Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեր ու սպառնալիքներ չեն եղել, բայց հոգեբանորեն են ճնշել

Դեկտեմբեր 10,2011 17:16

Լարիսա Ալավերդյանը տարիներ անց բացահայտում է, թե ինչպես է օմբուդսմեն եղած ժամանակ իրեն ճնշել իշխանությունը:

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասուլիս էր հրավիրել՝ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտի խնդիրների մասին, եւ վստահեցնում էր, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեր երկրում վտանգված է:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Ալավերդյանը մեր հարցին՝ երբ դուք ՄԻՊ էիք, ձեր վրա ճնշումներ չե՞ն եղել եւ չե՞ք կարծում, որ այսօր շատ բան Կարեն Անդրեասյանի ձեռքում չէ՝ նա պատասխանեց. «Ճնշումները որն է, այդ անհամաձայնությունն ու հետապնդումը, հեռուստատեսությամբ սեւացնելու ուղղակի ալիքը, դրանք ինձ համար ավելի շատ մարտահրավերներ էին, ես կանգնած էի ճիշտ ճանապարհի վրա ու այդ ճանապարհով գնացել եմ: Մի պահ ճնշում տեղի է ունեցել Արմեն Հարությունյանի վրա՝ Մարտի 1-ի վերաբերյալ իր արտահերթ զեկույցից հետո: Իսկ թե ինչ ճնշումներ են լինում Կարեն Անդրեասյանի վրա՝ դեռ ակտիվության այն աստիճանը նա չի ցուցաբերել՝ որ կարողանանք դա դատել: Այդ ճնշումը լինում է կամ լատենտ, այսինքն՝ միշտ եւ այն դժվար որսալի է, դժվար ապացուցելի է, կամ ապացուցելի չէ: Իսկ այն դեպքերը, երբ ակնհայտորեն են լինում՝ լինում է արձագանք՝ ակտիվ քայլի դեմ: Օրինակ, իմ ժամանակ դա եղել է Հյուսիսային պողոտայի հարցը բարձրացնելուց՝ 2004-ի հոկտեմբերի վերջին: Հետո առաջին զեկույցը տպագրելուց հետո մի պայթյուն եղավ»: Մեր հարցից, թե այսինքն զանգերի, սպառնալիքների մակարդակո՞վ դա չի եղել՝ տիկին Ալավերդյանը նեղացավ. «Դուք կարծում եք, ինձ հնարավո՞ր է դա անել, կարծում եք՝ այդպիսի մեթոդներո՞վ են դա անում: Դա կարող են անել առանձին, ոչ հրապարակային գործունեություն ունեցող մարդկանց նկատմամբ: Հրապարակային մարդկանց հանդեպ օգտագործում են հոգեբանական ճնշումները՝ մեր հոգեկերտվածքի ներքո մեզ համար ամոթալի արտահայտություններով»:

Այդ ճնշումները նախկին օմբուդսմենի վրա չեն անդրադարձել, որովհետեւ պարզվում է՝ նա հորինովի բաներից չի նեղանում. «Սա պայքար է եւ եթե դուրս ես գալիս՝ պիտի նեղացկոտ չլինես, մեկը նկարիդ վրա բեղեր կնկարի, էական չէ, դու արդեն դուրս ես եկել հրապարակ, պիտի հասնես նպատակիդ՝ շատ անգամ անտեսելով քո անձին հասցեագրված վիրավորանքները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031