Ավարտին է մոտենում Աժ ԲՀԿ-ական փոխնախագահ, Գյումրու գարեջրի գործարանի սեփականատեր Սամվել Բալասանյանի որդու` Միսակի թիկնապահներին դանակահարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Մարդասպանության մեջ մեղադրվող երիտասարդները` Սահակյան եղբայրները, երեկ պիտի հանդես գային պաշտպանական ճառով, սակայն նրանք պատրաստ չէին, հետևաբար և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը տվեց 10 օր ժամանակ:
Հիշեցնենք, որ սա տարվա ամենադաժան ու աղմկոտ մարդասպանությունն էր, որը տեղի էր ունեցել գարեջրի գործարանի դիմաց, օրը ցերեկով` գյումրեցիների աչքի առաջ: Պատճառը եղել էր գարեջրի գործարանի բանվորներից մեկին`Ալբերտ Սահակյանին, լաբորատորիայից կատարված գողության մեջ կասկածելն ու նրան ծեծելով աշխատանքից վռնդելը: Վերջինս օգնության էր կանչել իր երկու եղբայրներին, որոնցից 25-ամյա Արմեն Սահակյանն էլ, գալով ու ռազբորկայի մեջ մտնելով Բալասանյանի որդու թիկնապահների հետ, նրանց դանակահարել էր. Արթուր Առաքելյանը տեղում մահացել էր, Վարդան Ասատրյանն էլ մարմնական ծանր վնասվածքներ էր ստացել:
Երեկվա դատական նիստի ընթացքում տուժողների շահերի պաշտպանը հայտարարեց, որ իրենք Սահակյան եղբայրներից չեն պահանջում թիկնապահների թաղման ու բուժման ծախսերը:
Նշենք, որ 25-ամյա Արմեն Սահակյանին սպասվում է 8-15 տարվա ազատազրկում, նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 4 ծանր հոդվածներով:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ