Պատգամավորը Ամանորի եւ առհասարակ՝ ցուցակ գրողն է, իսկ գնումներ կատարում է նրա ամուսինը
Օրերս ԱԺ-ում «Ժառանգության» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կառավարությունից պահանջելով գնաճի զսպման խոստումներին տեր կանգնել՝ փաստել էր, որ ամանորյա տոները մոտենում են, եւ այսօր ավանդական խոզի բուդը կարելի է գնել 3 հազար դրամից ոչ պակաս: Aravot.am-ը «Ժառանգության» մեկ այլ անդամից՝ Լարիսա Ալավերդյանից, որպես տանտիկնոջ, հետաքրքրվեց, թե բացի խոզի ազդրից, ի՞նչ տոնական գնումներ է արել եւ նկատե՞լ է վիճծառայության արձանագրած գնանկումը: Տիկին Ալավերդյանը մեկը մյուսի հետեւից նշեց այն ապրանքները, որոնք կտրուկ թանկացել են շուկայում. «Հնդկահավը դարձել է գառան գին: Մի 30-40 տոկոսով գինը բարձրացել է, ընդհանրապես մսեղենը շատ թանկացել է: Եվ քանի որ հայերը մսակեր են հիմնականում, իրենց գրպանին մսի գինը շատ է հարվածում: Սարսափելի թանկացել է նաեւ ձուկը, ընդ որում, այնպիսի տեսակները, որոնք առաջ համարվում էին ոչ հարգի: Ես Ստյոպայի պես՝ խոզի ազդրի գներից տեղյակ չեմ, որովհետեւ երբեք չեմ հետաքրքրվել, չեմ պատրաստում, ես հիմնականում գյուղից բերած հնդկահավ եմ պատրաստում եւ կարող եմ ասել, որ դա իսկապես շատ թանկացել է: Պանրի գներն են բարձրացել, հավն է թանկացել մոտ 20%-ով, անգամ «Ավեդով» ձեթը, որը ես օգտագործում եմ, կրկին թանկացել է, գնանկում էդպես չեմ նկատել»:
Տիկին Ալավերդյանը նշեց, որ տոնական գնումներ դեռ չեն կատարել. «Մեր տանը հիմնական գնումները կատարում է ամուսինս, ես որպես տանտիկին՝ ցուցակ եմ գրում: Ցուցակում հիմնականում ճոխ միրգ-բանջարեղեն եմ գրում ու կանաչեղեն, ա՛յ, ընդհանուր թանկացումը կանաչիի վրա է ահավոր զգացվում, իսկ միրգը մատչելի է, հնարավոր է գնել սուպերմարկետներում՝ ակցիաների ներքո»:
Ինչ վերաբերում է Ամանորին, տիկին Ալավերդյանը նշեց, որ Ամանորը, որպես այդպիսին, պահքի մեջ են անցկացնում, իսկ տոնական սեղանը Քրիստոսի ծննդյան կապակցությամբ է լինում: Այդ օրը տիկին Ալավերդյանը հյուրերին մատուցում է իր «ֆիրմային ուտեստը»՝ ձուկը շոգեխաշած կամ կանաչիներով ու բանջարեղենով՝ ջեռոցի մեջ. «Մեր Նոր տարվա սեղանը շատ համեստ է լինում, դնում եմ աղանդեր եւ երկու տեսակ փլավ՝ ձավարով կամ բլղուրով, այսինքն՝ լինում են շատ համով, բայց բուսական ուտեստներ»:
Կարդացեք նաև
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ