Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանի գործը չի ընթանա արագացված դատաքննությամբ

Դեկտեմբեր 10,2011 14:39

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի՝ Մարգար Օհանյանի, 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանի եւ բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գործն ուղարկվել է դատարան:

Մինչ քրեական գործը դատարան կհասներ` Մարգար Օհանյանը պետությանը պատճառած 197.003.060 ՀՀ դրամ գույքային վնասից հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին մուծել է 177.282.000 ՀՀ դրամ, իսկ Ստեփան Կարախանյանը հատուցել է պետւթյանը պատճառած 20.620.940 ՀՀ դրամ գույքային վնասն ամբողջությամբ: Թե Մարգար Օհանյանը, թե Ստեփան Կարախանյանը ըստ իրենց մերձավոր շրջանակների, այս քայլն արել են «պատվի համար»: Թվում էր նաեւ, որ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը կփոխվի, սակայն այն մնաց անփոփոխ:

 

Իսկ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հ.Հարությունյանն առարկել է դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ:  Արագացված կարգ կիրառվում է այն ժամանակ, երբ մեղադրյալներն ամբողջությամբ իրենց ճանաչում են մեղավոր եւ չեն ուզում նաեւ, որ հրապարակվեն իրենց ցուցմունքները:

Նախաքննության մարմինը պարզել է, որ «2009 թվականի հունվարից ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենաների շահագործման համար հատկացվող վառելիքի հարցը կանոնակարգվել է, որից հետո ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության ավտոտնտեսությունից ՃՈ պետ Մարգար Օհանյանի տված լիազորագրերի հիման վրա ճանապարհային ոստիկանությանը կանոնավոր կերպով՝ կտրոնների տեսքով, բենզին է հատկացվել: Ըստ Մարգար Օհանյանի կողմից յուրաքանչյուր ամիս հաստատվող չափաքանակների՝ վառելիքը նախատեսված է եղել ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների, ուղեկցող վաշտի ու կենտրոնական ապարատի միջև բաշխելու համար: 2010 թվականի մայիսից ճանապարհային ոստիկանության կարիքների համար անհրաժեշտ բենզինի մի մասն էլ անմիջականորեն ձեռք է բերվել վառելիք մատակարարող կազմակերպություններից՝ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին»:

Ճանապարհային ոստիկանությունը բենզինի գնման համար պայմանագրեր է կնքել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվության ընկերության հետ, ապա տեխնիկական բնութագրերի հիման վրա կնքել է Պետական գնումների գործակալությունը, իսկ այս տարվանից՝ Մարգար Օհանյաննն էր վառելիքի կտրոնները լիազորագրով հատկացնում:

Հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ . «Թե ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչությունից և թե ՙՖլեշ՚ ՍՊ ընկերությունից բենզինի կտրոններն ստացել և ՃՈ տնտեսական բաժանմունք է ներկայացրել նույն բաժանմունքի աշխատակից Եփրեմ Ստեփանյանը: Մասնավորապես, 2009թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչությունից ՃՈ-ին հատկացվել է 1. 200. 000 լիտր բենզին, 2010թ. 895. 000 լիտր, 370.150 լիտր բենզին ձեռք է բերվել ՃՈ արտաբյուջետային միջոցներով»: Այսինքն, 1.265.150 լիտր բենզին:

2011թ.հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչությունից հատկացվել է 490. 000 լիտր բենզին և 353. 250 լիտր բենզին ձեռք է բերվել արտաբյուջետային միջոցներով /ընդամենը՝ 843.250 լիտր բենզին/: Ըստ նախաքննական մարմնի, Մարգար Օհանյանը 574. 420 լիտր բենզինը յուրացնելու նպատակով ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշմամբ հաստատված, ճանապարհային ոստիկանության կանոնադրությամբ 15-րդ կետով սահմանված ՃՈ գույքը տնօրինելու իր լիազորությունները չարաշահել է:

Իսլ ծախսագրման պատասխանատուներ Արա Լեւոնյանը եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանը 1-ին եւ 2-րդ գումարտակների բենզինից յուրաքանչյուր ամիս բաշխել են նախատեսվածից պակաս, իսկ տարբերությունը հանձնել են Մարգար Օհանյանին:

Բենզինի ստացման, բաշխման եւ ծախսի վերաբերյալ փաստաթղթերում ձեւակերպվել է ոչ թե փաստացի հատկացվածը, այլ ամսվա չափաքանակով սահմանված բենզինի ծախս: Ըստ էության, Օհանյանի ենթակաները կատարել են նրա հանձնարարությունը եւ 2009թ. հունվարից մինչ այս տարվա 2011 հուլիսը սպայական գումարտակի համար նախատեսված 959.200 լիտր բենզինից անձնակազմին բաշխել են 845.000 լիտրը:

Նախաքննության մարմինն ակնարկում է նաեւ, որ լիարժեք ծառայություն իրականացնելու համար բերզինի չբավականացնելը «հաճախակի դժգոհությունների տեղիք է տվել»:Իսկ թե ովքեր են եղել հաճախակի դժգոհողները, պարզ կդառնա դատաքննության ընթացքում:

Իր վերադասից հետ չի մնացել նաեւ Ստեփան Կարախանյանը:

Նա ըստ մեղադրանքն առաջադրող մարմնի, 2009թ. հունվարից մինչ այս տարվա հուլիսը, իրեն վստահված 6 վաշտերի բենզինը՝ 1.061.300 լիտրից բաշխել է 996.120-ը, իսկ ձեւակերպել «վստահվածի» գումարի չափով: Բենզինի բաշխման քարտերով եւ ծախսի վերաբերյալ ամսական հաշվտվություններում ձեւակերպել է պակաս:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031