց հնար չի եղել:

Ըստ քննիչի, նա խցում եղել է մենակ, հերթապահ ոստիկաններն էլ նրա մոտ չեն նկատել ոչ մի տարօրինակություն: Ոստիկանների բնութագրելով, Գոռ Մանուկյանն իր ամբողջ կյանքն անցկացրել է գաղութում, 2003 թվականից նստած է եղել, երկու անգամ դատապարտվել է գողության համար, սակայն բանտից դեռ դուրս չեկած` կատարել էր հերթական խոշոր հափշտակությունը. հորեղբոր որդու ավտոտնակը քանդել ու միջից փախցրել էր մեքենան: Իր «մասնագիտության» պատճառով 15 տարի առաջ կորցրել է նաև իր ընտանիքը` կնոջն ու երեխային:

Թե ո՞րն է եղել ինքնասպան լինելու պատճառը, միգուցե գաղութի կյանքից հոգնե՞լը, դեռևս հայտնի չէ, սակայն քրեական գործ է հարուցված Քր.օրենսգրքի 110 հոդվածի 1 -ին մասով` այն է` ինքնասպանության հասցնելը: Ըստ քննիչի, Գոռ Մանուկյանն իր արարքով խայտառակեց Ախուրյանի ոստիկաններին, մինչդեռ, ըստ նրա, այստեղ հերթապահությունը պատշաճ ձևով է կազմակերպվել, ոստիկանները գնացել- եկել ու դիտանցքներից հսկել են խցերում գտնվողներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031