Մարթա Հովսեփյանը եկել է Թեհրանից, այսօր ներկայացնում էր իր երեխայի ձեռքի աշխատանքները, ասում է. «Իմ երեխան հաշմանդամ է, սակայն առանց սովորելու կարողացել է գեղեցիկ զարդեր պատրաստել, և իմ նպատակն է, որ նա ազատ շփվի մարդկանց հետ ու իրեն զգա հասարակության լիարժեք անդամ»,- պատմում է նա «Առավոտ երիտասարդականին: Այսօր` դեկտեմբերի 10 – ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում «Expo ձմեռ պապ» ցուցահանդես վաճառքն էր: «Մենք հինգ տարի շարունակ տարբեր թեմաներով expo ցուցահանդեսներ ենք կազմակերպել, իսկ ամանօրյա թեմային արդեն երկրորդ տարին է, ինչ անդրադառնում ենք», – «ասում է կազմակերպիչ Զառա Ակունցը, ավելացնելով, որ այն շարունակական բնույթ է կրելու` կազմակերպվելով ամեն տարի:
Սաթենիկ Մկրտչյանն էլ կարծում է, որ Հայաստանում hand made-ը տարածված չէ, այդ իսկ պատճառով ցուցահանդեսին ներկայացրել է իր ձեռքի աշխատանքները, փորձելով նպաստել այդ բացը լրացնելուն, նրա խոսքով` սկզբում պատրաստում էր մանկական պայուսակներ, այնուհետև դրան միացրեց նաև ամանորյա խաղալիքները, հուշանվերները և այլն: Հաշմանդամ երեխաների ձեռքի աշխատանքներն էր ներկայացնում նաև «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը. «Մեր նպատակը հաշմանդամ երեխաներին օգնելն է և սա շատ լավ հնարավորություն է: Ամեն տարի կազմակերպիչները մեզ անվճար տեղ են տալիս, որպեսզի ներկայացնենք տարբեր աշխատանքներ», -ասում է հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:
Տիգրանուհի Թասլակյան