Երբ շաբաթ եւ կիրակի տուն են վերադառնում, նրանց ծնողների ու փոքր քրոջ համար այդ օրերը տոն են դառնում

Գիշերօթիկում սովորող Հայկը, Հասմիկը, Արսենն ու Հռիփսիմեն միայն շաբաթ եւ կիրակի օրերին են ծնողներին տեսնում:
Երեկ մեր այցելության պահին Վարդաշենի հանրակացարանում բնակվող բազմազավակ Գայանե Փափազյանը ուրախ-ուրախ պատրաստություն էր տեսնում, ճաշ էր եփում, որովհետեւ գիշերօթիկ դպրոցից տուն էին գալու նրա երեխաները: «Այսօր մեր փոքրիկ տանը ժխոր է լինելու»,- ժպիտով ասում էր նա:
Գայանեն 8 երեխա ունի՝ 5 տղա, 3 աղջիկ: Երեխաներից 5-ը գիշերօթիկ դպրոցում են սովորում: Շաբաթվա 5 օրն այնտեղ են անցկացնում, հանգստյան օրերին էլ գալիս են տուն: Բայց մայրն ասում է, որ գիշերօթիկ դպրոցից երեխաներին ոչ ամեն շաբաթ է կարողանում տուն բերել, քանի որ ոչ տեղ ունեն, ոչ էլ սնունդ, որ նրանց կերակրեն. «Մեր սառնարանը շաբաթներով դատարկ է լինում, գոնե որ դպրոցում են մնում, ուտում են, համ էլ տեղ ունեն քնելու: 5-ամյա Միքայելն էլ գիշերօթիկ մանկապարտեզ է գնում: Նա էլ այնտեղ է կերակրվում ու խնամք ստանում»:
Ծնողների հետ հանրակացարանային սենյակում բնակվում են երեխաներից միայն 2-ը՝ 2,5 տարեկան Հեղինեն եւ 23-ամյա Տիգրանը: Բոլորի համար այս փոքրիկ սենյակներում տեղ չկա, միայն 2 երկտեղանի մահճակալ է եւ 2-3 հատ բազմոց: Երբ երեխաները դպրոցից ու մանկապարտեզից տուն են գալիս, իրար ծոց են քնում՝ մի կերպ տեղավորվելով: Գայանեն ասում է, որ փոքրիկ Հեղինեին էլ է ուզում մանկապարտեզ տանել, բայց չեն ընդունում, ասում են՝ փոքր է դեռ. «Գոնե որ Հեղինեին էլ մանկապարտեզ տանեի, կաշխատեի, որտեղ էլ ընդունեին՝ կհամաձայնվեի, բայց չեմ կարող»:
Կարդացեք նաև
Բազմանդամ ընտանիքում միայն Գայանեի ամուսինը՝ Արթուրը, եւ մեծ որդին են աշխատում, բայց դա էլ բավական չէ, որ նրանք օրվա հացով ապահովված լինեն: Գայանեի ներկայացմամբ. «Այնքան քիչ ենք ստանում, որ հազիվ լույսի վարձ ենք տալիս: Փոքր երեխա ունենք, ոնց կարող ենք չվառել, որ մրսեց հիվանդացավ, ավելի վատ: Մենք 2 երեխա ենք կորցրել: Մեծ տղաս՝ Տիգրանը, մի քանի ուսումնարաններում է սովորել, բայց հիմա ստիպված է բանվորություն անել: Այս սառնամանիքին էլ գնում աշխատում է, փայտացած գալիս տուն»:
Հանրակացարանում բնակվողները ինչով կարողանում են՝ օգնում են Գայանեին, չնայած այս հանրակացարանում ոչ մեկն էլ ապահովված չէ: Կնոջ ներկայացմամբ. «Հարեւանուհիս հացի փռում է աշխատում, նա ամեն օր 2 հատ հաց է բերում, հետո նպաստը որ ստանում եմ, նրան եմ տալիս: Ամեն օր այդ հացին ենք սպասում, որ ուտենք»:
Արթուր Փափազյանը ղարաբաղյան պատերազմի մասնակից է, բայց պետական որեւէ աջակցություն չի ստանում: Կնոջ պատմելով, ամուսինը ողնաշարի հետ խնդիրներ ունի, շատ չի կարողանում աշխատել. «Մենք դիմել էինք նաեւ պաշտպանության նախարարություն, որպեսզի որպես ազատամարտիկի ընտանիք՝ տուն ստանայինք, բայց մեզ մերժեցին: Ասում էին՝ պետք է գոնե հաշմանդամության կարգ ունենար կամ մահացած լիներ, որ մեզ հերթագրեին»:
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ