Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Գ. Սարգսյանի բաց նամակի մասին

Դեկտեմբեր 10,2011 13:47

Ինչպես որ հնարավոր չէ քարոզչություն իրականացնել դիվանագիտական նոտաների միջոցով, այնպես էլ հնարավոր չէ դիվանագետ դառնալ միայն դիվանագիտական գրականություն կարդալով:

Օրեր առաջ «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի նախագահ Արամ Սարգսյանը բաց նամակով դիմել էր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ պահանջելով, մասնավորապես, «դիվանագիտական նոտա հղել ՄԱԿ-ի անդամ երկրների ղեկավարներին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂՀ կազմավորման օրինականությունը հաստատող իրավական փաստաթղթերը…»: Եվ կազմկոմիտեի նախագահը սա դիտում է որպես Ադրբեջանին հակազդելու մեխանիզմ եւ դիվանագիտական հաղթանակի գրավական:

Անկասկած, խրախուսելի է, որ քաղաքացիական հասարակությունը մտահոգված է երկրի համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրներով եւ բացահայտորեն արտահայտում է իր տեսակետները, սակայն ցավալի է նկատել, որ նույնիսկ նման նախաձեռնությունները կրում են ոչ թե համագործակցության, այլ սպառնալիքի բովանդակություն:

Դիվանագիտության հետ քիչ թե շատ չափով առնչություն ունեցող անձինք գիտեն, որ օտարերկրյա նախարարներին խնդրի էության առնչությամբ բացատրություններ պարունակող նոտա չի կարող ուղարկվել: Դիվանագիտական նոտա ասվածը գրագրության այլ ձեւ է եւ կիրառվում է բոլորովին այլ նպատակներով: Միգուցե նամակ պետք է ուղարկվի: Իսկ ի՞նչ նամակ:

Անշուշտ, խնդրի արդարացի կարգավորման եւ ադրբեջանական քարոզչությանը դիմագրավելու ուղղությամբ պետք է ձեռնարկվեն համապատասխան քայլեր, սակայն այդ առումով դիվանագիտության մեջ կան առավել գործուն ու ազդեցիկ միջոցներ, քան գրավոր շփումները: Դիվանագետների ամենօրյա աշխատանքային եւ անձնական շփումների միջոցով աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին մշտապես ներկայացվել եւ ներկայացվում է խնդրի էությունը: Իսկ պարոն Սարգսյանի կողմից առաջարկված տարբերակը միայն դասագրքերի, այլ ոչ թե փորձի միջոցով ձեռքբերված դիվանագիտական կրթության արդյունք է, քանի որ «գործող» դիվանագետները լավ գիտեն տարբերությունը նոտայի, շրջանառության մեջ դրված նամակի, դիվանագիտական բանակցությունների, ակտիվ երկկողմ աշխատանքի միջեւ, այն ամենը, ինչ գտնվում է հրապարակման ենթակա գործունեությունից եւ հանրային դիվանագիտական նախաձեռնություններից այն կողմ:

Եվ հենց նման ակտիվ գործունեության արդյունքում էր, որ հայկական կողմին 2010թ. օգոստոս-սեպտեմբերին հաջողվեց կանխել Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի ընդգրկումը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի օրակարգում:

Սակայն եթե անգամ փորձենք չնկատել ամենօրյա գործունեության նմանօրինակ արդյունքները եւ հետեւենք արտաքին քաղաքական գործունեության՝ հրապարակման ենթակա հատվածին, ապա կտեսնենք, որ տարբեր մակարդակով տեղի ունեցող բոլոր հանդիպումների ընթացքում քննարկման մշտական թեմա է արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը: Սրան կարող ենք ավելացնել տարբեր միջազգային համաժողովներում, գագաթաժողովներում եւ այլ ատյաններում երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները, որոնք հստակ եւ մանրակրկիտ ներկայացնում են հիմնախնդրի կարգավորման շուրջ պաշտոնական դիրքորոշումը: Կարգավորման նկատմամբ մոտեցումներն առավելագույնս լուսաբանված են, իսկ միջազգային հանրությունը, ի դեմս ՄԱԿ-ի անդամ երկրների՝ քաջատեղյակ: Հայաստանում կան նաեւ մարդիկ, ովքեր հակառակը, գտնում են, որ ՄԱԿ ում Հայաստանի ներկայացուցիչը շարունակ նամակներ է շրջանառության մեջ դնում ՄԱԿ-ում:

Ադրբեջանի իշխանությունները գիտակցել են՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու հանգամանքը չի կարող հիմք ծառայել արցախյան հիմնախնդիրն այդ ձեւաչափ տեղափոխելու համար: Քանի որ, ինչպես գիտենք, ՄԱԿ Անվտանգության խորհրդում բանաձեւ ներկայացնելու համար պետք է ստանալ ԱԽ մշտական անդամների համաձայնությունը: Իսկ ինչպես ցույց է տվել 2008թ. մարտին Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկությունը, ՄԱԿ ԱԽ 3 մշտական անդամները, որոնք նաեւ հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, դեմ են ղարաբաղյան հիմնախնդիրն այլ ձեւաչափեր տեղափոխելուն եւ կանխարգելելու են այդ ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ: Անգամ Ադրբեջանի ղեկավարները եւ փորձագետներն են ընդունում, որ նման գործողություններ նախաձեռնելու դեպքում բախվելու են այդ երեք երկրների դիմադրությանը:

Դիվանագիտության մեջ գործողություն նախաձեռնելիս պետք է հաշվի առնել, թե ինչ հետեւանքների եւ արդյունքների կարող է հանգեցնել: Եթե գործողությունը հանգեցնելու է զրոյական արդյունքների, ապա դա արժեզրկում է ձեռնարկված քայլերի կարեւորությունը կամ նույնիսկ վարկաբեկում նախաձեռնողին ու գործող անձանց, ինչպես նաեւ փոքրացնում հետագայում անհրաժեշտության դեպքում նմանատիպ կանխարգելիչ գործողություններ նախաձեռնելու հնարավորությունները:

Քաղաքացիական հասարակությունը կարող է անտարբեր վերաբերմունք դրսեւորել կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին, ընդդիմանալ դրանց կամ աջակցել: Եթե քաղաքացիական նախաձեռնությունը կարծում է, որ կարող է իր ներդրումն ունենալ իրադարձություններով լի հայկական դիվանագիտության օրակարգի առավել արժեւորման գործում, ապա կարող է ոտքի կանգնել եւ նախաձեռնել ցանկացած գործողություն, որը, իր կարծիքով, բխում է պետության կենսական շահերից: Սակայն երբ ոչինչ չի արվում, բացի մեծ PR-ից, եւ երբ քաղաքացիական հասարակության առաջնորդները ցույց են տալիս, թե իրենք ավելի կոմպետենտ են, քան կառավարությունը, դա դիտարկվում է որպես լավ հաշվարկված քաղաքական գործողություն, որը պարտադիր չէ, որ բխի պետության եւ Հայաստանի ժողովրդի շահերից:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՍԵՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031