«Երևանի ժամացույցի գործարան» ԲԲ ընկերությունը հերքել է վերջին շրջանում ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկությունները, ըստ որոնց` Նարեգ Հարթունյանը հանդիսանում է «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲԸ բաժնետեր և այս քրեական գործը կապված է այդ կազմակերպության հետ: «Տեղեկացնում ենք, որ Նարեգ Հարթունյանը չի հանդիսանում «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲ ընկերության բաժնետեր, իսկ մամուլում ներկայացված քրեական գործը որևէ կապ չունի «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲԸ-ի հետ»,- ասված է գործարանի գլխավոր տնօրեն Նորայր Չրաղյանի այսօր տարածած հաղորդագրության մեջ:
Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն էլ իր հերթին առանձին հաղորդագրությամբ տեղեկացրել է. «Վերջերս ԶԼՄ-ներում որոշ ապատեղեկատվություն է տարածվել, որով նշվում է, որ Նարեգ Հարթունյանը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել, Franck Muller-ն առաջարկ է ներկայացրել, այս քրեական գործը կապված է «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲԸ-ի գործունեության ու Լևոն Մարկոսի հետ և այլն:
Որպես Նարեգ Հարթունյանի ներկայացուցիչ՝ բազմիցս նշել եմ և կրկին անգամ տեղեկացնում եմ, որ Նարեգ Հարթունյանը որևէ առնչություն չունի նրա հորը պատկանած «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ի բաժնեմասերի հետ: Ավելին, հավակնություններ էլ չի կարող ունենալ, քանի որ Նարեգ Հարթունյանի հայրը կտակով իր ողջ ունեցվածքը կտակել է Սարո Հարթունյանին (Նարեգի եղբորը):
Ինչ վերաբերում է «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲԸ-ին, ապա այդ ընկերության 34 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը, հանդիսանում է Սարո Հարթունյանը և ոչ թե Նարեգ Հարթունյանը:
Նարեգ Հարթունյանի հետ կապված քրեական գործը որևէ կապ չունի ինչպես «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲԸ գործունեության հետ, այնպես էլ Լևոն Մարկոսի հետ:
Հանդիսանալով նաև Սարո Հարթունյանի ներկայացուցիչ՝ հարկ եմ համարում նշել, որ Franck Muller ընկերության անունից որևէ առաջարկ չի եղել, ինչպես նաև «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲԸ-ն Franck Muller-ի հետ որևէ կապ չունի»: