Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան խորհրդի իրավունքով

Դեկտեմբեր 13,2011 00:06

Եթե քո կազմակերպության կամ քաղաքական ուժի ներկայացուցիչը չի պատասխանել լրագրողի հեռախոսազանգին՝ կարո՞ղ է արդյոք հաջորդ օրը բողոքել, թե տեղեկատվությունը նախապես չէին ճշտել կամ մեկնաբանություն չէին ստացել:

Եթե հեռախոսազանգին այնուամենայնիվ արձագանքել է, սակայն հրաժարվել է հարցերին պատասխանել, իրավունք ունի՞ արդյոք հետո տրտնջալ, թե լրատվության մեջ տեղ են գտել ոչ ստույգ ինչ-ինչ մանրամասներ:

Կարծում եմ՝ այս եւ նման հարցերը հռետորական են: Եվ դրանց պատասխանը պիտի ունենար գոնե այն ուժը, որի շարքերում կա առնվազն երկու մամուլի նախկին խոսնակ: Ճիշտ է, նրանցից միայն մեկի աշխատանքն էր ժամանակին դրական գնահատվել, ու նաեւ նրա շնորհիվ այն կառույցը, որի խոսնակն էր՝ համարվել էր ամենաբացերից ու թափանցիկներից մեկը: Իսկ մյուս խոսնակն այնպիսի պատասխաններ էր ուղարկում խմբագրություններ, որոնց հետ հետագայում կարողացավ մրցել միայն Ռոբերտ Քոչարյանի խոսնակներից մեկը՝ Վիկտոր Սողոմոնյանը:

Իհարկե, այն տեքստը, որ նրանք ուղարկել էին «Առավոտին»՝ հիշատակածս նախկին տեքստերի համեմատությամբ անհամեմատ մեղմ էր: Այսուհանդերձ, արդար չէր խորհուրդ տալը «տեղեկատվությունը նախապես ճշտել կամ մեկնաբանություն ստանալ Հայ Ազգային Կոնգրեսի լիազոր ներկայացուցիչներից» այն պայմաններում, երբ այդ գրասենյակի համակարգողն ուղղակի նայելով իր հեռախոսին՝ կարող էր տեսնել մեր թղթակցի հեռախոսազանգը, որին ինքը չէր արձագանքել: Մենք այնուամենայնիվ տպագրեցինք այդ տեքստը, քանի որ ամենակարեւորը՝ նախ, ցանկացած ոք ունի պատասխանի իրավունք, երկրորդը՝ բնավ չենք ցանկանում, որ տպավորություն առաջանա, թե ինչ որ միտում կա գրելու հատկապես այդ ուժի դեմ, եւ վերջինը՝ գուցե ինչ-որ տեղ նաեւ մեր թերացումն էր, կարելի էր զանգել այլ գործիչների էլ:

Սակայն հիմա ուզում եմ պատմել, թե ինչ եղավ, ասենք, այսօր, երբ մեր թղթակիցը փորձում էր մեկնաբանություն ստանալ «Մարտի 1»-ի գործի շուրջ առավոտյան ասուլիսում հնչած որոշ պնդումների վերաբերյալ:

Առաջին «լիազոր ներկայացուցիչը» հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով մեր գլխավոր խմբագրի հանդեպ իր տածած «զգացումները»:
Երկրորդ «լիազոր ներկայացուցիչը» պատճառաբանեց, թե որոշ ճշտումներ պետք է անի մեկ այլ լիազոր ներկայացուցչի հետ, որը զբաղված էր, եւ կազատվեր մի երկու ժամից:

Ի վերջո, այդ երրորդ «լիազոր ներկայացուցչի» հետ խոսել հաջողվեց միայն երեկոյան:

Այլեւս չեմ ծանրաբեռնի «խոհանոցային» մանրամասներով, եւ ուղիղ հարցեր կտամ: Արդյոք ակնհա՞յտ չէ, որ տվյալ ուժը խնդիրներ ունի մամուլի հետ աշխատանքը ճիշտ կազմակերպելու առումով: Արդյոք ավելի տեղին չէ՞ր լինի, որ դադարեցնելով պատերազմները  «թշնամի» կամ «իրենց շահերը չարտահայտող» ԶԼՄ-ների հետ՝ փորձեին համագործակցել եւ օգտագործել տվյալ հարթակների հնարավորությունները: Եվ քանի որ առնվազն ինձ համար այս հարցերի պատասխանը դրական է՝ թույլ տամ մի պատասխան խորհուրդ տալ, վերանայեք «յուրային» եւ «ոչ յուրային» մամուլի հետ տարբերակված շփումների ձեր սկզբունքները, այլապես այս առումով չեն երեւա տարբերությունները ձեր եւ իշխող այն ուժերի միջեւ, որոնց այդչափ քննադատում եք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031