Այսօր` դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանը Եվրամիության հետ միասին կազմակերպել է ցուցահանդես, որտեղ տասը բաժիններում ներկայացված են բռնությունների եւ խոշտանգումների ենթարկված անձանց, հաշմանդամների, կանանց, երեխաների, սոցիալապես անապահովների, մարդու իրավունքների, միավորված ազգերի, փախստականների, ազգային փոքրամասնությունների եւ տեղեկատվություն ստանալու իրավունքները: «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում Կարեն Անդրիասյանը հայտնեց, որ պետբյուջեից հատկացվել է 10 մլն դոլար` ամսական 850 հազ դրամ: «Գումարը ծախսվելու է խոշտանգումների կանխարգելման համար մոնիտորինգի խմբի ալցելությունների համար՝ որպես վառելիք, որպեսզի կարողանան մարզեր հաճախեն եւ այցելեն տարբեր բանտեր, մյուս մասը հատկացվելու է երեք մասնագետների, որոնք զբաղվելու են կանանց, երեխաների եւ հաշմանդամների խնդիրներով»: Նա խոսեց նաեւ դատական համակարգում տեղի ունեցող անարդարություններից:
Անցում կատարելով ցուցահանդեսին՝ նշենք, որ Հայաստանի Եվրոպական միության պաշտոնակատար Օհո Սիմոնը դեկտեմբեր ամիսը համարում է մարդու իրավունքների ամիս Հայաստանում: «Մյուս տարի նախատեսում ենք 1,5 մլն եվրո ծախսել օժանդակելու համար ընտրական գործընթացին, որպեսզի այն լինի ազատ եւ արդար: Այս գումարն օգտագործվելու է ուսումնական դասընթացների, ոստիկանության աշխատակիցների համար»,- հայտնեց պաշտոնակատարը:
Ցուցահանդեսին ներկա էին նաեւ հոգեւոր այրերը, ովքեր նույնպես պաշտպան են կանգնում հայ քաղաքացուն` փորձելով զերծ պահել աղանդավորական շարժումներից: «Առաջին հերթին յուաքանչյուր քաղաքացի քրիստոնյա կոչված է կռվելու իր, հայրենիքի եւ եկեղեցու իրավունքների համար,- ասում է Տեր Հակոբ քահ. Խաչատրյանը` հավելելով,- Մենք որպես հոգեւորականներ եւ հավատացյալ ժողովուրդ մեզ ապահովված ենք զգում Աստծո օրհնությամբ»:
Ռուբինա Սաֆարյան