Լրահոս
Օրվա լրահոսը

Անհիմն մեղադրանքներ

Դեկտեմբեր 10,2011 13:40

Պատասխան Լյուդվիգ Մելքումյանի «Տագնապ՝ ՀՀ-ում կենսաբանական գիտության կործանման մասին» վերնագրով «բաց նամակին»:

Իմ՝ Է. Մ. Եղիազարյանի 2008թ. ապրիլի 9-ին պաշտպանած «Հայաստանի երկկենցաղների ֆաունան եւ էկոլոգիան» դոկտորական ատենախոսությունը նվիրված է հանրապետության բատրախոֆաունայի կարգաբանական տվյալների վերստուգմանը, էկոլոգիական-ֆաունիստական բնութագրերի մանրամասն վերլուծությանը, Հայաստանում հանդիպող երկկենցաղների ձայնային էլեկտրամագնիսական ազդանշանների տեսակային կայուն հատկանիշների առանձնացմանը, ինչպես նաեւ ստացված տվյալների հիման վրա երկկենցաղների հաշվառման եւ նույնացման երաշխավորությունների մշակմանը։ Նման ուղղվածություն ունեցող աշխատանքների համար ոչ միայն թույլատրելի, այլեւ պարտադիր է գրականության մեջ եղած տվյալների օգտագործումը, ինչը արվել է ատենախոսության իմ կողմից։ Յուրաքանչյուր տեսակին նվիրված ընդհանուր նկարագրության մեջ ես օգտագործել եմ Ս. Լ. Կուզմինի գրքում բերված ամփոփ տվյալները։ Սակայն դա ամենեւին չի նսեմացնում իմ աշխատանքի արժեքը, առավել եւս, որ նշված բաժնում Լ. Կուզմինի 1999թ. ամփոփ տվյալները մեջբերվում են 14 անգամ (ընդհանուր առմամբ ատենախոսության մեջ Ս. Լ. Կուզմինի ազգանունը նշվում է 25 անգամ)։ Ս. Լ. Կուզմինի «Նախկին ԽԱՀՄ երկկենցաղները» (1999) աշխատանքը, որին հղում է կատարում ընդդիմախոսը, հեղինակի սեփական հետազոտությունների արդյունքը չէ։ Այն պարզապես Կուզմինի կողմից կազմված տեղեկատվական ամփոփագիր է, որտեղ ընդգրկված են նախկին ԽԱՀՄ հանրապետությունների համապատասխան մասնագետների, այդ թվում՝ նաեւ իմ, հետազոտությունների արդյունքում ստացած նյութերը։ Ի դեպ, նշված աշխատանքում հենց հեղինակը՝ Ս. Լ. Կուզմինը, հստակ չի նշում, թե որ տվյալներն են պատկանում այս կան այն հեղինակին եւ միայն գրքի վերջում բերում է մատենագիտական ցանկ, որը, սակայն, միանգամայն ընդունելի է։ Նշենք նաեւ, որ Ս. Լ. Կուզմինը Հայաստանում չի եղել եւ հետազոտություններ չի անցկացրել։

Հանրապետությունում             հանդիպող երկկենցաղների ընդհանուր նկարագրությունների կազմումը իմ նպատակը չի եղել, չնայած այս ուղղությամբ նրա կողմից առանձին հետազոտություններ կատարվել են՝ գերազանցապես դրանց ժամանակակից արեալների ճշգրտման նպատակով, որի պատճառով այդ նյութը արտացոլված չէ ատենախոսության ոչ նպատակում, ոչ էլ խնդիրներում։ Այդ տվյալները բացակայում են նաեւ եզրակացություններում (տես ատենախոսության եւ սեղմագրի համապատասխան բաժինները)։ Դրա փոխարեն իմ կողմից անցկացվել են եզակի հետազոտություններ երկկենցաղների տարբեր տեսակների պոպուլյացիաներում ազդանշանների առանձնահատկությունների ուսումնասիրության, հետազոտվող տեսակների ձայնային ազդանշանների կենսակուստիկական վերլուծության համապատասխան մեթոդների մշակման, Հայաստանի երկկենցաղների ձայնային ազդանշաններում կայուն եւ արժանահավատ հատկանիշների առանձնացման, էվոլյուցիայի ընթացքում բնական ընտրությամբ կայունացած ազդանշանների դետերմինացված հատկանիշների բացահայտման, ստացված տվյալների օգտագործման համար երկկենցաղների վարքի կառավարման նպատակով բիոտեխնիկական սարքերի մշակման, ստեղծման եւ փորձարկման մեթոդական երաշխավորությունների մշակման, երկկենցաղների հազվագյուտ եւ խոցելի տեսակների համար հատուկ պահպանվող  բնական տարածքների ստեղծման մեթոդական երաշխավորությունների մշակման ուղղությամբ (տես՝ «Հետազոտության խնդիրները» բաժինը)։ Դա հեղինակին հնարավորություն է տվել ստանալու յուրօրինակ տվյալներ, որոնք շատ կարեւոր են ժամանակակից ընդհանուր կենսաբանական հայեցակարգերի եւ տեսությունների մշակման համար (տես՝ «Աշխատանքի գործնական նշանակությունը» բաժինը)։ Իմ կողմից անցկացված հետազոտությունների գիտական նորույթը ոչ մի կասկած չի հարուցում։

Ատենախոսության ընդդիմախոսներից մեկը կենսաբանական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի վաստակավոր պրոֆեսոր Բ. Դ. Վասիլեւն է։ Սեղմագրի վերաբերյալ կարծիքներ են ստացվել նախկին ԽՍՀՄ առաջատար մասնագետների կողմից՝ ՌԴ ԳԱ թղթակից անդամ, այդ բնագավառում աշխարհահռչակ գիտնական, պրոֆեսոր Ի. Դարեւսկուց, Սանկտ Պետերբուրգի Կենդանաբանության ինստիտուտի փոխտնօրեն, հերպետոլոգիայի եւ օրնիտոլոգիայի բաժնի վարիչ, Հերպետոլոգների եվրոպական միության նախագահ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ն. Անանեւայից, ՌԴ ԳԱ Մոսկվայի Ակուստիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ԳԱ թղթակից անդամ, կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ն. Բիբիկովից, ՌԴ հայտնի էկոլոգներ, Սոչիի ազգային պարկի փոխտնօրեն, ՌԴ վաստակավոր էկոլոգ, կենս.գիստ. դոկտոր, պրոֆեսոր Բ. Տունիեւից, ՌԴ ԳԱ Ուրալյան բաժանմունքի Բույսերի եւ կենդանիների էկոլոգիայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենս.գիտ.դոկտոր Վ. Իշչենկոյից։ Այս հեղինակավոր մասնագետներն, անկասկած, ծանոթ են Ս. Լ. Կուզմինի ամփոփագրին, եւ նրանց անուններն ընդգրկված են աշխատանքի մատենագիտական ցանկում։ Սակայն պաշտոնական ընդդիմախոսների եւ մյուս կարծիքներում ընդհանրապես ոչինչ չի նշված ատենախոսության այդ բաժնի վերաբերյալ, որի մասին ես չեմ նշել ատենախոսության ոչ գիտական նորույթում, ոչ եզրակացություններում։ Հակառակը, բոլոր կարծիքներում ընդգծված է իմ ատենախոսության տեսական եւ գործնական մեծ արժեքը, եւ տրված է բարձր գնահատական։

Ելնելով վերը շարադրվածից՝ ընդդիմախոսի դժգոհությունները համարում եմ չհիմնավորված եւ գտնում եմ, որ արդարացիորեն արժանի է եղել ինձ շնորհված կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը, որը միաձայն ընդունվել Է ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին կից 036 մասնագիտական խորհրդի նիստում։

Ի դեպ, ընդդիմախոսը, որը նախկինում 8 տարի դատապարտված է եղել ընդունելության քննությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս նման բողոքներով, եւ վերոհիշյալ մասնագիտական խորհրդի կողմից արդեն տրվել է նրա՝ որպես գիտնականի ու մարդու բարոյական կերպարի գնահատականը։

ԷԴՈՒԱՐԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031