Մտորումներ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
«Hargeli Ruzan, inshy sheq grym mer datavorneri, dataxazneri, iravapahneri ancnakan pahvacqi e6 hakymneri masin, mer irapahneri lktiytyan masin. Insh e, nranq anme՞x en, te՞…da hetaqrqir tema e, mtaceq ayd masin el»:
Ընթերցողի էլեկտրոնային նամակից
«Առավոտն» ամեն օր փոստով, էլեկտրոնային փոստով ստանում է հարյուրավոր նամակներ: Նամակագիրները շարքային քաղաքացիներ են, չինովնիկներ: Կան նամակագիրներ, որոնք չեն ստորագրում իրենց գրածի տակ: Մենք չենք հրապարակում այդ նամակները, որքան էլ քաղցր լինի բովանդակային խայծը:
Նրանցից յուրաքանչյուրը խոսում է արդարության իր ձգտման, իրավունքի գերակայության մասին եւ նաեւ ահազանգում այս կամ այն երեւույթի համար: Բենզալցակայանների նման ամեն օր աճող իրավապահների, իրավաբանների եւ իրավապաշտպանների բազմերանգ բանակը չի նվազեցնում բողոքների քանակը, որովհետեւ մեկ կալանավորի մահվան լուրը հնչեղ կարող է դառնալ միայն 10 ընթերցողի համար, իսկ այլասերված մեկ պաշտոնյայի «բռնկումը»՝ հազարների: Մեկ անտեր դատապարտվածը որքան էլ բղավի, թե իր նամակները տեղ չեն հասնում, որ իրեն մեկուսարանում հում-հում ուտում են, միեւնույն է՝ լսող չի գտնվի: Իսկ անլվա մեկ պատգամավորի պաշտպանությունը սահմաններ չի ճանաչում: Հանկարծահայտ իրավապաշտպանները կարող են գնալ սոցիալապես պաշտպանված քաղաքացու ետեւից միայն: Մտեք դատարաններ: Հանկարծակի, առանց զգուշացնելու, առանց թատերային նախապատրաստության: Անտեր է երկրից իրավունք աղերսող քաղաքացին: Մենակ դրոշի ու դատավորի խղճի առաջ:
Իսկ այս անտերությունը «չընթերցվող» թեմա է:
Հայ ոչ մի դատավոր չկրծոտեց իր ոչ մի գործընկերոջ ականջը:
Հայ ոչ մի քննիչ սեփական լողավազանում չքառատեց կասկածյալի մարմինը եւ այն չթաքցրեց իր առանձնատան տարբեր մասնաբաժիններում:
Հայ ոչ մի ոստիկանապետ չգնաց նախագահի նստավայր եւ իր «սուվիներ» դաշույնը չխրեց իրեն հանդիպած պահնորդի սիրտը:
Իսկ դա «ընթերցվող» թեմա է:
Հայ ոչ մի կալանավոր, էն էլ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, չբռնաբարեց իր հիմնարկի փոփոխվող պետերից եւ ոչ մեկին:
Հայ ոչ մի կին դատավորի մերկ լուսանկարը չտպագրվեց Ռաֆայել Մազուկոյի «Culo» հայտնի ամսագրի «Հայտնի կանայք՝ մերկ» աղմկահարույց շարքում:
Իսկ դա «ընթերցվող» թեմա է:
Հայ ոչ մի իրավապաշտպան օմբուդսմենի գլխավորությամբ տկլոր չի շրջում Զաքյան փողոցով՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների:
Ինչով է մեղավոր հայ լրագրողը, որը ողջ օրը չի գտնում այն հայ պատգամավորին, որը գեյերի շքերթի մասնակիցներին իր տուն խաշի է հրավիրել: Ինչով է մեղավոր հայ լրագրողը, որ Սերոբ Տեր-Պողոսյանի տան խուզարկության մանրամասները ներկայացնելիս «չի տեսել» չհայտնաբերվածը՝ կառավարության անդամների հետ «չ»առկա պոռնո-կադրերը:
Հայ ոչ մի չեկիստ զենքի խանութում պահպանակի գովազդ չի անում:
Իսկ դա «ընթերցվող» թեմա է:
«Ընթերցող լայն մասսաները» դա են պահանջում, ակնարկելով, որ այդ դեպքերը չենք լուսաբանում:
Մնում է «սպասել» գժերի ու գժականների անսպասելի «սեանսներին», մեկ էլ տեսար՝ մի ընթերցող գտնվի…
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ