Սյունիքի մարզի գյուղերի բնակիչների բազմաթիվ հոգսերի ու խնդիրների շարքում առաջիններից մեկը եղել եւ մնում է գյուղերում բուժսպասարկման անբավարար վիճակը: Ամենաշատ դժգոհությունները դատարկվող, հեռավոր գյուղերից են լինում, որտեղ մեծամասամբ տարեցներն են՝ բժշկի կարիք ամենաշատ ունեցողները: Ինչպես հավաստիացնում են տատիկ-պապիկները, գյուղերի բուժկետերում իրենց անհրաժեշտ դեղորայքը չկա, երեխաներն են պարբերաբար ուղարկում, իսկ բժիշկների երես չեն տեսնում, չեն հիշում վերջին անգամ երբ են բժշկի տեսել:
Նման գյուղերի իրավիճակը շտկելու փորձ է անում «Առողջության պահպանման Սյունիքի հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը: Այս հ/կ-ն առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզի 54 գյուղում:
Դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ եւ համագործակցելով մարզի բժշկական հաստատությունների հետ` հ/կ-ն կազմակերպում է նեղ մասնագետների այցելություններ համայնքներ: Ծրագրից օգտվում է մոտ 1000 շահառու ընտանիք: «Առողջապահությունը շատ մեծ խնդիր է գյուղերում: Փորձում ենք թեթեւացնել այդ վիճակը, մասնագետների այցերով լրացնել այդ բացը: Սահմանամերձ գյուղեր ենք այցելում, բնակիչներին դեղորայքով ապահովում: Մարզպետարանի առողջապահության վարչության հետ պայմանավորվածություն ունենք ու պետության կողմից 24 անուն դեղ ենք հատկացնում համայնքներին, իսկ 178 անուն դեղ մենք ենք տալիս գյուղացիներին: Սա մեծ օգնություն է քաղաքներից ու հիվանդանոցներից հեռու գտնվող գյուղերի բնակչության համար: Մեր ծրագրին մասնակից 54 համայնքների բնակչության մոտ 13 տոկոսը օգտվում է տեղերում իրականացվող առողջապահական այս ծրագրից», – մեզ հետ զրույցում ասաց «Առողջության պահպանման Սյունիքի հիմնադրամ» հ/կ նախագահ Շահեն Բաբայանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ