Երկու օր է՝ ինտերնետային մամուլը գրում է Կիեւ-Երեւան չվերթի մասին, լրագրողները պատմում են, թե ինչ փորձությունների են ենթարկվել նշված օղանավի ուղեւորները եւ ինչ տանջանքների գնով են հասել Երեւան։ Կատարվածի տարբեր պատճառներ են նշվում. չվերթն իրականացնող ընկերության պարտքերը, եղանակային պայմանները, անգամ՝ օղաչուների հարբածությունը եւ այլն։ Բայց կարեւորն այստեղ այն է, որ ուղեւորը՝ սպառողը, մեր երկրում միանգամայն իրավազուրկ է։ Նրան կարող են ֆինանսական վնաս պատճառել ու չփոխհատուցել։ Նրան կարող են հոգեբանորեն ու բարոյապես ճնշել։ Կարող են իջեցնել բոլորովին այլ քաղաքում եւ ասել. ինչպես ուզում ես՝ հասիր քո երկիր։ Որտեղ ուզում ես՝ գիշերիր։ Ինչպես ուզում ես՝ սնվիր։ Եթե ուզում ես արագ հասնել՝ լրացուցիչ ծախս արա եւ նոր տոմս գնիր. Թբիլիսի-Երեւան։ Կամ՝ նստիր ավտոբուս եւ կես ժամվա ճանապարհն անցիր 12 ժամում։ Մի խոսքով, ոչ մի պատասխանատվություն չկա, ոչ մի պայմանագիր ու պայմանավորվածություն մեր երկրում չի պահպանում։ Ոչ մի կազմակերպություն չի վախենում, որ կհեղինակազրկվի, որ իրեն դատի կտան ու մեծ գումարներ կպահանջեն։ Եվ սա էլ գալիս է նրանից, որ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը Հայաստանում չի գործում։ Ավելի շուտ՝ գործում է, բայց միայն մամուլի նկատմամբ։ Իսկ սպառողի նկատմամբ այս ցինիզմն էլ իր պատճառներն ունի՝ մի կողմից մենաշնորհները. ուղեւորափոխադրողների, սպասարկողների, օդանավակայանի։ Մյուս կողմից այն, որ քաղաքացին չի պայքարում, չի բողոքում՝ հաշտվել է իր իրավազուրկ վիճակի հետ:
«Հրապարակ»