Այսօր Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Հենարան» ակումբում ամփոփեց տարին: Aravot.am-ը արվեստագետին խնդրեց թվարկել նշանակալի ձեռքբերումները եւ այն խոչընդոտները, որոնց բացակայության պարագայում կարձանագրվեին ավելի մեծ հաջողություններ: Պարոն Բաբայանն ասաց, որ 2001-ը տիկնիկային թատրոնի համար հարուստ էր միջազգային փառատոներին մասնակցություններով եւ տարբեր անվանակարգերում (լավագույն ռեժիսուրա, լավագույն ներկայացում, լավագույն դերասանական անսամբլ եւ այլն) ստացած մրցանակներով: Տիկնիկային թատրոնը մոսկովյան «Ոսկե Դիմակին», Սերբիայում, Հունգարիայում, Ղազախստանում կայացած փառատոներին ներկայացել է հիմնականում չորս՝ Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով», Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթ», «Թեւավորը»՝ ըստ Մարկեսի եւ Գոգոլի «Ակակը» ներկայացումներով:
Մեր զրուցակիցը նշեց, որ որոշ փառատոների չեն մասնակցել տարբեր պատճառներով՝ պատահել է փառատոնի ընդհանուր մակարդակը չի բավարարել իրենց, ժամկետները համընկել են այլ փառատոների հետ կամ էլ ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տվել:
Ռուբեն Բաբայանը խոչընդոտներ, որպես այդպիսին, չի տեսնում, ասում է. «Այդ տեսակետից դժվարանում եմ դժգոհել, որովհետեւ շատ հանդիսատես է գալիս, նույնիսկ այս տարի մենք պատվիրեցինք վաղուց մոռացված ցուցանակ՝ «Բոլոր տոմսերը վաճառված են», որը, իհարկե, հաճելի է, չնայած դժգոհություն է գալիս հանդիսատեսից, թե ոմանց տոմս չի հասել»:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով. «Ամենամեծ պրոբլեմը մի քիչ ուրիշ տեղ է. մեր հասարակությունը արագ տեմպերով գնում է դեպի գավառացում, ինչը զգում ենք յուրաքանչյուր քայլափոխի՝ ե՛ւ սերվիսի պարագայում եւ այն, թե ինչ է մատուցվում հասարակության հետ ամենալայն կապ ունեցող հեռուստաընկերություններով: Կարծում եմ՝ կյանքի բովանդակային գավառացումը վտանգավոր է ոչ միայն արվեստի ասպարեզում, այլեւ գիտության, կրթության եւ ընդհանրապես քաղաքակրթության: Ինչպե՞ս պայքարել դրա դեմ, դա արդեն ուրիշ խոսակցության թեմա է»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ