«Առավոտի» տեխնիկական վրիպումը աղմուկի, անհանգստության եւ թյուրիմացության առիթ է դարձել, սակայն բարձրացրած հարցերի սրությունն ու ցավալիությունը մնում են:
«Առավոտի» դեկտեմբերի 9-ի համարում տպագրված «Մարզպետական ընդունելություններ» հրապարակման մեջ գրել էինք, որ ՀՀ մարզպետներին դիմող քաղաքացիների մեծամասնությունը դրամական օգնություն է խնդրում ու ստանում, եւ պետական բյուջեի գումարներով քաղաքացիներին օգնող մարզպետները նույն պետբյուջեի մանրամասներից անտեղյակ քաղաքացու աչքին լավամարդ են երեւում պետության հաշվին: Նյութում սպրդել է անճշտություն: ՀՀ մարզպետարանների նորացված, թարմացված եւ համալրված կայքերում քաղաքացիների ընդունելության մասին տեղեկատվությունն ու ամփոփ վիճակագրությունը ներկայացված է մարզպետարանի գործունեության մասին լրահոսից առանձին, ինչը վրիպել էր մեր աչքից: Այս տեխնիկական վրիպման արդյունքում գրել էինք, որ Շիրակի, Արմավիրի մարզպետները քաղաքացիների ընդունելություններ չեն ունենում:
Հոդվածին արձագանքել են ոչ միայն Շիրակն ու Արմավիրը, այլ գրեթե բոլոր 10 մարզպետարանները: Շիրակի մարզպետարանից, օրինակ, ասացին, որ մարզպետ Աշոտ Գիզիրյանը ոչ միայն տեղում՝ Գյումրիում է մարդկանց ընդունել, այլ ինքը գնացել է մարզի այլ բնակավայրեր ու հանդիպումներ ունեցել: Մարզպետարանից ու մարզկենտրոնից դուրս մարդկանց հետ հանդիպում են նաեւ այլ մարզպետներ: Արագածոտնը, Վայոց ձորը, Արարատը դժգոհ են, որ չեմ ներկայացրել մարզպետի բոլոր ընդունելությունները եւ այսպես շարունակ:
Անկեղծորեն ցավում եմ թյուրիմացության եւ դրա հետեւանք անհանգստության համար: Նյութին արձագանքած մարզպետարաններից երկուսի երեք պաշտոնյաների թափանցիկ ակնարկներին, թե այստեղ դիտավորություն կա, պատասխանում եմ, որ ՀՀ 10 մարզպետներից ոչ մեկը իմ կամ իմ ընտանիքի անձնական ու ոխերիմ թշնամին չի, մասնագիտական հարթությունում հզոր հակառակորդ չի ու նյութում դիտավորություն չկա եւ չի կարող լինել: Տեղի ունեցածը որքան էլ տհաճ, այնքան էլ սովորական թյուրիմացություն է: «Մարզպետական ընդունելություններ» հրապարակման անճշտության թեման այսքանով համարում եմ փակված:
Այլ հարց կա, որը չբարձրացրեց «Մարզպետական ընդունելություններ» հրապարակումից դժգոհ եւ մեզ զանգահարած եւ ոչ մի պաշտոնյա, իսկ այդ առթիվ մեր հիշեցմանը՝ համաձայնեց: «Մարզպետական ընդունելություններ» նյութում, հենվելով պաշտոնական տեղեկությունների վրա, ցույց էինք տվել, որ մարզերում ապրող մեր քաղաքացիների մեծամասնության համար մարզպետը գործադիր իշխանության կրող չէ: Մարդ է, ումից կարելի է դրամական օգնություն ստանալ ու սոցիալական որեւէ խնդիր լուծել՝ առողջապահություն, ձմռան վառելիք, երեխայի ուսման վարձ եւ այլն: Կարեւորը՝ թե «Մարզպետական ընդունելություններ» նյութի հրապարակումից առաջ, թե հետո, թե հիմա այս ցավալի իրողությունն է. մարդիկ մարզպետից փող են ուզում, իսկ եթե խնդիր ունեն ու իշխանության ներկայացուցչի հանդիպել են ուզում՝ գալիս են մայրաքաղաք, երբեմն՝ ողջ գյուղով: Երբեմն մայրաքաղաք գալու փոխարեն մարզը մայրաքաղաքին կապող ճանապարհն են փակում, որ «մայրաքաղաքը» գնա իրենց մոտ: Օրինակներ՝ որքան ուզեք. «Աստղաձորցին ի՞նչ անի. հերթական գյուղը՝ ընդդեմ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների»՝ «Առավոտ», 11 հունիսի 2010՝ , «Ինչ է թաքցնում Երվանդ Զախարյանի ժպիտը», «Առավոտ», 25 հունիսի 2010, եւ այլն: Ընդունելով մեր իսկ տեխնիկական վրիպումը, փաստեմ, որ դրանից նյութում բարձրացրած հարցը չի աղավաղվել. բոլոր մարզպետներն էլ քաղաքացիների ընդունում են, նաեւ արտագնա, բայց մեկ է՝ մարզպետը մեծամասնության համար միայն փող ուզելու «թիրախ» է, ոչ փողային բողոքներով մարդիկ նախընտրում են Երեւան գալ:
Հիշատակված նյութերում նկատել էի. եթե գյուղերը գյուղապետի գլխավորությամբ իրենց խնդիրներով պետք է հասնեն Երեւան՝ էլ ինչո՞ւ է պետությունը միլիոնավոր դրամներ ծախսում եւ մարզպետարաններ պահում: Հարցն իր արդիականությունը չի կորցրել մեր տեխնիկական վրիպման, դրա բերած թյուրիմացության, աղմուկի ու անհանգստության, դրա վերաբերյալ բոլոր հարցերը պարզաբանելուց հետո էլ:
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ