Լրահոս
Օրվա լրահոսը

Ես Տեր-Պետրոսյանին այդպես չտեսա

Դեկտեմբեր 11,2011 09:27

Այս գրառումը, բնականաբար, պատասխան է «Առավոտի» լրագրող եւ իմ բարեկամ Մարգարիտ Եսայանի բլոգում տեղադրված նյութին: Ես հասկանում եմ, որ այսօր կամ վերջին ժամանակներս առաջին  նախագահին կարելի է ընկալել նաեւ այդպես՝ մոտենալով զուտ էմոցիոնալ տեսանկյունից: Բայց այդ ընկալումը, թող ներվի ասել, չափից դուրս սուբյեկտիվ է, միակողմանի, քանի որ խոսք է գնում պետական եւ քաղաքական գործչի մասին: Ես Տեր-Պետրոսյանին առաջին անգամ տեսա, երբ նա 47 տարեկան էր: Այդ տարիքում, համաձայնեք, ուղեղն ավելի ճկուն է, ունակ է ընկալել կյանքն իր բազմազանության մեջ, ինչն ավելի դժվար է, երբ դու մոտենում ես 70-ի սահմանագծին:

Այդ ժամանակաշրջանում՝ 92-94 թվականներին, մենք աշխատում էինք մշտական սթրեսի պայմաններում՝ պատերազմ, շրջափակում, պարբերաբար պայթեցվող գազատար, տնտեսական համակարգի փլուզում: Այս իրավիճակում Տեր-Պետրոսյանը դրսեւորում էր մի հատկանիշ, որն առավել անհրաժեշտ է ազգի առաջնորդին՝ սառնասրտություն եւ որպես դրա հետեւանք՝ սթափ եւ արագ հաշվարկ: Սա այն դեպքում, երբ ամեն ինչ, կարելի է ասել, մազից էր կախված եւ իրադարձությունները կարող էին զարգանալ թե մեզ համար ձեռնտու ուղղությամբ (ինչպես եղավ), թե ճիշտ հակառակը՝ բերել կործանարար հետեւանքների: Երբ առաջին նախագահը խորհրդակցություններ էր անցկացնում, նա, այո, արդեն ուներ խնդրի իր լուծումը, հետեւաբար՝ կարծիք հարցնելը հաճախ ձեռք էր բերում ձեւական բնույթ: Թվում է, թե դա վատ է: Բայց դա վատ է սովորական, ռուսերեն ասած՝ «շտատնի» իրավիճակի համար: Իսկ պատերազմի պահին պետք էր մի մարդ, որը վճռական եւ վերջնական որոշում կընդուներ ու ամբողջ պատասխանատվությունը կվերցներ իր վրա: Այդպիսին էր մեր առաջին գլխավոր հրամանատարը: Այդ ֆոնի վրա մարդկային թերությունները՝ գոռոզությունը, մեծամտությունը (որոնք, ի դեպ, բավականին չափազանցված են հիշատակածս բլոգում) թվում են մանր ու երկրորդական: Ժամանակ կունենամ, այդ ամենի մասին կգրեմ ավելի մանրամասն:

Ես հպարտ եմ, որ պատերազմի տարիներին աշխատել եմ որպես առաջին նախագահի մամուլի քարտուղար: Դա ոչ «պրեստիժնի» պաշտոն էր, ոչ էլ, առավել եւս, եկամուտի աղբյուր՝ ես ստանում էի նվազագույն աշխատավարձի 7-պատիկը, որը հերիքում էր կես ամսվա հացի: Դա ինձ համար ծառայություն էր, եւ եթե ես կարողացա գոնե ինչ-որ օգուտ բերել դժվար օրեր ապրող իմ պետությանը, ապա պարզապես երջանիկ եմ:

Որպես երկրի ղեկավար՝ Տեր-Պետրոսյանն իր ժամանակի մեջ անփոխարինելի էր. ես չեմ տեսնում որեւէ այլ գործչի, որն այդ  տեղում եւ այդ հանգամանքներում կկարողանար անել  ավելին՝ նման մասշտաբի ֆիգուր Հայաստանում չկա: Որպես ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանի նման գործիչներ եղել են, կան եւ կլինեն: Բայց դա ուրիշ պատմություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031