Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկուկես ժամ իրականությունից կտրված. Հանդիպում Արթուր Մեսչյանի հետ

Դեկտեմբեր 13,2011 18:30


«Ամենաճշգրիտ աղբյուրը իմ երգն է: Ձեր բոլոր հարցերի պատասխանները իմ երգերում են: Իմաստ չունի նորից խոսել, եթե դու լավ իմանայիր  իմ երգերը, հարցազրույցի չէիր գա:  Ի՞նչ իմաստ ունի իմ խոսելը, մեկ է, ոչինչ չի փոխվելու… Բոլորն էլ խոսում են, այնքան են խոսում ,որ իմաստազրկվել է արդեն ամեն բան, բառերն էլ արդեն իմաստազրկվել են»:  Ասում է ինձ Արթուր Մեսչյանը, պատվիրում՝ պայուսակիցս չհանեմ թուղթ ու գրիչս, չի ուզում հարցազրույց տալ:

 

Նյութս անձնական վերաբերմունքով լեցուն է, տպավորություններս են լեգենդի հետ հանդիպումից, գիտեմ՝ «լեգենդ» բառի համար կնախատեր ինձ կյանքումս հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկը՝ Արթուր Մեսչյանը, «բայց թողեք դուք ինձ երազները իմ…»:

«Առավոտ երիտասարդականը», հատկապես մեր խմբից ես եւ Մելանյան, «Երիտասարդականի» թողարկումից ի վեր նպատակ էինք դրել՝ հանդիպել եւ հարցազրույց անել երաժշտի հետ (մանկամիտ ցանկություն-Հ.Հ.): Անընդհատ քննարկում էինք՝ բոլորին զգուշացրել էի՝ ես եմ հարցազրույց անցկացնելու (երազանքս պետք է կատարվի՞ վերջիվերջո), Մելանի  «հայցող»  դեմքն էլ նկատելով՝ խոստացել էի՝ դու էլ կգաս ինձ հետ: Միայն Արթուր Մեսչյանը  Հայաստանում չէր, պետք է սպասեինք նրա գալուն:

Անցած հինգշաբթի ինձ համար համալսարանում «Հասարակական կարծիքը Հանրային կապերում» դասախոսությունն էի լսում, հեռախոսիս հաղորդագրություն ստացա, Մելայնան էր. «Հռիփ, Արթուր Մեսչյանը Հայաստանում  ա, մի բան արա»:  Ես էլ անում եմ, դիմում եմ բոլոր հնարավոր եւ անհնար ծանոթներին, խնդրում եմ տալ երաժշտի  հեռախոսահամարը, ինձ լսողները զգուշացնում են՝ ինքը ոչ մեկին հարցազրույց չի տալիս, ասում են՝ մի փորձիր, նեղանում եմ, բայց շարունակում… զանգեր Մատերանադարան, Ճարտարապետների միություն, անարդյունք քայլեր… գտած հեռախոսահամարին էլ զանգելիս՝ անպատասխան եմ մնում: Ի՞նչ անեմ… վերցնում եմ Մելանին եւ «ուղիղ գծով»  Մատենադարան: Շուրջբոլորը փոշի եւ կեղտ, աշխատողներն էլ ամեն քայլափողի՝  «էրեխեք ջան փոշի ա, ստեղ մի կանգնեք», մենք էլ նրանց բոլորին՝ «Մենք ուզում ենք  Արթուր Մեսչյանին տեսնել», «Մի քիչ շուտ գայիք, կտեսնեիք նրան»,- ասում են նրանք: «Այ քեզ բա՜ն, այսքան մոտ երազանքին»: Մտածում եմ ես, ու չգիտես՝ ինչի՞ց Մեսչյանին տեսնելու հույսը ավելանում է: Աշխատողներին հարցնում ենք. «Գիտե՞ք՝ ե՞րբ կգա նա նորից», նրանք՝ ոչ, տխրում ենք: «Ի՞նչ անենք»,- նայում ենք աշխատողներին: Հանկարծ մեկը հուշում է. «Ինչի՞ չեք գնում իրա օֆիս»: «Վայ, օֆիս էլ ու՞նի, որտե՞ղ է»,- ճառագում է հույսի լույսը: Բացատրում են: Մենք փոշիների ու քարերի միջով, համարյա վազելով գնում ենք դեպի «օֆիս»:  Գրասենյակում  էլ՝ փորձում են պարզել՝ ովքե՞ր ենք, ինչու՞ ենք գնացել: Մենք էլ բացատրում ենք՝ ցանկանում  ենք հանդիպել Արթուր Մեսչյանի հետ եւ, ոչ ավել ոչ պակաս, երիտասարդ լրագրողներ ենք, ասում են՝ սպասենք, մի քանի րոպե հետո կանչում են եւ ուղեկցում մի սենյակ, դուռը բացում եւ հրավիրում ներս:  Վախի, հուզմունքի եւ չգիտես՝ ինչու՞ պատասխանատվության զգացում…

Ներսում նստած է Արթուր Մեսչյանը: Կանգնեց, հրավիրեց նստելու , ձեռքը մեկնեց՝ «Արթուր»  (պահ, որ երբեք չի մոռացվի), «Հռիփսիմե»՝ ասացի ես: Երաժիշտը հարցրեց՝ ինչու՞ էինք գնացել, մենք էլ ասացինք՝ հարցազրույցի համար, մեզ համար կարեւոր են նրա խոսքերը: Հետաքրքրվում է՝ ի՞նչ հարցեր ունեմ, ասում եմ՝ սկսելով «Առաքյալներից»: «Լավ էլի,  էրեխեք ջան, էլի՞ «Առաքյալները», դե խումբ էր, էլի»,- ասում է նա եւ զգուշացնում՝ հարցազրույց չի  տալու, չի ուզում խոսել, հիմա բոլորն էլ խոսում են, բառն արդեն արժեք չունի: Համոզում եմ՝ մեզ կարեւոր է հենց իր խոսքերը, մենք իր նման մարդկանց խոսքերին ենք կարոտ: «Էկեք սուս մնանք, գործ անենք…»,- ասում է նա:

Արթուր Մեսչյանը հարցազրույց չտվեց, բայց մենք զրուցեցինք նրա հետ՝մոտ մեկուկես ժամ. «Ես ինչը որ կարողանում  եմ, անում եմ, ինձ հետ մեծ հույսեր մի՛ կապեք,մեծ բաներ ինձանից մի սպասեք, ես երբեւէ սպասելիքները չեմ բավարարում, ես չգիտեմ…»,- ասում է երիտասարդներիս,  պատասխանատվություն չի ուզում վերցնել իր վրա, իսկ ես, որպես երիտասարդ՝ հավատացնում եմ՝ նա մեկն է հազարներից, ով իսկապես մեր սպասելիքները արդարացնում է:  Փորձում է համոզել՝ «Այնպես, ինչպես ես եմ երաժշտությանը վերաբերում, անբարոյականություն է»:  Ասում է՝ երկար ժամանակ է, կիթառ ձեռքը չի վերցրել, բայց հետո խոսքում նշում է ՝ համերգ է տալիս այն  ժամանակ, երբ տագնապ է զգում, երբ ուզում է ասել՝ «Տղերք հերիք ա, էլի», ասում է՝ զզվում է բեմից ու բեմի լուսավորությունից, նյարդայնանում է՝ երբ համերգի ընթացքում բոլորը ոգեւորվում են, ծափ տալիս, բայց դուրս են գալիս փողոց, ու ամեն ինչ նորից նույնն է մնում. «Զգում եմ չեղավ, չստացվեց… էլ ու՞մ էր պետք համերգը»,- տարակուսում է երաժիշտը, դու էլ զգում ես երաժշտության եւ սեփական աշխատանքի նկատամբ նրա պատասխանատվության զգացումը: Հիասթափվել է մարդկանցից, չի սիրում նրանց, դրա համար չի խոսում, բայց իր գործերի մասին պատմելիս՝ նշում է Մատենադարանի գործը ավարտելուց հետո մի գործ էլ կանի. «Պատասխանատվություն կա, մարդիկ պետք է աշխատեն,- ասում է նա՝ ավելացնում,- մենք բոլորս ապրում ենք մի ժամանակահատվածում, պետք է հասկանանք՝ պատասխանատու ենք իրար առաջ եւ պետք օգնենք իրար, երկրորդ կյանք չենք ապրելու»:  Զգում ես՝ արվեստագետի սիրտը ցավում է երկրիդ համար, ժամանակին թողեց երկիրը՝ «կոմունիզմից» հեռացավ, հիմա էլ եկել է, բայց տեսնում է՝ շատ բան չի փոխվել,  «կես դար առաջ, կես դար հետո նույնն էինք…», բայց ասում է՝ սրանից վատ օրեր էլ ենք ունեցել, գուցե փոխվե՞նք, մեծապես անհանգստանում է «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանի ազատազրկման համար. «Հիմա հարց է՝ Հայկը կհաղթի, թե՞՝ Բելը»,- տարակուսում է նա:  Իսկ մեզ ասում է՝ կարեւոր է իմանալ՝ ինչո՞ւ ենք ծնվել եւ ու՞ր ենք գնում, չնայած երբ նրան ես հարցնում՝ նա գիտի՞, ասում է՝ չէ էէէ,  եւ թղթերը ձեռքը վերցնում. «Դեռ մի քանի բան պիտի գծեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031