Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասական» մասնագետներ՝ պարարվեստի միությանը

Դեկտեմբեր 13,2011 13:57

Մասնագետների համոզմամբ, Հայաստանը կարիք ունի պարարվեստի ակադեմիայի

Պարարվեստի լեգենդին կփոխարինեն կես տարի հետո:

2000թ. Մոսկվայից հայրենիք տեղափոխված ճանաչված խորեոգրաֆ, ՌԴ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը նախաձեռնեց պարարվեստի միության ստեղծումը՝ իր շուրջը համախմբելով հայ պարարվեստի անվանի գործիչների, այդ թվում՝ Թերեզա Գրիգորյանին, Աննա Մարիկյանին, Նադեժդա Դավթյանին, Վիլեն Գալստյանին, Հովհաննես Դիվանյանին եւ այլոց:  Ինչ-ինչ պատճառներով այդ միության կյանքը կարճ տեւեց: Սա իսկապես պրոֆեսիոնալների միություն էր, որոնք ոչ միայն համապատասխան մասնագիտական կրթություն ունեին, այլեւ տարիների բեմական գործունեություն էին ծավալել: Իրավացիորեն այդ ժամանակահատվածում հարց էր բարձրացվում, թե միության աշխատանքներում պետք է ընդգրկված լինեն նաեւ Սփյուռքում գործող մեծաքանակ պարախմբերի ղեկավարները (շուրջ 100): Այս բացը գրեթե ամբողջովին լրացրեց 2001-ին ստեղծված Պարարվեստի գործիչների միությունը, որը մինչեւ իր կյանքի վերջը՝ այս տարվա հոկտեմբերի 5-ը նախագահեց լեգենդար Վանուշ Խանամիրյանը:

Թերեւս հենց Խանամիրյանի անձի շուրջ համախմբվեց ողջ հայ պարային աշխարհը, որի 99%-ը ինքնագործ խմբեր են: Վարպետի կյանքից հետո ակնկալվում էր մի անհատականություն, ով կհամախմբեր ոչ միայն ժողովրդական, այլեւ դասական պարարվեստի գործիչներին: «Առավոտի» տեղեկություններով, նոյեմբերի 25-ին նշանակված էր միության ընդլայնված նիստ, որը պետք է ընտրեր նախագահ՝ հանձին պարարվեստի նվիրյալ Նորայր Մեհրաբյանի: Ինչ-ինչ պատճառներով նիստը հետաձգվել էր եւ կայացավ օրերս: Նշենք, որ «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ պարոն Մեհրաբյանն ասաց, որ շնորհակալ է գործընկերներին վստահության համար, սակայն ինքը հրաժարվել է նախագահելուց՝ «Բարեկամություն» անսամբլում զբաղվածության պատճառով: Մեզ հասած տեղեկություններով, նախագահի պարտականությունները 6 ամիս ժամկետով դրվել է Պարարվեստի գործիչների միության փոխնախագահ, Երեւանի պարարվեստի քոլեջի ստուդիայի վարիչ Գագիկ Մխթարյանի վրա: Վերջինս «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ հաստատեց ասվածը, նաեւ ցանկություն հայտնեց, որ միության կազմում ընդգրկված լինեն  ոչ միայն ժողովրդական, այլեւ դասական պարարվեստի մասնագետներ: Գ. Մխիթարյանը հերքեց այն լուրերը, թե իբր  միության նախագահ շրջանառվում է անվանի պարուհի Սոֆի Դեւոյանի անունը, բայց ասաց, որ որպես նախագահ ինքն ու իր համախոհները տեսնում են քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանին: Վերջինս էլ հայտնեց, թե դեռեւս 1661թ. Փարիզում Լյուդովիկոս 14-րդի հրամանով բացվել է Պարի ակադեմիա, քանի որ, թագավորի կարծիքով, բազում անգրագետներ այդ ժամանակ աղտոտում էին պրոֆեսիոնալ պարարվեստի ոլորտը, հետո էլ մանրամասնեց. «Ի վերջո, պետք է մտածել Երեւանի պարարվեստի ակադեմիայի ստեղծման մասին: Դա այնքան էլ բարդ գործընթաց չէ, քանի որ մեր քոլեջում դասավանդում են հայկական բալետային արվեստի երեւելիները»: Ռեպլիկին, թե Մանկավարժականն ու Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտներն էլ են պատրաստում պարարվեստի մասնագետներ, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Մանկավարժականը պատրաստում է սիրողական խմբերի պարուսույցներ, իսկ թատերականը՝ պարային ռեժիսորներ, մինչդեռ աշխարհի բոլոր առաջնակարգ կոնսերվատորիաներում կան պարային բաժիններ»: Անդրադառնալով որպես միության նախագահ իր անվան շուրջ պտտվող լուրերին, Ա. Գրիգորյանն ասաց. «Տնօրենի աշխատանքս քոլեջում արդեն ծանրաբեռնված է, միայն կուզեի  հենց այսօրվանից Պարարվեստի միության ընտրվելիք նախագահը համալրեր միությունը նաեւ դասական պարարվեստի մասնագետներով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031