Լրահոս
Օրվա լրահոսը

«Փյունիկի» նախկին տնօրենի ցուցմունքը: Գործին առնչվող ՀՀԿ անդամը կալանավորված է

Դեկտեմբեր 13,2011 15:40

Այսօր ժ.11.30-ին Ազգային անվտանգության մեկուսարանից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց «Փյունիկ» ֆուտբոլային թիմի նախկին տնօրեն, նախկինում դասախոս, գործարար Գագիկ Սաֆարյանը: Նա մեղադրվում է Սամվել Կոստանյանի որդուն՝ Հայկին Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունելու փոխարեն՝ 21 000 դոլարով  ագրարային պետական համալսարան ընդունելու համար:

Սաֆարյանը ցուցմունք տվեց: Նա շնորհակալություն հայտնեց դատավոր Մխիթար Պապոյանին եւ մեղադրող Արմեն Բոշնաղյանին, իրեն մեղսագրված հոդվածներից մեկի /«վաշխառություն»/ հրաժարվելու համար: «Ճանաչելով Ձեր գերդաստանը, ցանկությունս է՝ այս կեղծ մեղադրանքից նույնպես հրաժարվեք»,-շարունակեց Գ.Սաֆարյանը՝ դիմելով մեղադրողին:

Գ.Սաֆարյանն ասաց, որ տուժող Սամվել Կոստանյանին ճանաչել է իր ծանոթ Սերգեյ Աբրահամյանի միջոցով: Մեր տեղեկություններով, հետախուզման մեջ գտնվող Ս.Աբրահամյանը 100 օր առաջ կալանավորվել է եւ պահվում է Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա  ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անվտանգության պետի տեղակալն է եղել, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, իսկ 2009-ին՝ Արաբկիր վարչական շրջանի խորհրդի անդամ, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության անդամ:

Գ.Սաֆարյանն ասաց, որ Սերգեյի հետ հաճախ են հանդիպել, զրուցել գործնական հարցերի շուրջ: Սաֆարյանն այդ ժամանակ գումարներ է ներդրել Իրանից նավթ ներկրելու համար եւ ունեցել զգալի նյութական վնասներ: Նա Սերգեյից պարտքով խնդրել է գումար՝ 15 000 դոլար, որը մտադիր էր փակել մինչեւ 1 տարվա ընթացքում: Ս.Աբրահամյանը գումարը մաս-մաս է տվել:

Գ.Սաֆարյանը հայտնեց, որ իր հարազատներից մեկի հոգեհանգստյան օրը Սերգոն իրեն ասում է, թե պիտի օգնենք, որպեսզի իր բարեկամ Սամվելի տղան ընդունվի Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:

Գ.Սաֆարյանն ասաց, որ հանդիպել էր Սամվելին եւ խորհուրդներ տվել: Ըստ նրա՝ Սամվելին առանց շահի եւ ակնկալիքի էր խոստացել օգնել, քանի որ Կրասնոդարի իր մի ընկերն էլ էր խնդրել:

Հետագայում տեղեկացել էր, որ Սամվելի տղան սովորում է ագրարային համալսարանում եւ խոստացել օգնել բուհից բուհ տեղափոխվելու համար:

Գ.Սաֆարյանն ասաց, թե ուշացումով իմացել է, որ Սերգոն 21 000 դոլար է վերցրել տուժողից, սակայն քանի որ ինքը նոր էր դուրս եկել ազգային անվտանգության մեկուսարանից/ մեկ այլ գործով դատապարտվել է-Ռ.Մ./,շանտաժի եւ այլ զգացողություններից խուսափելու համար, խոստացել է գումարը փակվել: Այդ նպատակով Սամվելին տվել էր նախ 5000 դոլար, քանի որ տեղյակ էր, թե Սամվելը դիմել է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն, որպեսզի նա բողոքը հետ վերցնի: Ապա մի քանի օր հետո տվել էր 1000 դոլար, ոստիկանության դեպոզիտ հաշվին էր փոխանցել եւս 2000 դոլար: Իսկ որպես երաշխիք իր ընկերոջ՝ Էմանուել Իվանյանի 19 000 դոլարանոց բնակարանն է առքուվաճառքից հետո տրամադրել տուժողին: Գ.Սաֆարյանի հաշվարկով՝ 15 000 դոլար պարտքն իր վրա արժեցել է 27 000 դոլար:

Նրան ցուցմունքից հետո հարցաքննեցին պաշտպանը, դատախազն ու դատավորը: Սա տեւեց մինչեւ ժ.13.10: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ արդեն սկսվել էր դահլիճների համար դատավորների հերթեր կանգնելը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031