Լրահոս
Օրվա լրահոսը

Բրանդտը եւ Բաղըշը

Դեկտեմբեր 13,2011 12:24

Մի քանի օր առաջ Մարսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիայի մասին, կարծիք էր հայտնել, որ երբեւէ այդ երկրի ղեկավարությունը կապաշխարի հայերի նկատմամբ գործած Ցեղասպանության համար: Նախագահը օրինակ բերեց Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտին, որը գիտակցելով իր երկրի կատարած ոճրագործությունները՝ ծնկի իջավ Վարշավայի գետտոյում: Հիշեցնեմ, որ հրեաների գետտոն Վարշավայում 1940 թվականին կազմակերպել էին ֆաշիստները՝ Լեհաստանը բռնազավթելուց հետո: Գետտոյի գոյության ընթացքում մոտ 2,5 տարում գետտոյի բնակիչներից ավելի քան 400 հազար մարդ սպանվել է կամ մահացել սովից եւ հիվանդություններից: 1970 թվականի դեկտեմբերի 7-ին Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտը իր երկրի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունները լավացնելու պայմանագիրը ստորագրելուց հետո մեկնեց նախկին գետտոյի տեղը՝ ծաղկեպսակ դնելու: Արարողության ժամանակ նա անսպասելիորեն ծնկի իջավ եւ մի քանի րոպե անշարժ մնաց: Հետագայում նա գրում էր. «Ես արեցի այն, ինչ անում են մարդիկ, երբ նրանց չեն հերիքում խոսքերը: Այդպիսով ես հարգեցի միլիոնավոր մարդկանց»:

Ինչո՞ւ էր Բրանդտը նման բան արել: Շա՞տ էր սիրում հրեաներին: Հաճո՞ւյք էր ստանում «մեղա» գալուց: Ոչ, նա այդպես էր վարվում ո՛չ հրեաների, ո՛չ էլ սեփական հաճույքի համար: Կանցլերը դա անում էր բացառապես իր երկրի՝ Գերմանիայի համար, որովհետեւ հասկանում էր՝ առանց այդ ապաշխարանքի իր երկիրը առաջ չի գնա: Վստահաբար կարելի է ասել, որ հենց Վիլլի Բրանդտի իմաստուն քաղաքականության շնորհիվ Գերմանիան արագ զարգացավ եւ այսօր դարձավ Եվրոպայի տնտեսապես եւ քաղաքականապես ամենահզոր երկրներից մեկը:

Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է ապաշխարելու եւ ծնկի գալու մասին ասել թուրք պաշտոնյան (ըստ tert.am-ի). «Թող որեւէ մեկը չկասկածի. մենք գիտենք՝ ինչպես ոչնչացնել ազգի դեմ բոլոր բացասական գործողությունները… Որեւէ մեկը չի համարձակվի ծնկաչոք անել թուրքերին»: Դա, հիշեցնեմ, ասել է ոչ թե ինչ-որ մարգինալ ազգայնական խմբակի անդամ, այլ… Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Այն, որ նա չի հասկացել կամ ձեւ է անում, որ չի հասկանում, թե ինչի մասին է խոսում ՀՀ նախագահը, վկայում է հենց այն մասին, որ Թուրքիան դեռ չափազանց հեռու է Եվրոպայից ու Եվրամիությունից:

Ճիշտն ասած, դա բավականին նման է մեր նախկին պաշտոնյաների արձագանքին, երբ կոչ ես անում նրանց՝ խոսել իրենց նախկին մեղքերի մասին. «Ոնց թե: Բա հըլը մի հատ դու քո՛ մեղքերից խոսա»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031