Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրիզմը՝ որպես ուղիղ ճանապարհ

Դեկտեմբեր 13,2011 13:41

Օրերս մեկնարկեց «Բուհ-գործատու համագործակցություն. կրթության արդիականացումը որակյալ մասնագետների պատրաստման նպատակով» կլոր սեղանների շարքը: Ծրագիրը նախաձեռնել են Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կարիերայի կենտրոնը եւ «Միջազգային տուրիզմ» գիտաուսումնական կենտրոնը: Կլոր սեղաններին ներկա էին տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ, Հայաստանի տուրօպերատորների միության անդամներ եւ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Կլոր սեղանների նպատակն է միասնական ջանքերով զարկ տալ տուրիզմի զարգացմանը Հայաստանում: 2001թ.-ին Հայաստան է այցելել 162.000 զբոսաշրջիկ, այս տարի ակնկալվում է 800.000: Վերջին ճգնաժամի տարիներին Հայաստանը տվյալ ոլորտում գրանցել է 4 տոկոս աճ, եւ գալիք տարի նախատեսվում է 13-16 տոկոս աճ: Ա. Պետրոսյանի խոսքով, սակայն, ոլորտը վտանգվում է որակյալ կադրերի բացակայության պատճառով: Հայաստանն ունի լուրջ պոտենցիալ՝ տուրիզմի համաշխարհային կենտրոն դառնալու համար, սակայն առայժմ մենք ունենք աշխարհին ճիշտ ներկայանալու խնդիր: Փոխնախարարի ասելով՝ այժմ վարվում է պետական քաղաքականություն այս ոլորտի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար. «Քանի որ մեր սպառողը Եվրոպան է, մեր խնդիրն է հասնել նրանց չափորոշիչներին: Մենք այդ ճանապարհին ենք»: Կլոր սեղանների շարքը բացառիկ հնարավորություն է ոլորտի զարգացմանը նպաստող տարբեր կառույցների համախմբման, խնդիրների բարձրաձայնման եւ լուծման տարբերակներ գտնելու համար»: Մասնակիցների համոզմամբ, տուրիզմի զարգացման գործում պակաս մեծ չէ նաեւ Հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը: «Հայոց եկեղեցին, իր հոգեւոր առաքելությունից բացի, ստանձնել է այլ գործառույթներ եւս. այն ընդունում է հազարավոր զբոսաշրջիկների»,- փաստեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: Իսկ այն հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞, որ այս «երկրորդ» գործառույթը սկսի խանգարել հիմնականի իրականացմանը, հայր սուրբն ասաց, որ դա ամենեւին չի կարող շեղել եկեղեցուն: «Մայր աթոռը հանդիսանում է նաեւ գործատու: Հոգեւոր թանգարաններում պատրաստվում եւ գործի են անցնում տուրիզմի ոլորտի բազմաթիվ շրջանավարտներ»,- հավելեց տեր Ասողիկը: Զեկույցով հանդես եկավ նաեւ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) «Միջազգային տուրիզմ» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Մարինե Հայրապետյանը: Զեկույցի թեման էր՝ «Զբոսաշրջության ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումը ԵՊԼՀ-ում»: Զեկուցեցին նաեւ այլ մասնակիցներ, որոնցում արծարծեցին կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներ:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնը ուսանողներին նաեւ առաջարկեց՝ կամավորական սկզբունքով իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ Հայաստանի մշակույթը զբոսաշրջիկներին ներկայացնելու գործում:

ԷՄՄԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031