Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը հաշվետվության է պատրաստվում

Դեկտեմբեր 13,2011 12:35

Հրայր Թովմասյանը ԱՆ առանձին ոլորտներում՝ ներքին կառուցվածքի, մենեջմենտի, ԶԱԳՍ-երի ու նոտարիատի ոլորտներում իրականացված բարեփոխումների առաջին փուլը 5 բալանոց համակարգի դեպքում 4 է գնահատում:

Դեկտեմբերի 17-ին ՀՀ արդարադատության նախարարը հանդես է գալու տարեկան հաշվետվությամբ: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ինքը՝ նախարար Հրայր Թովմասյանը: Հիշեցնենք, որ նա ճիշտ մեկ տարի առաջ այդ օրն է ՀՀ նախագահի հրամանագրով նախարար նշանակվել:

Այս գերատեսչությունը ներառում է մի քանի առանձին ոլորտներ կամ համակարգեր, որոնց գործունեությունից մեր հասարակությունը շատ որոշակի դժգոհություններ ունի, ու նաեւ որտեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը՝ քրեակատարողական հիմնարկներ, դատարաններ, ԶԱԳՍ, նոտարիատ, ԴԱՀԿ ծառայություն եւ այլն: Ի՞նչ է հաջողվել անել այդ ոլորտներում անցած մեկ տարվա ընթացքում: Հայտնի է, որ նախարարն իր պաշտոնավարության հենց սկզբում սկսեց ակտիվորեն զբաղվել նոտարներով: Բայց արդյոք հենց ա՞յդ ոլորտն էր, որ բարեփոխումների ամենաշատ կարիքն ուներ:

Թովմասյանը մեր հարցին ի պատասխան՝ նախարարության առանձին ոլորտներում իրականացված բարեփոխումները գնահատեց որպես լավ, գնահատման 5 բալանոց համակարգի պայմաններում՝ 4, հավելելով, թե կան նաեւ ոլորտներ, որոնց բարեփոխումն օրենսդրական փոփոխություններ է ենթադրում: Իսկ թե ինչո՞ւ սկսեց հենց նոտարիատից, ապա, նրա մատուցմամբ, ինքը՝ որպես նախարար, իր համար առաջնահերթություններ նշելիս նկատի է ունեցել ոչ այնքան դրանց կարեւորության աստիճանը, որքան իր ռեսուրսների հաշվարկը՝ որտե՞ղ է, որ ավելի նվազ ռեսուրսով կարելի է արդյունքի հասնել, եւ որո՞նք են այն ոլորտները, որոնց գործունեությունը հասարակության լայն շերտերի վրա կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ: Որպես բարեփոխման թիրախ՝ նա նախ նշեց դատաիրավական համակարգը, քրեակատարողական հիմնարկները: Բայց, նախարարի մատուցմամբ, այս ոլորտներում բարեփոխումները միայն իրենից չեն կախված, դա ենթադրում է նաեւ օրենսդրական փոփոխություններ, որոնք ինքնին դեռ չեն նշանակում, որ կստացվի այն արդյունքը, որն ակնկալվում է: Դրա համար, ըստ նախարարի, ժամանակ է պետք: «Ավելին, այստեղ խնդիրները բազմաշերտ են, եւ դու կարող ես խնդիրների մի շերտը վերացնել, բայց բուն նպատակին չհասնել: Ինչո՞ւ սկսեցի նոտարիատից եւ ԶԱԳՍ-երից, որովհետեւ ինձ համար որոշեցի, որ առաջին փուլում այս երկուսն են, որ ուղղակիորեն ինձանից են կախված, եւ մարդկանց ամենամեծ խումբն է, որ շփվում է ԶԱԳՍ-երի եւ նոտարների հետ: Փորձեցի սկսել հենց նրանցից, որովհետեւ կար այդ ոլորտներից դժգոհողների կրիտիկական զանգված: Փոփոխությունները, փառք Աստծո, իրենց դրական արդյունքները տվել են: Այն, ինչ կա, իմ երազած կամ իմ պատկերացրած նոտարիատը չէ, որովհետեւ ես նոտարիատն ավելի հզոր եմ պատկերացնում՝ իրական լատինական նոտարիատ, որտեղ նոտարիատը կաջակցի դատական իշխանությանը եւ գործարար շրջանառության մեջ շատ ավելի դերակատարություն կունենա, քան այն հանրային պատկերացումը, թե նոտարիատը ինչ-որ բաներ ընդամենը հաստատող կառույց է»,- ասաց Թովմասյանը՝ շեշտելով, թե հիմա գոնե որոշ խնդիրներ՝ սկսած հերթերից, սակագների անորոշությունից մինչեւ ծառայությունների դիմաց կտրոններ չտրամադրելն ու նոտարիատի ձեւավորման ընթացակարգերը, մենեջմենտն ու վերահսկողական մեխանիզմները, լուծված են: «Փառք Աստծո, այսօր այդքան մեծ հերթեր չկան, որովհետեւ եթե նախկինում մեկ-երկու գրասենյակ էր ժառանգության գործ անում, ապա այսօր բոլորը կարող են դա անել, հստակ եւ ողջամիտ սակագները փակցված են գրասենյակներում, մարդիկ կարող են ՀԴՄ ստանալ եւ այլն: Երկրորդը նոտարների քննություններն էին: Նախկինում նոտարի քննություններին կարող էր մասնակցել բացառապես նոտարի մոտ ստաժավորում անցած անձը, իսկ նոտարը, իր իրավունքն էր, կուզեր՝ ստաժոր կվերցներ, կուզեր՝ չէր վերցնի, եւ ստացվում էր, որ պետությունը կախվածության մեջ է նոտարից՝ նա կունենա՞ր քննությանը մասնակցող թեկնածու, թե՞ ոչ: Փոփոխություններ կատարվեցին նաեւ այդտեղ, եւ այդ իմաստով որոշակի դռներ բացվեցին. ասենք՝ 5 տարվա մասնագիտական ստաժ ունեցող, 6 ամիս ստաժավորում անցածը եւ 3 ամիս ստաժավորում անցած, բայց 3 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք կարող են մասնակցել այդ որակավորման քննությանը:

Իհարկե, սա առաջին փուլի բարեփոխումներն էին: Երկրորդ փուլը կսկսվի արդեն օրենսդրական փաթեթի գործողության մեջ մտնելուց հետո: Փաթեթն արդեն պատրաստ է: Դրա արդյունքում նոտարները շատ ավելի լայն լիազորություններ կունենան՝ պայմանագրերի վավերացման, դրանց օրինականության նկատմամբ հսկողության, ընդհուպ մինչեւ դրանց կատարման իմաստով: Նույնը վերաբերում է նաեւ ԶԱԳՍ-երին, որտեղ անորոշություններ կային՝ թե՛ ժամկետների, թե՛ ավելորդ տեղեկանքներ պահանջելու առումով, որոնք բյուրոկրատական քաշքշուկներ էին ստեղծում»:

Անդրադառնալով ՔԿՀ-ներին՝ նախարարն ասաց, թե այս ոլորտում վիճակը եթե վատ էլ չէ, ապա առանց լուրջ ֆինանսական միջոցների դժվար է այնտեղ բարեփոխումներ անել, որոնք կբերեն ցանկալի նպատակին: Նախարարի ասելով՝ իրական բարեփոխումների հասնելու համար անհրաժեշտ է ունենալ խցային տիպի ՔԿՀ-ներ, որտեղ կալանավորների՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում մահ հասցրած անձի ու սպանության, գողության կամ խարդախության մեջ մեղադրված անձանց շփումը, ըստ էության, կզրոյացվի: Հակառակ դեպքում այդ երկու տիպի կալանավորներին միեւնույն խցում 24 ժամ պահելու արդյունքում համակարգը առաջիններին ոչ թե ուղղում կամ վերադաստիարակում է, այլ հանցագործ է արտադրում: «Այսօր ՀՀ-ում գործող, բացի, թերեւս, «Նուբարաշենի» ՔԿՀ-ի որոշ խցերից, մյուս դեպքերում մենք ունենք կազարմային տիպի խցեր, որտեղ պահվում են 5-15 հոգի: Այդ խնդիրը լուծելու նպատակով որոշակի ջանքեր գործադրվեցին նոր ՔԿՀ-ներ կառուցելու ուղղությամբ, ինչը կլուծի հարցերի 90 տոկոսը: Սա առաջին քայլը կլինի, որ հնարավոր է անել է ՔԿՀ-ում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին: Դրան պիտի շարունակելու գան հաջորդները. մենք նման 3-4 կամ առնվազն 2 ՔԿՀ պիտի ունենանք»: ՔԿՀ-ներում բազմաշերտ խնդիրները թվարկելիս նախարարը կառավարումից հասավ մինչեւ կալանավորների կողմից բջջային հեռախոս պահելուն: Նրա մատուցմամբ՝ այդ հարցը ոչ մի կերպ լուծել չէր հաջողվում. դրանք հայտնաբերվում, առգրավվում էին, բայց որոշ ժամանակ անց կրկին հայտնվում կալանավորի ձեռքին: «Մենք գնացինք ավելի կտրուկ ճանապարհով. «Նուբարաշենում» եւ «Կոշում» տեղադրեցինք խլացուցիչներ, եւ հեռախոսներն այնտեղ պարզապես չեն աշխատում: Ես կողմնակից եմ խնդիրները լուծելու նման կարգին, այլ ոչ թե հսկելուն, բռնելուն, պատժելուն եւ այլն»,- ասաց նախարարը: Նա վստահեցրեց, թե ոլորտում խնդիրներն աստիճանաբար լուծվում են, բայց դրանք իր նվազագույն սպասելիքներն են, առավել եւս, որ այդ ոլորտում մեծ եւ արագ փոփոխություններ ակնկալել պետք չէ:

«Շարունակում են ավելի բարդ մնալ դատական իշխանության համակարգի խնդիրները: Մեր հասարակության 82 տոկոսից ավելին անվստահություն ունի դատական իշխանության նկատմամբ, ինչը ես կրիտիկական եմ համարում»,- նկատեց նախարարը: Նա էլ էր համաձայն, թե՝ երկրի գլխավոր թշնամին կոռուպցիան է, բայցեւ հավելեց, որ այն հնարավոր չէ վերացնել առանց դատական իշխանության կայացման: «Սա են ասում նաեւ միջազգային փորձագետները: Բայց տարբերակին՝ բոլորին կախենք, գնդակահարենք, թացն ու չորը խառնենք, նոր մարդկանց բերենք, ես կողմնակից չեմ, որովհետեւ դատական իշխանության համակարգում կան շատ ազնիվ մարդիկ: Իհարկե, եթե կան մարդիկ, ովքեր իրենց մտածողությամբ, վարքագծով անհամատեղելի են դատավորի պաշտոնի հետ, ապա պետք է գտնել մեխանիզմներ՝ նրանց այնտեղից դուրս հանելու համար»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031