Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վարժվել ենք քրտինքով վաստակելուն»

Դեկտեմբեր 10,2011 13:42

Բալետի արտիստ Արմեն Գասպարյանը չի մտածում ստեղծագործելուն զուգահեռ՝ բիզնես սկսելու մասին

Առաջատար թատրոններում պրեմիերաներից առաջ, մանավանդ երբ գլխավոր դերակատարներից մեկը կամ երկուսը նշում է իր դեբյուտը, կազմակերպվում են PR ակցիաներ՝ ինչը ոգեւորող հանգամանք է ու նպաստում է երիտասարդ արտիստի հաջողությանը: Ազգային օպերային թատրոնում Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումից առաջ, որը վարում էր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, որեւէ «արտառոց» միջոցառում չէր կազմակերպվել, չնայած դահլիճը լեփ-լեցուն էր: Հիշյալ ներկայացմանը փայլեցին Սեւակ Ավետիսյանը (Արմեն), Սյուզաննա Փիրումյանը (Գայանե), Արա Գեւորգյանը (Գիքո) եւ 2005թ.-ից բալետային խմբի արտիստ, առաջին անգամ Կարենի կերպարը մարմնավորող Արմեն Գասպարյանը: Վերջինս ցուցաբերեց բալետի արտիստին հատուկ պլաստիկա, կատարողական վարպետություն եւ ընդգծված կերպարայնություն:

Առաջնախաղից հետո «Առավոտը» զրուցեց Արմեն Գասպարյանի հետ: Նա տեղեկացրեց, որ փոքր դերապարերով հանդես է եկել Ա. Խաչատրյանի «Սպարտակ» եւ Ռոդիոն-Շչեդրինի «Կարմեն» ներկայացումներում: Ասաց, որ լինելով Երեւանի պարարվեստի պետական քոլեջի առաջին կուրսի ուսանող, երկու տարի պրակտիկա է անցկացրել թատրոնում եւ առաջին անգամ մեծ բեմ դուրս եկել հենց «Գայանեում»: Վերջինում Կարենի ծավալուն դերապարը իրեն վստահելու առնչությամբ Ա. Գասպարյանը շեշտեց թատրոնի փորձավար, վաստակավոր արտիստուհի Նադեժդա Դավթյանի անունը, ով ժամանակին փայլել է Գայանեի դերապարով: «Ինձ համար պատիվ է, որ հնարավորություն ընձեռվեց հանդես գալ հատկապես «Գայանեում», որը ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Վիլեն Գալստյանի բեմադրությունն է: Նա այս բեմադրությունը Երեւանում իրականացրել է Արամ Խաչատրյանի նախաձեռնությամբ ու ներկայությամբ: Ի դեպ, մեծանուն կոմպոզիտորի հուշերում կարդացել եմ, որ գալստյանական «Գայանեն» լավագույնն է, էլ չեմ խոսում Մինասի նկարչական ձեւավորման մասին»,- հայտնեց երիտասարդ արտիստը:

Հետաքրքրվեցինք, թե պարարվեստի ուսումնարան ի՞ր ցանկությամբ է գնացել: Արմենն ասաց. «Ոչ: Մայրս այն տարիներին տարվելով Վիլեն Գալստյանի, Նադեժդա Դավթյանի, Հովհաննես Դիվանյանի, Գարուշ Խունյանի, Զավեն Հարությունյանի, մեր մյուս բալետային աստղերի արվեստով, ուղղորդեց բալետի զարմանահրաշ աշխարհ: Պարարվեստի քոլեջում էլ առաջին քայլերս արեցի թվարկածս ճանաչված արտիստների դասատու Սեդա Եգորովնայի մոտ, ավարտեցի ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի դասարանը»: Հարցին՝ կարճատեւ բեմական կյանք ունեցող բալետի արտիստը արեւմուտքի իր գործընկերների օրինակով այսօրվանից չի՞ մտածում արվեստը զուգահեռել թեկուզ փոքր բիզնեսի հետ, Արմենը նախ ասաց, թե երբ գա այնպիսի շրջան, որ զգա իր արվեստում ինչ-որ բան այն չէ, կհեռանա բեմից. «Մեզ մոտ փոքր բիզնեսով անիմաստ է զբաղվելը, իսկ մեծը սկսելու համար մեծ գումար է անհրաժեշտ: Եվ քանի որ մեր արվեստում փոքր տարիքից ամեն ինչ ձեռք է բերվում դժվարությամբ, ես ու գործընկերներս հաշտվել ենք այն մտքի հետ, որ ամեն ինչ քրտինքով պիտի վաստակենք»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031