Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միայն աշխատասենյակն է փոխվել»

Դեկտեմբեր 13,2011 12:30

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունում է, որ փոխվել է պատասխանատվության չափը

– Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) որոշումը՝ իրեն դիմած հայաստանյան չորս կուսակցություններից երեքին ընդգրկել դիտորդի կարգավիճակում, մի փոքր զարմանալի է, քանի որ նաեւ ԲՀԿ-ն էր դիմել եւ պակաս վատ ծրագիր չէր ներկայացրել, ինչո՞ւ ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին եւ «Ժառանգությանը» միայն ընտրեցին:

– Քաղաքական պրակտիկայում ես որդեգրել եմ այնպիսի սկզբունք, որ ձեռնպահ եմ մնում այլ կուսակցությունների ծրագրերի եւ քայլերի շուրջ մեկնաբանություններից, ես կարող եմ խոսել միայն մեր կուսակցությունից եւ ասեմ, որ ԵԺԿ-ին դիտորդի կարգավիճակով մեր անդամակցությունը բավականին կարեւոր քայլ էր, եւ ԵԺԿ նախագահը իր ողջույնի խոսքում նշեց, որ ՀՀ նախագահն իր վարած քաղաքականությամբ նպաստում է խաղաղ ժողովրդավարության կայացմանը: Ավելին, նաեւ բարձր գնահատեց կուսակցության եւ նախագահի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը եւ նշեց, որ Հայաստանը գործոն է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ եվրոպական: Սա լուրջ ձեռքբերում է եւ նախագահի նախաձեռնող քաղաքականության կարեւորագույն արդյունքներից մեկն է: Հանրապետական կուսակցությունն է այսօր ժողովրդավարական գործընթացների լոկոմոտիվը, անցած քսան տարիներին ժողովրդավարության առաջատարի դերը եղել է կամ ընդդիմադիր ուժերինը, կամ գործիչներինը, այս դեպքում ԵԺԿ նախագահի բնորոշմամբ՝ ՀՀԿ-ն է ստանձնել այդ դերը եւ ՀՀ նախագահը: Սա ոչ միայն ՀՀԿ-ի, ոչ միայն Հայաստանի Հանրապետության նախագահի, այլեւ մեր պետության եւ մեր հասարակության հաջողությունն է:

– Վերջին շրջանում միջազգային կառույցները կարծես պակաս են քննադատում կամ չեն քննադատում մեր երկրի իշխանություններին. արդյոք այս «լավ» վերաբերմունքի տակ ինչ-որ ներքին պայմանավորվածություն չկա՞ թաքնված, ուրեմն՝ ինչի՞ համար են դարձել միջազգայինները այսքան բարի, արդյոք «սիրուն աչքերի՞» համար:

– Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում Հայաստանը դարձել է գործոն՝ շնորհիվ մեր երկրի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության: Մենք շատ ենք սերտացրել հարաբերությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր հինգ անդամների հետ. հիշեցնեմ, որ առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ նախագահի պետական այցը ՌԴ, իսկ ՌԴ-ն մեր երկրի տնտեսական եւ ռազմավարական գործընկերն է: Հետաքրքիր է, որ վարելով մեր բոլոր գործընկերների հետ հավասարակշիռ քաղաքականություն՝ մենք կարողանում ենք իրականացնել հատկապես հայաստանակենտրոն քաղաքականություն: Հարկ է հիշել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստանի Հանրապետություն. տարածաշրջանում գտնվելով՝ Ֆրանսիայի նախագահը շատ ավելի արդյունավետ եւ շատ ավելի ջերմ շփումներ ունեցավ մեր երկրում, եւ այստեղ հնչեցրած նրա հայտարարությունները եւ ապա՝ խոսքը գործի վերածելու փաստերը ապացուցում են, որ Ֆրանսիան բավականին բարձր է գնահատում նախագահ Սարգսյանին եւ նրա կողմից իրականացվող քաղաքականությունը: Իսկ ինչ վերաբերում է «սիրուն աչքերին», ուզում եմ ասել, որ սիրուն աչքերի համար գերտերությունների ղեկավարները նման լուրջ հայտարարություններ չեն անում: Ի դեպ, Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները եւ կոչերը՝ ուղղված Թուրքիային՝ ճանաչել եւ դատապարտել Ցեղասպանությունը, մի լրացուցիչ պատասխան էին բոլոր նրանց, ովքեր առիթով կամ անառիթ հայտնում են, թե նախագահ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում կարող է մոռացվել եւ փակուղի մտնել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը: Ինչպես տեսնում ենք, եղավ հակառակը, եւ այսօր Ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր փուլ մտավ: Մի ուրիշ կարեւոր իրողության մասին եւս հարկ եմ համարում շեշտել. այսօր տեսնում ենք, որ աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղիով, եւ արդեն աստիճանաբար այս խնդիրը դառնում է ընդունելի բոլորի կողմից, եւ պատահական չէ, որ արդեն ՄԱԿ-ի անդամ է դարձել նաեւ Հարավային Սուդանը, իսկ ՀՀ-ն առաջինն էր, որ ճանաչեց այդ պետությունը: Ի դեպ, նշեմ նաեւ, որ ընդամենը մի քանի օր առաջ նշեցինք ԼՂՀ անկախության քսանամյակը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս, եւ նկատի պետք է ունենալ, որ այսօր առանց ԼՂՀ ժողովրդի ազատ կամքի չի կարող լուծվել այս անկախ հանրապետությանը եւ նրա ժողովրդին վերաբերող որեւէ հարց: Ի վերջո, արդեն կարծես բոլորն են հասկացել, որ ԼՂՀ ժողովրդի եւ ԼՂՀ անկախությունը չունի այլընտրանք:

Ըստ էության, այս ընթացքում բոլորը տեսան, եւ այլեւս անառարկելի է, որ հայ-թուրքական հարաբերություններում մեր երկիրը որդեգրել է կառուցողական եւ սառնասիրտ քաղաքականություն, իսկ Թուրքիան իր ապակառուցողական դիրքորոշմամբ արդեն ամբողջովին տեսանելի է դարձել աշխարհին:

– Վերջում հարցնեմ՝ ինչպե՞ս եք զգում Ձեզ այս նոր պաշտոնում, ի՞նչն է փոխվել Ձեր կյանքում:

– Միայն աշխատասենյակն է փոխվել, սա՝ կատակով, իսկ ավելի լուրջ՝ փոխվել է պատասխանատվության չափը, եւ ես շնորհակալ եմ իմ կուսակցությանը, իմ նախագահին եւ բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են իմ թեկնածությունը, բնականաբար՝ սա որոշակի չափով ավանսով տրված վստահություն է, եւ ես պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում ամեն ինչ անել իմ ավագ ընկերների եւ առաջին հերթին հանրապետության նախագահի վստահությունը արդարացնելու համար: Մենք շատ կարեւոր փուլ ենք թեւակոխում, եւ մեզ համար գերխնդիր է դրական իմաստով շատ լավ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը, եւ այս ընթացքում ԱԺ-ն պետք է շարունակի գործել որպես բազմակարծության եւ ազատ խոսքի ամբիոն:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031