Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի իրավունքներից մեկն էլ կրծքով սնվելն է

Դեկտեմբեր 10,2011 16:52

 «Բալիկս 4 ամսեկան է, կրծքով կերակրելուց բացի ես նրան տալիս եմ նաև կաթնախառնուրդներ: Կարծում եմ` դա ևս օգտակար է փոքրիկիս համար»,-ասում է տիկին Նարինեն: Իսկ «Վստահություն» հասարակական կազմակերպության նախագահ, մանկաբույժ Սուսանա Հարությունյանը հակառակ կարծիքին է. «Անհրաժեշտ է, որ մայրը ամենաքիչը 6 ամիս երեխային կերակրի կրծքով, քանի որ շատ մեծ է մինչև 2 տարեկան երեխաների մահվան հավանականությունը»: Ըստ նրա` կրծքով սնվող երեխաները ձեռք են բերում ավելի լավ տեսողություն ու մտավոր զարգացում: Բացի այդ` 7-10 տոկոս նվազում է մի շարք հիվանդությունների թիվը, որոնցից են շաքարային դիաբեդը, քաղցկեղը և այլն: Մայրերի համար նույնպես օգտակար է, նրանց մոտ նվազում է կրծքագեղձերի, ձվարանների քաղցկեղով տառապելու հավանականությունը:

Մեր հասարակությունում կա նաև մի թյուր կարծիք.  եթե մայրն ունի արյան բացասական ռեզուս, ապա նրան արգելված է երեխային կրծքով կերակրել, այնինչ՝ մանկաբույժն ասում է. «Այս դեպքում ևս թույլատրվում է, քանի որ այդ հակամարմինները քայքայվում են երեխայի օրգանիզմում»: Մայրական կաթով երեխային կերակրելը հակացուցված է միայն այն դեպքերում, երբ մայրը ՄԻԱՎ վարակակիր է կամ երեխայի օրգանիզմը ժառանգական հիվանդությունների պատճառով չի ընդունում մոր կաթը:

Վերջերս Առողջապահության նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որը ներկայացվել է Ազգային ժողով: Երեխայի իրավունքներից մեկն էլ համարվում է կրծքով սնվելը: Նախատեսվում է նաև ստեղծել ազգային ծրագիր, որը կարգավորելու է կրծքով սնուցման առավելությունների մասին ընտանիքներին տեղեկատվության տրամադրումը: Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը նշում է. «Աշխատատեղերում, քրեակատարողական հիմնարկներում եւս պիտի ստեղծվեն պայմաններ, որպեսզի աշխատող կինը կարողանա սնուցել իր երեխային»:

Այս ծրագիրը կարևոր նշանակություն ունի թե’ պետական, և թե’ ընտանեկան բյուջեի համար: Պետությունը մեծ գումարներ է տրամադրում հիվանդ երեխաների բուժօգնության համար: Իսկ ամեն ընտանիք մոտավորապես 300-400 հազար դրամ է օգտագործում մինչև 1 տարեկան երեխային արհեստական կաթով կերակրելու համար: Ծրագրի խախտման դեպքում կկիրառվեն պատժամիջոցներ` սկսած աշխատավարձի 300-պատիկից:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031