ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ տեւական ժամանակ Ս.Խաչատրյանի եւ Ս.Համբարձումյանի միջեւ ձեւավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջեւ 14.11.2011թ. ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս.Համբարձումյանին: Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, ինչն առգրավվել եւ կցվել է քրեական գործին:
Ս.Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ Ս.Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել եւ հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Ս. Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար:
Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը:
Կարդացեք նաև
Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Օրենքով սահմանված կարգով՝ կողմերը որոշման մասին տեղյակ են պահվել՝ միաժամանակ պարզաբանելով որոշումը բողոքարկելու իրավական մեխանիզմները:
Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության