ՀՀԿ-ի հետ դաշինքով, միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելու դեպքում ԲՀԿ-ն փաստացի կմերժի իրեն ուղղված` ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին տերպետրոսյանական «քաղաքագիտական» առաջարկությունները: Ճիշտ որոշում կլինի դա, թե սխալ, այլ հարց է: Բայց կարելի է վստահ լինել, որ դրանից անմիջապես հետո հերթական կոտրած տաշտակի առջև հայտնվող ՀԱԿ-ից կրկին ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին սկսելու են մեղադրել ռեժիմին և օլիգարխիային ծառայելու ու նման կարգի բաների մեջ:
Երբ որևէ այլ քաղաքական ուժ սկսում է կողմնորոշվել իշխանության հետ իր հարաբերությունները կառուցելու հարցում, «արմատական ընդդիմության» թևից դա սկսում են գնահատել «ավազակապետական ռեժիմին» սպասարկելու, ժողովրդի թշնամին լինելու իրենց կողմից շրջանառության մեջ դրված «կոնցեպցիայի» համատեքստում: Բայց երբ իրենք են սկսում իշխանության մասը կազմող ուժերի հետ գործակցություն փնտրել, կամ երկխոսել հենց այդ իշխանության հետ, դրանք ոչ թե անսկզբունքայնության դրսևորումներ են, այլ «real politic»-ի կարգի քաղաքագիտական վերլուծություններ: Իսկ նման վերլուծություններ, ինչպես հայտնի է, կոնգրեսականներից բացի, ոչ ոք անել չի կարող: Այդ իրավունքը միայն ու միայն ՀԱԿ-ինն է: Այսպես «real politik»-ի փոփոխական կանոններով նրանք կշարունակեն խաղալ այնքան ժամանակ, մինչև կորցնեն իրենց վերջին «հավատացյալին»:
«Երկիր»