Երեկ` դեկտեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Վանաձորում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.55-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ ոտքերի մասերում ստացած հրազենային վերքերով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 36-ամյա Արսեն Գևորգյանը, Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչ 46-ամյա Մարտիրոս Ավետիքյանը և Վանաձորի Կարբիշև փողոցի բնակիչ 43-ամյա Գարիկ Մուրադյանը։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի մի քանի քննիչներ՝ քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ:
Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 23.50-ի սահմաններում, անհայտ անձը Դեմիրճյան փողոցի թիվ 1/Բ շենքի մոտ, հրազենից կրակ է արձակել նշված վայրում կայանված` Գ.Մուրադյանի «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 78 ԼՕ 008 համարանիշի ավտոմեքենայի վրա: Այդ պահին «Միցուբիշի Պաջերոյի» մոտ են կանգնած եղել Ա. Գևորգյանը, Մ. Ավետիքյանը և Գ. Մուրադյանը: Նրանք չեն հասցրել նստել ավտոմեքենան, երբ հնչել են կրակոցները: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցներն ուղղված են եղել նրանց ուղղությամբ և դրա արդյունքում նրանք ստացել են հրազենային վնասվածքներ:
Վանաձորցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ Արսեն Գևորգյանը «Բեկո» ՍՊԸ-ի տնօրենն է:
Կարդացեք նաև
Արդեն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 02.40-ին Լոռու մարզի ոստիկանները «Միցուբիշի Պաջերոն», որի վրա եղել են բազմաթիվ կրակոցի հետքեր, հայտնաբերել են Գ. Մուրադյանի տան բակում: Այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժնի տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 34 (հանցափորձ) 104 հոդվածի 2-րդ մասի առաջին կետի (սպանություն երկու կամ ավելի անձանց) հատկանիշներով:
Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է ԱԿՄ տեսակի ինքնաձիգից արձակված 5.45մմ տրամաչափի 12 կրակված պարկուճ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Այս պահին Վանաձոր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունների և ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր ուժեղացված ծառայություն են իրականացնում Վանաձորում: Ստուգում են կասկածելի ավտոմեքենաները: Քիչ առաջ Վանաձորի ոստիկանության բաժին ժամանեց նաև Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Դեպքի վայրից ոստիկանության Վանաձորի բաժնի տուգանային հրապարակ է տեղափոխվել է BMW 40DD777 մակնիշի ավտոմեքենան:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի