Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հին Էրիվանին» «շրջափակել» են

Դեկտեմբեր 13,2011 12:49

Ընկերության տնօրինությունը ոչ աշխատակիցների աշխատավարձերն է կարողանում վճարել, ոչ էլ՝ պետական հարկուտուրքերը:

6-րդ վարչություն, հարկային ստուգումներ, գույքի եւ բանկային հաշիվների արգելափակում: Երկու տնտեսվարողների՝ «Հին Էրիվան հոլդինգի» եւ «Յունիբանկի» միջեւ ամիսներ առաջ ծագած եւ ներկայումս դատարանում գտնվող տնտեսական վեճը հասել է նրան, որ այսօր «Հին Էրիվանը» չի կարողանում Ամանորի այս նախաշեմին ո՛չ աշխատողների աշխատավարձերը, ո՛չ էլ պետության հարկերը վճարել: Բանն այն է, որ «Յունիբանկի» պահանջով ընկերության ողջ գույքի եւ բանկային հաշիվների վրա արգելանք է դրված: Եթե այսպես շարունակվի՝ «Հին Էրիվանը» կգնա սնանկության, ինչն էլ, հոլդինգի տնօրեն Մանվել Տեր-Առաքելյանի համոզմամբ, «Յունիբանկի» ղեկավարության նպատակն է:

Նշենք, որ բանկի տնօրինությունը պնդում է, որ «Հին Էրիվանը», որպես վարկառու, ժամանակին եւ պարտաճանաչ չի կատարել իր պարտավորությունները, ինչի համար հայտնվել է բանկի անպարտաճանաչ հաճախորդների «սեւ ցուցակում», հոլդինգի ղեկավարն էլ վստահեցնում է, որ «Յունիբանկն» ուղղակի «իրենց գլխին սարքում» է:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե մեր երկրում, սովորաբար, այսպես են վարվում, երբ «վերեւներից» ինչ-որ մեկն աչք է դնում որեւէ գործարարի բիզնեսին եւ եթե ամիսներ առաջ շոշափվում էր նախագահի աշխատակազմի մի բարձրաստիճան պաշտոնյայի անուն, որը հավակնում է «Հին Էրիվանին», ապա այսօր մամուլում նոր անուններ են շրջանառվում, մասնավորապես՝ ՀՀ նախագահի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անունը, հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը նկատեց. «Առաջին անգամ եմ լսում այդ անունը: Ես շատ բարիդրացիական հարաբերություններ ունեմ ՀՀ նախագահի եւ առհասարակ՝ Սարգսյաններ ընտանիքի հետ եւ չեմ կարծում, որ նման բան լինի»:

Այդուհանդերձ՝ հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն արդեն ոչ մի կասկած չունի, որ դասական «խլոցիի» տարբերակն է գործի դրվել: Նա էլ է հասկացել, որ տեսադաշտում նոր մարդիկ են ի հայտ եկել, որոնք ավելի հզոր «մեխանիզմներով» են պայքարում՝ «Հին Էրիվանը» դեպի սնանկացման տանելու:

Գործարարի խոսքերով. ««Յունիբանկի» տնօրեն Վարդան Աթայանի գործողություններից ակնհայտ երեւում է, որ հովանավորի ենթատեքստ է փոխվել, եւ եթե մինչ այդ գոնե փաստաբանի միջոցով, որոշ չափով լինում էր նրա հետ խոսել, հիմա ընդհանրապես մոտիկ չի գալիս ոչ մի հարցի, եւ ինքն իրեն ավելի շատ ինքնավստահ է զգում, որ անպատժելի է, իսկ անպատժելիությունը նա կարող է զգալ միմիայն շատ ամուր հովանավորի պարագայում, հակառակ դեպքում՝ գոնե ինչ-որ արձագանք կլիներ մի քանի օր առաջ ընդդեմ «Յունիբանկի» մեր կազմակերպած բողոքի ակցիային: Մինչդեռ բանկն անգամ հաղորդագրությամբ հանդես չեկավ, անգամ ինձ չհերքեցին ոչ մի կետով, ինչը եւս փաստում է, որ մենք բռնել ենք արդարության ճանապարհը: Չեմ կարող ասել՝ ով է բանկի այդ նոր հովանավորը, քանի որ մինչ այդ ես գիտեի, թե իրականում ով է կանգնած Վարդան Աթայանի հետեւում»:

Մ. Տեր-Առաքելյանի խոսքերով, բանկի փաստաբանները միտումնավոր ձգձգում են դատական գործընթացը, որպեսզի հոլդինգի՝ բանկին վճարելիք տոկոսները գնալով մեծանան եւ ընկերությունը, իսկապես, ի վիճակի չլինի այդ ամենի տակից դուրս գալու. «Տեղեկություններ ունենք, որ նրանց փաստաբանները նոր դատական հայցով մտել են դատարան՝ նախորդ վճիռն ավելի ամրագրելու: Նրանք հասել են նրան, որ փակել են «Հին Էրիվանի» դրամարկղը, ֆինանսական հաշիվները, եւ այսօր մենք չենք կարողանում մեր աշխատողներին աշխատավարձ տալ, էլ չեմ խոսում պետության հարկերի մասին: Սխալը գալիս է նրանից, որ եթե 2 տնտեսվարող սուբյեկտ իրար հետ վեճ ունեն, պետության շահը պետք է լինի գերակա, առաջին հերթին պետք է վճարվի պետության հարկերը, հետո միայն կարողանան սուբյեկտներն իրենց ունեցած ֆինանսատնտեսական հարցերը լուծել: Այս առումով ուզում եմ փաստել, որ անգամ 1000 դրամ մենք չենք կարողանում պետական հարկ վճարել: Մեզ շրջափակել են եւ շրջափակել են շատ ամուր ու տնական ձեւով, որ մենք ոչ մի ելք չկարողանանք գտնել, որպեսզի պետությանը գոնե պարտք չմնանք: Հենց սա էլ ապացույցն է, որ ի սկզբանե էլ Վարդան Աթայանը գնացել է շենքին տիրանալու ճանապարհով»:

Մանվել Տեր-Առաքելյանն ասաց, որ այսօր էլ պատրաստ են բանկի գումարներն ամբողջությամբ վճարել, քանի որ որոշ կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել «Հին Էրիվանին» վերաֆինանսավորել, սակայն, ըստ նրա, «Յունիբանկը» ոչ մի զիջման չի գնում. «Եվ զիջման գնալու կարիք էլ չկա, քանի որ զիջում են այն դեպքում, երբ դիմացինդ սխալ է կատարում եւ ներողամտություն է հայցում, մենք սխալ չենք գործել եւ չենք ցանկանում իրենց ներողամտությունը, մենք պահանջում ենք արդարություն եւ պարտավորվում ենք 1 աշխատանքային օրվա ընթացքում վճարել ողջ գումարը»:

Նկատենք, որ 2 տնտեսվարողների վեճը սկսվել է նրանից, որ «Յունիբանկի» եւ «Հին Էրիվանի» միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, ըստ որի՝ տրամադրված մայր գումարն ու բանկային տոկոսների մարումը պետք է սկսվեր 2 տարի անց: Սակայն բանկը գումարի մարման ժամանակացույցի 2 տարբերակ է ուղարկել «Հին Էրիվանին»՝ մեկը՝ որով պարտքը պետք է մարվեր համեմատաբար կարճ ժամկետում, մյուսով՝ առավել երկար: Մ. Տեր-Առաքելյանն ընտրել է 2-րդ՝ երկարաժամկետ մարման տարբերակը: Սկզբում, ինչպես պարոն Տեր-Առաքելյանն է պատմում, սխալմամբ ստորագրվել է առաջին տարբերակը, հետո, երբ բանկն ինքն է նկատել, որ հաճախորդի նախընտրած տարբերակը չէ, կրկին իր ներկայացուցիչներին ուղարկել է «Հին Էրիվանի» տնօրենի մոտ՝ համաձայնագրի 2-րդ օրինակը ստորագրելու համար: Այսինքն՝ այն պահից սկսած, երբ ուժի մեջ է մտել 2-րդ պայմանագիրը, առաջինը ուժը կորցրած է համարվել: Երբ եկել է պարտքի մարման ժամկետը, բանկը տնտեսվարողի հաշվից քաշել է ճիշտ այնքան գումար, որքան ամրագրված է եղել 2-րդ պայմանագրով: Այդ գումարը գանձելուց հետո «Հին Էրիվանի» հաշվին լրացուցիչ գումար էլ է եղել, սակայն բանկը վերցրել է միայն իր հասանելիքը՝ ոչ ավել, ոչ պակաս: Սակայն ավելի ուշ, երբ Մ. Տեր-Առաքելյանը մեկ այլ բանկից առավել շահավետ պայմաններով առաջարկ է ստացել եւ ցանկացել է մարել «Յունիբանկի» ողջ պարտքն ու տեղափոխվել, բանկի ղեկավարությունը, չգիտես ինչու, գործածության մեջ է դրել առաջին պայմանագիրը եւ «Հին Էրիվան» ընկերությանը բռնագանձման թուղթ է ուղարկել՝ պատճառաբանելով, որ հոլդինգը պարտավորությունները չի կատարել եւ չի վճարել նախատեսված գումարը, ինչի պատճառով էլ տույժ ու տուգանքների է ենթարկվելու:

«Յունիբանկի» տնօրենն անգամ դիմել էր ոստիկանության 6-րդ վարչություն՝ փաստելով, որ Մանվել Տեր-Առաքելյանը կեղծել է բանկի կնիքն ու իր ստորագրությունը: Սակայն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը պարզել էր, որ 2-րդ համաձայնագրում ոչ կնիքն է կեղծված, ոչ էլ ստորագրությունը:

Ինչ վերաբերում է «Յունիբանկի» դիրքորոշմանն այս հարցում, ապա բանկի տնօրեն Վարդան Աթայանը «Առավոտի» հետ զրույցում մի առիթով ասել էր. «Յունիբանկի միակ նպատակը վարկային պայմանագրերի շրջանակներում տրամադրված դրամական միջոցների վերադարձն է, ինչին էլ բանկը հետամուտ է լինելու օրենքի շրջանակներում»:

Սակայն, թե այդ որ օրենքով է ուժը կորցրած առաջին պայմանագիրը շրջանառության մեջ դրվում, անգամ իրավաբանները ոչ մի կերպ գլուխ չեն հանում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031