Ֆիզիկայի դասագիրքը բաց դրված էր սեղանին, բայց Սաթենի ուշքն ու միտքը դրսում էր:
Կատվի աչքերով Արթուր անունով երիտասարդն ասում էր.
– Փախչենք:
Սաթենը լուռ էր, բայց մտքում ինքն էլ էր ասում՝ փախչենք:
Փախան:
Սաթենը հարս է, հետո՝ մայր, հետո՝ երկու զավակների մայր, հետո՝ երեք:
Դժվար է ամեն ինչ: Դպրոցում ֆիզիկա առարկան էլ էր դժվար, բայց եթե հնար լիներ, կգերադասեր ֆիզիկա սովորել, քան ամեն օր ճաշ եփել, տասն անգամ վար ու վեր անելով ջուր կրել, ձեռքով լվացք անել, …անվերջ բանել:
Կատվի աչքերով Արթուր անունով ամուսինը մի օր հարբած տուն եկավ, հետո՝ էլի, էլի, էլի:
Մի օր էլ ծեծեց իրեն, հետո՝ էլի, էլի, էլի:
Երեխաները մեծ էին, հասկանում էին, որ «պապան մամային ծեծում ա»:
Մի օր էլ մեծ աղջիկը չդիմացավ, հերթական ծեծի ժամանակ դուրս վազեց, կանչեց հարեւաններին:
Արցունքն աչքերին, ցավից տնքալով՝ հարեւաններին պատմեց իր դարդը: Եվ հարեւանները հասկացան Սաթենի՝ մի քանի օրով անհասկանալի անհետացումները:
– Բաժանվիր:
Սարսափեց:
– Բա երեխե՞քս:
– Բա մեղք չե՞ս:
– Բա երեխե՞քս:
– Բա միշտ ծեծ ուտե՞ս:
– Բա երեխե՞քս…
Սաթենն ապրում էր, ամեն օր ճաշ եփում, տասն անգամ վար ու վեր անելով ջուր կրում, ձեռքով լվացք անում, …ծեծ ուտում:
Բա ֆիզիկան լավ չէ՞ր:
Կատվի աչքերով Արթուր անունով հարբեցող ամուսինը Ռուսաստան է գնում: Սաթենը չգիտի՝ ինչ զգացմունքներ ապրի: Սաթենը չգիտի՝ լավ է, վատ է:
Սաթենի՝ չգիտես դեռ հարբեցող, թե արդեն խելոքացած ամուսինը փող է ուղարկում: Սաթենն էլ ծեծ չի ուտում, բայց հողն է փխրեցնում, ջրում, շիվերն էտում, խաղող մշակում: Գյուղում ասում են՝ Սաթենը տղամարդ է դարձել:
Սաթենը ծերացել է, արեւը դեմքն է խանձել, ձեռքերն են կոշտացել:
Ի՞նչը փոխվեց:
ՀԱՍՄԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ
Հ. Գ. Հերոսների անունները փոխված են: