«Ագուլիսի բարբառի մասունքներ» ստվարածավալ հատորը մասնագետների եւ ընթերցողի սեղանին է
Հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հումանիտար գիտությունների գծով ՀՀ նախագահի 2010թ. մրցանակակիր Արգամ Այվազյանի աշխատասիրությամբ լույս է տեսել «Ագուլիսի բարբառի մասունքներ» ստվարածավալ հատորը:
– Պարոն Այվազյան, Դուք սովորաբար զբաղվում եք մեր ժողովրդի նյութական մշակույթի խնդիրներով եւ այդ ուղղությամբ հրատարակել եք բազմաթիվ աշխատություններ: Այս հատորը բանասիրական եւ շատ կարեւոր աշխատանք է: Ի՞նչը ստիպեց զբաղվել նաեւ այդ բնագավառով:
– Այդ խնդրով զբաղվել եմ ստիպված: Ինչպես նշել եմ հատորի «Կանխաբանությունում», երկար տարիներ Ագուլիսի բարբառը իմ գիտահետազոտական հետաքրքրասիրության տեսադաշտում է եղել: Մշտապես հույս եմ ունեցել, որ այդ խնդրով զբաղվելու համար հայագիտության ասպարեզում կգտնվեն ավելի ձեռնհաս մասնագետներ, պատկան ինստիտուտներ: Ավա՜ղ… առ այսօր չգտնվեց այդ մասնագետն ու հետազոտողը: Ինչեւէ, կարեւորն այն է, որ բարբառի բառամթերքի փրկված մասի հատորը լույս է տեսել եւ անկասկած այն նպաստելու է հետագա լեզվաբանական ուսումնասիրություններին: Տեղեկացնեմ, որ այս բարբառի բառագանձը հայերենի ամենաքիչ ուսումնասիրվածներից է: Վերջինիս խնդիրներով զբաղվել եւ առանձին լեզվաբանական ուսումնասիրություններ են հրատարակել Սարգիս Սարգսյանը (1883) եւ Հր. Աճառյանը (1935): 2008թ. լույս տեսավ նաեւ Մ. Զաքարյանի Ագուլիսի բարբառին նվիրված բառարանը: Այս հրատարակություններից միայն Ս. Սարգսյանն է իր աշխատությանը առդիր հրատարակել բարբառի բառամթերքի՝ ազգագրական, բանահյուսական, գրական ստեղծագործությունների նմուշներ:
Կարդացեք նաև
Ագուլիսի (կամ զոկական) բարբառը այժմ արդեն հայերենի մեռած բարբառների թվին պետք է դասել, քանզի այդ բարբառով խոսող բնակչությունը 1900-ական թվականներից աստիճանաբար աշխարհասփյուռ է դարձել եւ նոր սերունդներն էլ այդ բարբառով արդեն չեն խոսում: Այնպես որ, Ս. Սարգսյանի աշխատությունում ընդգրկված բառամթերքի հրատարակումից 127 տարի հետո հրատարակված այս հատորը, կարծում եմ, որ կարեւոր ներդրում է հայագիտության համար:
– Խնդրում եմ ներկայացնեք հատորը:
– Այն բավականին ծավալուն է (Ա4 ֆորմատի 616 էջ), բաղկացած է բարբառին նվիրված ծավալուն կանխաբանություն-ուսումնասիրությունից, բարբառի առավել դժվարհասկանալի ավելի քան 1750 բառերի բառարանից, ժողովրդական բանավոր գրականություն, չափածո, արձակ եւ դրամատիկական ստեղծագործություններ բաժիններից եւ հավելվածային նյութերից: Այդ բաժինների տակ դասդասված են բազմաթիվ ազգագրական, բանահյուսական, գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, որոնց մեծ մասը՝ 75-80%-ով տպագրվում են առաջին անգամ: Այսպիսով այն Ագուլիսի բարբառի բառամթերքի ու բառագանձի առաջին եւ ամբողջական հրատարակությունն է, որտեղ տեղ են գտել մինչեւ այդ հատորը հրատարակված բոլոր նյութերը եւս: Բոլոր ստեղծագործությունները ծանոթագրված են, առդիր հրատարակել եմ նաեւ Գողթնի տարազին ու ազգագրությանը վերաբերող 1860-1900-ական թվականների բազմաթիվ փաստավավերագրական լուսանկարներ, որոնք օժանդակ նյութեր են հատորի գրական-գեղարվեստական ստեղծագործությունների գրական կերպարները էլ ավելի պատկերավոր ընկալելու համար:
– Հատորում ընդգրկված հեղինակները ովքե՞ր են:
– Հարկ է նշել, որ Ագուլիսի բարբառով շատ սակավ գրավոր գրականություն է ստեղծվել: Այն էլ՝ 1860-1930-ական թվականներին: Հեղինակները բոլորն էլ գողթնեցիներ են, ովքեր իրենց ստեղծագործությունների մի մասը գրել են բարբառով: Իմ կողմից հավաքած ազգագրական, բանահյուսական նյութերից բացի, հատորը ներառում է բժիշկ, դրամատուրգ, բանաստեղծ եւ նկարիչ Արիստակես (Ռուստամ) Զարգարյանի, բանաստեղծ Հարություն Թումանյանի, հասարակական գործիչ Պետրոս Պետրոսյանի, դերասան, բանաստեղծ Սողոմոն Սողոմոնյանի, բժիշկ Գարեգին Սարգսյանի, ճարտարագետ Եղիշե Ղարիբջանյանի գրական ստեղծագործությունները, լեզվաբան Սարգիս Սարգսյանի, գավառական թղթակից Լեւոն Տեր-Նիկողոսյանի, էներգետիկ Ավետ Մովսիսյանի գրառած, ինչպես եւ մամուլում («Խաթաբալա», «Հայկական աշխարհ», «Զօկի ճրոյգը») հրատարակված նյութերը:
Տարիների իմ հետազոտական աշխատանքները ծավալվել են ինչպես այդ բարբառով խոսող եւ մինչեւ 1988թ. Գողթնի Ցղնա եւ Տանակերտ գյուղերում բնակվող բնակչության, այնպես էլ աշխարհասփյուռ գողթնեցիների շրջանում:
Զրույցը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ