Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը ուզում է գործ ունենալ քաղաքական գործիչների հետ

Դեկտեմբեր 10,2011 13:12

Նրա համոզմամբ՝ իսկական քաղաքական գործիչների հետ աշխատելն ավելի դյուրին է

Հայրենի խորհրդարանի անցած քառօրյայի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ մեր մասնավոր զրույցը, որի ժամանակ նա իր դիտարկումներն էր ներկայացնում խորհրդարանի պատգամավորների ու ԱԺ առաջիկա ընտրությունների շուրջ, շատ սահուն կերպով վերածվեց հարցազրույցի: Գ. Սահակյանն, օրինակ, վերապահումներ ուներ այն քննարկումների շուրջ, թե՝ վերջին հաշվով, ո՞րն է պատգամավորի կերպարը: «Ի դեպ, մենք շատ դեպքերում չենք կարողանում հավատ ներշնչել հասարակությանը, որովհետեւ դեռեւս չի ամբողջացել, չի բյուրեղացել պետական չինովնիկի կերպարը: Ես կարծում եմ՝ ԱԺ-ն միմիայն քաղաքականությամբ զբաղվող անձանց տեղ է: Այսինքն՝ այն մարդկանց, ովքեր մինչեւ ԱԺ մտնելը նաեւ քաղաքական պրոցեսներում են ներգրավված եղել, քաղաքական փորձառություն ունեն: ԱԺ պատգամավոր լինելը հոբբի է: Պատգամավորը պիտի մշտապես կարողանա աշխատել՝ անկախ անձնական, ընտանեկան խնդիրներից, տեղեկություններ կուտակի, փոխանակի, հասարակության հետ շփվի, քաղաքական այլ ուժերի հետ բաց քննարկումների մասնակցի:

Ես կուզեի, որ հաջորդ խորհրդարանում նախ՝ շատ քաղաքական գործիչներ լինեին, իսկ դրանք խորհրդարանում այսօր էլ կան: Նրանք զբաղվում են քաղաքականությամբ եւ ուղղորդում են ամբողջ ԱԺ գործունեությունը: Ես ԱԺ-ում մի քանի ընդդիմադիր ուժերի հետ եմ աշխատել, նաեւ՝ ամենաարմատական եւ սուր ընդդիմության: Նման դեպքերում, երբ գործ ունես քաղաքական գործիչների հետ, որքան էլ լարված եւ արմատական խնդիրներ լինեն՝ կա սեղանի շուրջ նստելու եւ խնդիրները միասին քննարկելու եւ դրանք հասարակությանը ներկայացնելու հնարավորություն, եթե կռիվ էր՝ կռվում էինք, եթե պետք էր՝ նորից նստում ու խոսում էինք: Այսօր մամուլում տեսնում եմ, որ վիճակագրություն է արվում՝ այ, այս պատգամավորը խոսել է այսքան անգամ, մյուսը՝ երկու, երրորդը չի խոսել: Դա պատգամավորին գնահատելու չափանիշ չէ: Կարելի է դեսից-դենից խոսել, հասարակությանը ներկայանալ այնպես, թե, իբր, գիշերները չեն քնում, անձնազոհաբար հասարակությանն են փորձում ուղղորդել, բայց նայում ես՝ տակը բան չկա, չկա նաեւ կենսագրության մեջ: Իսկ նրանք, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվել, բայց ԱԺ-ում են՝ մինչեւ կամաց-կամաց դառնան քաղաքականությամբ զբաղվողներ կամ քաղաքական գործիչներ, ժամանակի մուրը թողնում են ԱԺ-ում:

Այսօր մեր ԱԺ-ն այն է, ինչի մասին անընդհատ խոսվում է՝ քննադատությունն ուղղվում է մեծահարուստներին, օլիգարխներին կամ բաժնետերերին, դրանք երբեք ԱԺ-ին չեն կարող խանգարել եւ չեն խանգարել, թեեւ առավելություն էլ չեն տվել: Այսօր ԱԺ-ն չի կարողանում որպես բաց ինստիտուտ ժողովրդի առաջ կանգնել, որովհետեւ իրական քաղաքական գործիչների մեծ մասը դրսում է: Նրանք բոլորը պիտի լինեն խորհրդարանում, որպեսզի հնարավոր լինի լուրջ խնդիրներ քննարկել: Առաջ իրար լսում էինք, հիմա՝ չէ»,- ասում էր Գալուստ Սահակյանը:

Նա նշեց, որ խորհրդարանական մեծամասնության համար հեշտ է աշխատել, օրինակ, ՀՅԴ-ի հետ, «որովհետեւ նա կառուցողական ընդդիմություն է. հնարավոր է նրա հետ օրինագծեր քննարկել, բանավիճել, իրար համոզել եւ հայտարարի գալ, որովհետեւ այնտեղ քաղաքական, գաղափարական գործիչներ են հավաքված: ԱԺ-ն այդպիսին պիտի լինի: Բայց ժողովրդին բացատրել, թե մարդը եթե սեփականատեր է կամ հարուստ, չի կարող պատգամավոր լինել՝ սխալ է»:

Խոսելով ներկա խորհրդարանական ընդդիմության մասին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, թե՝ ՀՅԴ-ն ապագա ԱԺ-ում կլինի. «Նախ՝ քաղաքական առումով դրա անհրաժեշտությունը կա: Բացի այդ, նրանք իրենց հիմնական ընտրազանգվածն ունեն, որոնց որեւէ մեկը չի կարող փոփոխել»:

Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա, ըստ Գալուստ Սահակյանի, ինքն էլ կարող է անգամ հոգնած վիճակում խոսափողի մոտից հեռու չգնալ, բայց «դա չի աշխատանքը: Աշխատանքը ժողովրդի կողքին լինելն է, իսկ ժողովուրդը շատ խոսողներին էլ չի սիրում: Երբեմն լռությունն ավելի լավ է, քան պատահական խոսքն ու խոսակցությունը»: Պատգամավորը, որը սովորաբար չի խուսափում կանխատեսումներ անելուց, այս անգամ դժվարացավ ասել՝ «Ժառանգությունը» ապա գա խորհրդարանում ներկայացված կլինի՞, թե՞ ոչ. «Դժվար է ասել, որովհետեւ այս պահին բոլոր դերակատարները, որ կան քաղաքական դաշտում, ակտիվ են: Ես կարծում եմ՝ մի 2-3 թիմեր են, որ դեռ պիտի առաջանան: Այսօր շատ դժվար է կանխատեսել»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031