Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը, գոնե այս փուլում, մարտի 1-ի թեմայից չի վախենում»

Դեկտեմբեր 13,2011 10:53

Վերջին օրերին կրկին թարմացվեց մարտի 1-ի թեման։ Դրան նպաստեցին նախ՝ մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավարի նշանակումը, ապա կառավարության կողմից զոհերի ընտանիքներին դրամական փոխհատուցում տալու՝ «Ժառանգության» առաջարկի մերժումը։ Երեկ էլ ասուլիս էին հրավիրել քննչական խմբի նախկին եւ նորանշանակ ղեկավարները՝ հանրությանը հերթական անգամ ասելու, որ ասելիք չունեն։

Ի սկզբանե հենց իշխանության համար քաղաքական մահակ հանդիսացող այս հարցը Սերժ Սարգսյանի վարչակարգի կողմից Եվրոպական կառույցների հետ տարված «արդյունավետ» աշխատանքի արդյունքում վերածվեց ընդդիմության տրամադրությունները մանիպուլացնելու գործիքի։ Այդ կիրառությունը մենք տեսանք անցած մայիսին, երբ Սերժ Սարգսյանը հանձնարարեց թարմացնել գործի քննությունը։ Հիշեցնենք, որ այդ փուլում ՀԱԿ-ը բավական ուժեղ դիրքերում էր՝ չնայած ռեժիմի բոլոր ջանքերին, անցկացվող հանրահավաքներն աննախադեպ մարդաշատ էին, իսկ ՀԱԿ-ի հետեւորդներն էլ՝ 2008-ից հետո առավել քան երբեւէ՝ վճռական։ Եվ ահա Սերժ Սարգսյանը ձեւացրեց, թե կատարում է ՀԱԿ-ի՝ մարտի 1-ի արդար քննության պահանջը եւ բացեց իր իսկ ձեռամբ փակված էջը՝ այդպիսով ոչ միայն ժամանակ, այլեւ համապատասխան դիվիդենտներ շահելով։ Թե ինչ եղավ հետո, գիտենք բոլորս։ Աստիճանաբար՝ ամենշաբաթյա ոչինչ չասող ասուլիսներով խնդրի շուրջ հանրային հետաքրքրությունը գրեթե սպառելուց հետո քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պարգեւատրվեց «լավ աշխատանքի» համար՝ նշանակվելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության, հատկապես կարեւոր գործերով վարչության պետ։ Այս փաստն ինքնին արդեն խոսուն ապացույցն է այն բանի, որ Սերժ Սարգսյանը, գոնե այս փուլում, մարտի 1-ի թեմայից չի վախենում։ Հակառակ դեպքում, զգուշանալով հանրային դժգոհությունից, նա թույլ չէր տա մինչ օրս գործը չբացահայտած քննչական խմբի ղեկավարին առավել բարձր պաշտոնի նշանակել։

Ի դեպ, այս կապակցությամբ Վահագն Հարությունյանը երեկ ասել է. «Բացի թերություններից, պետք է տեսնել նաեւ քննության ձեռքբերումը, հիշել ավանդի մասին, որ քննչական խմբի անդամները ներդրել են գործի բացահայտման մեջ»։ Անհասկանալի է, թե ինչ ձեռքբերման մասին է խոսում Հարությունյանը: Որեւէ գործի քննության միակ ձեռքբերումը բացահայտումն է։ Մինչդեռ այս դեպքում 10 սպանություններից եւ ոչ մեկի կատարողը բացահայտված չէ։ Հետեւաբար, ի՞նչ ձեռքբերման կամ ավանդի մասին է իրեն թույլ տալիս խոսել քննչական խմբի նախկին ղեկավարը։ Սա, մեղմ ասած, ուղղակի ցինիզմ է, որը, վստահաբար, խրախուսվում է Հարությունյանին առավել բարձր պաշտոնի նշանակողի կողմից:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031