Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում էլ «Էլ կլասիկո»-ն ամենաուշագրավ ֆուտբոլային հանդիպումն է

Դեկտեմբեր 10,2011 13:49

Գաղտնիք չէ, որ դեռեւս 1902 թվականից Իսպանիայի առաջնության «ոխերիմ» հակառակորդներ «Ռեալի» եւ «Բարսելոնայի» անզիջում պայքարն ամենաուշագրավն է ֆուտբոլային աշխարհում:

Այդ հակամարտությանը սպասում է ամբողջ ֆուտբոլային աշխարհը: Շատերն «Էլ կլասիկոն» համարում են ավելի ծանրակշիռ, քան նույնիսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Այս խաղում կենաց-մահու պայքար են մղում ոչ միայն ֆուտբոլիստները, այլեւ երկու ակումբների Հայաստանի իսկական ֆանատները: Նրանք «Կիլիկիա» մարզադահլիճում կազմակերպում են իրենց՝ արդեն ավանդական դարձած «մինի-կլասիկոն». ճիշտ «Նոու Քամպ» կամ «Սանտյագու Բերնաբեու» մարզադաշտերում կայանալիք դիմակայությունից առաջ: Եվ մրցում են ոչ թե հանուն իրենց, այլ «Ռեալի» կամ «Բարսելոնայի» հաղթանակի:

Հայաստանում «Էլ կլասիկոն» խաղ է, որը չի սկսվում եւ չի ավարտվում խաղադաշտում: Երկրպագուներն սկսում են կայանալիք հանդիպման մեկնաբանությունները, կանխատեսումներն ու ակնկալիքները, իսկ խաղից հետո քննարկումներն են՝ մինչեւ հաջորդ «Էլ կլասիկոն»:

Հայաստանում «Էլ կլասիկոյին» մեծ անհամբերությամբ է սպասում «Ռեալի» երկրպագու, 19- ամյա Հարությունը: «Մոտ 15 տարի է, ինչ երկրպագում եմ «Ռեալին», իսկ 7 տարեկանից ոչ մի խաղ բաց չեմ թողել: «Էլ կլասիկոն» ինձ համար սկսվում է հայտացուցակի հրապարակումից: Խաղից դեռ շատ առաջ ընկերներիս հետ սկսում ենք քննարկումները: Իսկ մոտակա կլասիկոյին շատ վաղուց եմ սպասում: Անգամ անցած տարի երազում խաղն էի տեսել, որում, ցավոք, պարտվելու էինք: Իսկ երբ իսկապես պարտվեց, ես ինձ այնքան վատ ու մեղավոր էի զգում, որ 3 օր շոկային վիճակում էի»,- պատմում է Մադրիդի երկրպագուն: Բայց նա երբեք չի դադարի երկրպագել «Արքայական ակումբին»:

Իսկ Նարինե Դանեղյանին ավելի շատ այլ բան է զայրացրել. «Ճիշտ է, մենք վերջին կլասիկոյում եւս պարտվեցինք, սակայն այդ անգամ ինձ շատ էր բարկացրել «Բարսելոնայի» երկրպագուների պահվածքը, որոնք ջանք չէին խնայում մեր եւ մեր թիմի հասցեին վիրավորական արտահայտություններ անել: Սակայն ես հասկանում եմ նրանց. չէ՞ որ նրանք հաղթել էին այն ակումբին, որին ՈՒԵՖԱ-ն ճանաչել է լավագույնը 20-րդ դարում: Հավատացնում եմ՝ մենք վերադառնալու ենք՝ ապացուցելու, որ լավագույնն ենք»,- հավաստիացնում է «Ռեալի» երկրպագուն:

Մինչեւ այսօր «Ռեալն» ու «Բարսելոնան» հանդիպել են 215 անգամ. 86-ում հաղթել է «Ռեալը», 84-ում՝ «Բարսելոնան», 45 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Այսօր «Սանտյագու Բերնաբեու» մարզադաշտում թիմերն ուժերը կչափեն 216-րդ անգամ:

ՍԱԹԵՆԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031