Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները կգիտակցեն մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը բարելավելու անհրաժեշտությունը, ինչի վկայությունը համապատասխան փաստաթղթի մշակումն է, որն այսօր ներկայացվել է հասարակության դատին: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը, հրապարակելով իր գնահատականը «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագծին, ինչի շուրջ այսօր խորհրդարանական լսումներ են ընթացել:
Դիվանագետի ասելով, թեև ինքը մանրամասն ծանոթ չէ փաստաթղթին, քանի որ այն վերջերս է ստացել, այդուհանդերձ, փաստաթութը հետաքրքիր է այն առումով, որ ներառում է Հայաստանում մարդու իրավունքների շուրջ իրավիճակին առնչվող կարևոր պահեր: Դեսպանը նաև ընդգել է, որ կան որոշակի բարդություններ այդ փաստաթղթի դրույթների իրագործման ճանապարհին, մասնավորապես` ԶԼՄ-ների առնչությամբ: ՙՓաստաթղթում շոշափվում է ԶԼՄ–ներում առկա իրավիճակը, և ես կցանկանայի ուշադրությունս սևեռել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ձևավորման եղանակին: Ինչպես հայտնի է, հանձնաժողովի անդամության թեկնածուներին առաջարկում են խորհրդարանն ու նախագահը: Մենք կարծում ենք, որ այդ մասին բազմիցս խոսել են նաև եվրոպական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, որ հարկավոր է մշակել ՀՌԱՀ ձևավորման այնպիսի մեխանիզմ, որպեսզի դրա կազմում ներառվեն բոլոր հոսանքների ԶԼՄ–ների ներկայացուցիչներ, ինչի վերջնական նպատակը լայն հասարակական շերտերի մասնակցությունն է հանձնաժողովին՚, – հայտարարել է Շմիդտը, ավելացնելով, որ, դժբախտաբար, այդ հարցում կան որոշակի տարաձայնություններ: