Մարտեր առանց կանոնների մարզաձեւի ամերիկացի ներկայացուցիչ, գերծանր քաշային Ջեֆ Մոնսոնը աշխարհի չեմպիոնության համար «Կռիլատսկիում» անցկացված մենամարտում ռուսաստանցի Ֆյոդոր Եմելյանենկոյին 3-րդ ռաունդում պարտվելու նախորդ օրը ակամա հարկադրված է եղել Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում քաշքշուքի մեջ մտնել ոստիկանության հետ:
Կտրականապես հրաժարվելով իրեն հատկացված հատուկ մեքենայից` Մոնսոնը երեկոյան «Կռիլատսկի» մարզահամալիր ցանկացել է գնալ մետրոյով, որպեսզի մոտիկից ծանոթանա հասարակ մոսկվացիների առօրյային: Եվ կայարան մտել է այն պահին, երբ ոստիկանները «սապոգներով» հարվածում էին հատակին պառկած մի հարբածի (մոսկվացիների համար` սովորական տեսարան): Ամերիկացին առանց հապաղելու իր իմացած միջոցներով պաշտպան է կանգնել խեղճ հարբածին: Եվ եթե նրան ժամանակին չկանխեին ուղեկցող թիկնապահները, դժվար չէ ենթադրել, թե ի՞նչ կլիներ ոստիկանների հետ: Իսկ առանց այդ էլ սկանդալային բնավորությամբ հայտնի Ջեֆ Մոնսոնը կրկին կհայտնվեր համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, հնարավոր է, իրականությունը խեղաթյուրող հոդվածներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ