Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չպատժվելու մեխանիկա

Դեկտեմբեր 13,2011 15:46

Հայաստանում իրավապահները գթասիրտ են միայն իշխանավորների ու իշխանամերձների նկատմամբ

 Դեռեւս 2009 թվականի սեպտեմբերին, երբ ՀՀ պատկան կառույցները համառորեն չէին հրաժարվում ակտիվ երիտասարդ Մարիամ Սուխուդյանի դեմ «սուտ մատնության» մեղադրանքից, «Առաջարկ Մարիամ Սուխուդյանին. ասա, որ ուսուցչի սեռական ոտնձգությունների մասին լսել ես երեխաներից» հրապարակմամբ նախադեպային իրավունքի հարթությունում առաջարկ ներկայացրի Մարիամին: Էությունը հետեւյալն էր. «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ՀՀ ԱԺ 2007-ի ընտրություններին շեմին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, պատվիրել է Գագիկ Ծառուկյանի սպանությունը: Մեծ աղմուկ բարձրացավ, Արտաշես Գեղամյանին կանչեցին դատախազություն: «Բայց, ի տարբերություն քեզ կամ Սարգիս Հացպանյանի, հարգելի Մարիամ, Արտաշես Գեղամյանին «սուտ մատնության» մեղադրանք չառաջադրվեց: Նա ասաց, որ սրճարանում է լսել, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, պատվիրել է Գագիկ Ծառուկյանի սպանությունը, դատախազությունը նրան հավատաց ու բաց թողեց: Առաջարկս. իրավապահներին պատմիր այս ամենը, հարգելի Մարիամ ու ասա, որ ազնվությամբ, պարկեշտությամբ եւ քննությանը օգնելու քո պատրաստակամությամբ, հայրենասիրությամբ չես զիջում Արտաշես Գեղամյանին եւ նրա նման ասել ես այն, ինչ լսել ես: Նա՝ սրճարանում, դու՝ երեխաներից»-գրել ենք երկու տարի առաջ:

 Սա հիշեցի, երբ այսօր պարզ դարձավ, որ Սյունիքի մարզպետը պատասխանատվության չի ենթարկվի գործարար Սիլվա Համբարձումյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Սուրիկ Խաչատրյանը զղջացել է, գործը կարճվել է:

Երեկ հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ընտրակաշառք է վերցրել, բայց ասում է չի արել այն, ինչի համար վերցրել է գումարը՝ 5 հազար դրամ:

Էլի դառնամ նախադեպին: Եթե կարելի է մարդուն վիրավորել ու ապտակել, հետո իրավապահներին ասել (ընդամենը՝ ասել), որ զղջում եմ, ապա նույնը ես եմ ուզում անել: Մի երկու պաշտոնյա կա ում հավեսով կապտակեմ, հետո կասեմ (ընդամենը կասեմ), որ զղջում եմ: Իրավապահները թող նեղություն չքաշեն, գործ հարուցեն, թող իմ հանդեպ լինեն այնքան գթասիրտ, որքան Սյունիքի մարզպետի՝ չպատժեն:

Հայաստանում կաշառք տալու հետ մեկտեղ, քրեական պատասխանատվություն է նախատեսված կաշառք վերցնելու-ստանալու համար: Պատգամավոր-գործարարը խոստովանում է, որ կաշառք է վերցրել ու նրան ոչ ոք բան չի ասում: Նույնը ես եմ ուզում անել. մի երկու պակաս-պռատ կա, որը լրացնելու համար ինձ մի 50 հազար դոլար է պետք, հավեսով կաշառք կվերցնեմ: Իրավապահները թող նեղություն չքաշեն, գործ հարուցեն, թող իմ հանդեպ լինեն այնքան գթասիրտ, որքան պատգամավոր-գործարարի՝ չպատժեն:

Առաջ Հայաստան:

 

Արամ Զաքարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031