Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռ բազում անելիքներ կան»

Դեկտեմբեր 10,2011 20:14

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1950թ-ին որոշում կայացրեց դեկտեմբերի 10-ը պաշտոնապես հռչակել որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր` հիմք ընդունելով 1948թ-ին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այն դարձավ մարդու իրավունքները կարգավորող աշխարհում առաջին փաստաթուղթը:

Մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև ՀՀ Սահմանադրությամբ: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թ-ի հոկտեմբերի 21-ին: Մեր երկրում ստեղծվել և գործում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Այս կառույցի եւ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք խնդիրների մասին զրուցեցինք իրավաբան, ԵՊՀ Իրավագիտության ամբիոնի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Էդգար Շաթիրյանի հետ:

 

Այսօր  մեր իրականության մեջ ամենից հաճախ մարդու ո՞ր իրավունքներն են խախտվում և ինչո՞ւ:

Կարծում եմ խախտումները շոշափելի են բազմաթիվ ոլորտներում` անձնական, քաղաքական, սոցիալ-տնտեսական: Խոսքը վերաբերում է այնպիսի սահմանադրական իրավունքներին և ազատություններին, ինչպիսիք են օրենքի առջև բոլորի հավասարության, անձնական ազատության և անձեռնմխելիության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, խոսքի ազատության, հավաքների անցկացման, սեփականության և մի շարք այլ իրավունքներին ու ազատություններին: Ինչ վերաբերում է խախտումների պատճառներին, ապա դրանց շարքում կարելի է մատնանշել հասարակության անիրազեկ լինելը կամ նվազ իրազեկ լինելը, իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմներից պատշաճ կարգով չօգտվելը, իշխանության մարմինների կողմից իրենց իրավասությունների չարաշահումը և այլն:

Այս խնդրի լուծման ի՞նչ տարբերակ կարող եք առաջարկել:

-Անհրաժեշտ է, որպեսզի հասարակության իրավական դաստիարակության և իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկվեն, այդ թվում՝ ԶԼՄ-ների միջոցով: Մարդկանց կողմից իրենց իրավունքներին ոչ իրազեկ լինելը կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ, ինչի ականատեսն ենք լինում ամեն օր: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանության առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանը առավել արդյունավետ պետք է իրականացնի:

Ի՞նչ գնահատական կտաք Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը:

-Պաշտպանի գործունեությանը գնահատական տալուց ձեռնպահ կմնամ: Այդուհանդերձ, չեմ կարող չփաստել, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռ բազում անելիքներ կան:

Գոնե կասե՞ք որևէ կողմ, որում հատկապես թերացումները շատ են:

-Առաջին հերթին կմատնանշեմ իրավապահ մարմիններին:

 

Բացի Մարդու իրավունքների պաշտպանից, ի՞նչ այլ կառույցներ են ՀՀում կատարում այս գործառույթը, այսինքն` պաշտպանում մարդու իրավունքները:

-Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն, առաջին հերթին, պետության պարտականությունն է: Սույն գործընթացում էական դերակատարությունն ունեն ՀՀ Նախագահը, որը հետևում է Սահմանադրության պահպանմանը, իշխանության երեք թևերի բնականոն գործունեությանը, ՀՀ կառավարությունը, որի լիազորություններից է օրինականության ամրապնդմանը, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովմանը, սեփականության և հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցների իրականացումը, ՀՀ Ազգային ժողովը, որը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն իրականացնում է միջնորդավորված ձևով՝ ընդունելով համապատասխան օրենքներ (սույն ոլորտում կարևոր դերակատարություն ունի նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը):

Իսկ բացի մարդկանց անիրազեկ լինելուց, արդյոք չկա՞ն թերություններ օրենքների մեջ:

-Անշուշտ կան և դրանց լրացումը, շտկումը օրենսդրի խնդիրն է: Սակայն միայն օրենքի բացերը վկայակոչելով, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվի:

Որպես եզրափակում, կասեք, Ձեր որպես մարդու որևէ՞ իրավունք խախտվել է:

-Բնականաբար, այո, և, լինելով իրավաբան, խախտված իրավունքիս վերականգնման նպատակով օգտվել եմ դատական պաշտպանության իրավունքից:

Աննա Փորսուղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031