Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն». հերթական փաստաթուղթը

Դեկտեմբեր 13,2011 18:16

Այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնախումբը ԱԺ-ում ներկայացրեց իր մշակած «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագիծը, որի արդյունքները, կերեւան միայն 2016 թվականին։ Մինչ այդ կլինի իրազեկման եւ առաջարկների ընդունման փուլ:

Նախագծի լսումներին մասնակցում էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, որի կարծիքով, այս նախագիծը որակյալ է, սակայն՝ ոչ կատարյալ: Ըստ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի էլ, այդ ամենի պատճառն այն է, որ օրենքներում կան լղոզված ու երկիմաստ ձեւակերպումներ:

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս քայլով իրենք համակարգում են մարդու իրավունքների ոլորտը. «Ես կարծում եմ, որ սրանով լուրջ աշխատանք է կատարվել: Կարեւորն այն է, որ գաղափարները կարողանանք կյանքում գործածել: Մենք պետք է ունենանք պետություն, որտեղ քաղաքացին պաշտպանված է: Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ իմ երեխան պաշտպանված կլինի զուտ նրա համար, որ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի որդին է, ուզում եմ, որ վաղը մյուս օրը, երբ ես կլինեմ սովորական դասախոս կամ թեկուզ բանվոր, իմ երեխան լինի ՀՀ անկախ եւ պաշտպանված քաղաքացի»:

Սակայն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ռազմավարությունն ընդամենը հերթական փաստաթուղթն է՝ հղում կատարելու համար եւ այս քայլով Հայաստանը պարզապես ուզում է միջազգային հանրությանը ցուցադրել, որ ինքը մարդու իրավունքները շատ կարեւոր է համարում. «Ռազմավարությունը կարող է արդյունավետ գործել, եթե կա իսկապես արմատավորված ժողովրդավարություն եւ իրապես կա մարդու իրավունքները պաշտպանելու ցանկությունը»: Մեր այն հարցին, թե սա խորհրդարանական ընտրություններից առաջ չի՞ կարող համարվել քաղաքական քայլ, նա պատասխանեց, որ հնարավոր է. «Բայց ավելի շատ ես համարում եմ, որ սա ճգնաժամի իբրեւ թե հաղթահարման քայլ էր: Հայաստանի եւ օրենքը եւ միջազգային համաձայնագրերը, եղած մեխանիզմները լրիվ բավարար էին, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանությունը լինի: Ազգային ռազմավարություն անում են այն ժամանակ, երբ որ այս բոլորից ինչ որ բան դուրս է մնում»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ավելացրեց, որ մշակվել է ռազմավարություն, որ օրենքի պահանջները կատարենք. «Փաստաթուղթն իրենք մշակել են մեկ տարվա ընթացքում հասարակության համար, իսկ մարդկանց քիչ ժամանակ են տալիս դրան ծանոթանալու համար՝ ընդամենը 1 ամիս»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031