Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ հայն ու թուրքը համաքաղաքացի էին, այսօր՝ թշնամի

Դեկտեմբեր 10,2011 13:45

Հոդվածի հեղինակը (ձախից) եւ «Ժանդարմը» գրքի հեղինակ Մարկ Մուսթյանը

Ինչպես որ ԱՍԱԼԱ-ի ասպարեզ գալով՝ Թուրքիան գիտակցեց համաշխարհային հանրությունում հայկական հարցի գոյությունը, եւ ինչպես որ սառը պատերազմի ավարտը անպատրաստ դիմավորեց, այնպես էլ ամեն տարի ապրիլի 24-ի սինդրոմն է ապրում:

Թուրքիան մի պատերազմ է մղում, որտեղ ակադեմիական իմաստով պարտություն է կրում, սակայն, փակելով սահմանները եւ պատերազմելով Սփյուռքի հետ, շարունակում է պայքարը, ինչի անարդյունավետությունը ցանկացած տեսակետից ակնհայտ է:

Հարեւան երկրի հանդեպ մոտեցումները Սփյուռքի միջոցով ձեւավորելու նախաձեռնությունները բերում են նրան, որ Ցեղասպանության օրինագիծը տեղ է գտնում նոր օրակարգերում, եւ շահագրգիռ երկրները Թուրքիայի վրա ճնշում են գործադրում: Հատկապես Թուրքիայի արտգործնախարարության համար հոգնեցուցիչ է ամեն տարի սպասել ԱՄՆ-ի ասելիք խոսքին ու գրաված դիրքորոշմանը այս հարցի շուրջ:

Մի կողմից՝ Հայաստանի հետ հասարակական դիվանագիտության բացակայությունը, մյուս կողմից՝ հզոր հայկական լոբբի ունեցող երկրներում թուրքական հակալոբբինգի կիրառման անհաջողությունը միջազգային ասպարեզում Թուրքիային փակուղի են տանում: Հատկապես այս տարի Սուրբ Զատիկի հետ համընկած ապրիլի 24-ը հայերի կրոնական եւ ազգայնական զգացմունքների առավել գունեղ արտահայտման պատճառը դարձավ:

Թուրքիայում անցկացվող ազդեցիկ հանրահավաքները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է խնդրին խելամիտ մոտեցումներ ցուցաբերել:

Հնարավո՞ր է արդյոք Սփյուռքի հետ ստեղծել առողջ հաղորդակցություն, ինչը չհաջողվեց անել Հայաստանի հետ:

Թուրքիան փորձում է տարբեր առիթներով համատեղ փառատոներ, ծրագրեր ու հանդիպումներ կազմակերպել այն երկրներում, որտեղ հայկական լոբբին առավել հզոր է եւ Սփյուռքը՝ առավել ազդեցիկ:

Եթե ոչ՝ մշտապես, ապա պարբերաբար hայ համայնքների հետ երկխոսության կառուցման ջանքեր են գործադրվում:

Մինչ քաղաքական գործիչների միջեւ սկսված կարճատեւ երկխոսությունը հանգեց իր ավարտին՝ քաղաքացիական հասարակությունն իր լայն ցանցով իրականացնում է այն, ինչը չհաջողվեց պետություններին: Մոտակա ժամանակներում քաղաքացիական հասարակության դերը խնդիրների լուծման հարցում տեսանելի կլինի:

Մենք էլ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների միջոցով ԱՄՆ-ում հայկական ներկայությունը ուսումնասիրելու եւ համատեղ երկխոսության ստեղծման ուղղությամբ ենք շարունակում աշխատել:

Տեղահանումից առաջ եւ հետո ԱՄՆ մեկնած հայերի մեծամասնության կարծիքով՝ Թուրքիան պետք է ընդունի պատմական սխալները եւ խթանի տարածաշրջանային համագործակցության տանող ճանապարհի բացումը:

Դատապաշտպան ու գրող Մարք Մուսթյանը, ում նախնիները ավելի քան երկու հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունից գաղթել են Ամերիկա, նույնպես այդ տեսակետն ունի:

Մուսթյանը ջանացել է պահպանել իր նախնիների ինքնությունը, ովքեր եկել են Ամերիկայի մայրցամաք՝ օգտվելու նոր ժամանակների նոր հնարավորություններից: Այս ջանքերը հանգեցրել են նրան, որ Մուսթյանի մոտ պատասխանատվության զգացում է ձեւավորվել հայ հասարակության նկատմամբ:

Մուսթյանը երկար տարիներ աշխատել է Ֆլորիդայում՝ որպես դատապաշտպան: Սկսել է գրել մի վեպ, որտեղ խոսում է անցյալում հայ ու թուրք ժողովուրդների բաժանման մասին:

The Gendarme վերնագիրը կրող վեպը, որը գրվել է յոթ տարիների ընթացքում, լույս է տեսել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունաստանում, Իսրայելում, Իտալիայում, Բրազիլիայում եւ Անգլիայում:

Մուսթյանը՝ հայ հասարակության որոշ մասի սեփական ինքնությունից եւ պատմությունից անտեղյակ ապրելակերպով անհանգստացած, գրել է այս գիրքը, որտեղ նկարագրում է հետեւյալ պատկերը՝ սփյուռքահայերի 70%-ի համար պատմական խնդիրները մշտապես օրակարգում են, 10%-ը ապրում է հայ ինքնությունից անտեղյակ, մնացած մասն էլ ավելի չափավոր վերաբերմունք ունի:

Մուսթյանն ասում է, որ այցելել է Թուրքիա, չնայած երբեւէ առիթ չի ունեցել Հայաստան այցելելու, շատ սիրել է Թուրքիան եւ հավատացած է, որ երկու երկրները իրենք պետք է գտնեն առկա խնդիրների լուծումը:

Հավատում է, որ բաց սահմանների պայմաններում մշակութային շփումը էլ ավելի կակտիվանա, եւ խնդիրները սպասվածից ավելի արագ լուծում կգտնեն:

Ֆլորիդայում բնակվող Վազգեն Հագոբյանը եւ Զոհրաբ Հովսեփյանը, ովքեր ավելի մեղմ դիրքորոշում ունեն Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում, տեղահանման շրջանում են լքել Թուրքիան:

Հագոբյանը Ադանայից է, այժմ Ֆլորիդայի Պետական համալսարանում ֆիզիկայի եւ աստղագիտության պրոֆեսոր է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում բարեկամների զգալի մասը կորցրած Հագոբյանի ընտանիքը գաղթում է Սիրիա, Լիբանան, Ֆրանսիա եւ հետո՝ Հունաստան: Հայրը Օսմանյան եկեղեցիներում է ծառայել եւ անցյալի հիշողությունները թղթին է հանձնել: Հագոբյանը Սփյուռքի ու Հայաստանի միջեւ եղած հարաբերությունները գնահատում է որպես «բարեգործական բնույթ կրող» եւ գտնում է, որ Թուրքիան ներկա պայմաններում դժվար թե Եվրամիությանը անդամակցի:

Ըստ Հագոբյանի՝ չնայած երկու դարավոր ժողովուրդները ապրել են կողք կողքի, անհասկանալի է, թե ինչու այսօր երկխոսություն չի կայանում: Մյուս կողմից՝ Հագոբյանը անիրական է համարում քաղաքական տեսանկյունից Հայաստանի կողմից հնարավոր հողային հավակնությունները Արեւելյան Անատոլիայի նկատմամբ:

Զոհրաբ Հովսեփյանը Դիարբեքիրից է, Սիլվանից: Պատերազմի ժամանակ յոթանասուն հոգանոց ընտանիքից փրկված հինգ հոգին Սիրիայից Ֆրանսիա է գաղթում: Ընտանիքի մեծերի հիշողությունները գրի առնելու հետ մեկտեղ՝ Օսմանյան ժամանակահատվածից եկող Քեշիշյան ազգանունն էլ են փոխում: Ըստ Հովսեփյանի՝ այսօրվա աշխարհում առանց երկխոսության ապրելը ուղղակի անհնար է:

Հովսեփյանը նշում է, որ Սովետական Միությունը վերացրել է ազգային գիտակցությունը՝ ընդգծելով իրենց համար Վիլսոնի սկզբունքների կարեւորությունը: Հովսեփյանը շեշտում է, որ խոշոր երկրների կողմից ժողովուրդներին ինքնորոշման իրավունքի շնորհումը կամ այդ իրավունքից զրկումը անարդարություն է:

Իմացանք, որ Հովսեփյանը շատ բարեկամներ ունի Թուրքիայում: Նա հավատացած է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը եւ համատեղ ծրագրերի ընթացքը կենսական է: Հավատում է, որ արդյունավետ համագործակցություն կհաջողվի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, վերջինս ներկայում նույնիսկ էներգետիկ ծրագրերից է դուրս մնում:

Երկուսն էլ նշում են, որ առանց երկխոսության անհնարին է հասնել խաղաղության, եւ որ ամեն կողմը պետք է իր լուման ներդնի ընդհանուր հայտարարի գալու համար:

Ժամանակին երկու ժողովուրդները համաքաղաքացի, գործընկեր, դրկից, հարեւան, խնամի ու բարեկամ էին, հազարավոր տարիներ կողք կողքի են ապրել եւ միայն վերջին հարյուրամյակում բաժանվել ու օտարացել են միմյանցից, սակայն համատեղ անցյալի հետքերը երբեք չեն ջնջվել:

Քաղաքական մոտեցումներից ձեւավորված նախապաշարմունքները երկու երկրների մոտ էլ անվստահություն են առաջացնում անելիք քայլերի վերաբերյալ:

Մի կողմից՝ երկխոսության կառուցման անպատրաստ ժողովուրդները, մյուս կողմից՝ Սփյուռքը, որին հնարավոր չէ համախմբել, խնդիրը սինդրոմի վերածելու պատճառ են դարձնում:

Թուրքիան, որ ջանում է ազատվել այս սինդրոմից, պետք է հաշվարկի իր քայլերը Արեւելյան ու Արեւմտյան Հայաստանի հայերի շահերը հաշվի առնելով եւ խթանի քաղաքացիական դիվանագիտությունը Հայաստանի հետ այնպես, ինչպես դա անում է մյուս բոլոր երկրների հետ: Քանզի Հայաստանի հետ երկխոսության մեջ թշնամական ճառերից ավելի՝ համագործակցության ճառեր են անհրաժեշտ: Այսինքն՝ պարզ է, որ թշնամանքը շահեկան է որոշ խմբերի համար, ու հակառակը՝ վնասակար է այլոց համար:

ՄԵՀՄԵՏ ՖԱԹԻՀ ՕԶԹԱՐՍՈՒ

Թարգմանեց ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031