Որքան մոտենում է ամանորը, այնքան ավելի են շատանում «գրդոնչի», «չամուռ» ձմեռ պապերը: Շրջելով փողոցներով, նոր տարվա օրերի համար իրենց հաճախորդ «կպցնելով»` նրանք բառացիորեն կպչում են կանգառներում կանգնած ամեն անցորդի, հարցուփորձ անում` տանը երեխաներ կա՞ն, ու զոռով-շառով իրենց հեռախոսահամարը թողնում: «Բարեւ ցավդ տանեմ ես Ձմեռ պապն եմ, տունը քանի՞ երեխա կա, նոր տարուն ո՞ր օրն ա հարմար, ես էժանով`10 000 դրամով կգամ ձեր տուն»,- Երեւանում այս օրերին Ձմեռ պապ-քաղաքացի ծանոթությունն այսպես է սկսվում: 25-26 տարեկան Ձմեռ պապին մի կերպ հասկացնելուց հետո, որ իր նման ամանորի խորհրդանիշ պատվիրելու կարիք չկա, տանն էլ փոքրիկներ չունեն՝ հնչում է հաջորդ առաջարկը. «Ջահելությանն ուրախացնելու համար Ձմեռ պապը կարա sexy Ձյունանուշի հետ գա, բայց էս դեպքում գները մի քիչ կբարձանան: Ձեր ամուսնուն, սիրած մարդուն լավ նվեր կարաք անեք, դաժե կարաք Ձյունանուշ պատիվ տաք»,– ժպտալով շարունակում է երրորդմասցի ձմեռ պապն ու զոռով իր բջջայինի համարը խցկում ափիդ մեջ:
Հավելեմ, որ մարդկանց հետապնդող ձմեռ պապերը հիմնականում շրջում են Հանրապետության եւ Օպերայի հրապարակներում, «Լունապարկում», առեւտրի կենտրոնների մատակայքում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ