Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ընտրությունները լինեն հերթական՝ արյունահեղությունից խուսափել չենք կարող

Դեկտեմբեր 10,2011 13:09

Կարծում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը

– Դուք կիսում եք ՀՀ առաջին նախագահի՞ բարձրաձայնած կարծիքը՝ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին, թե՞ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի կարծիքը, որը որոշակի վերապահումներով է վերաբերվում ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը:

– Երկու գործիչներն էլ համագործակցության վերաբերյալ ռեալ որեւէ բան չեն ասել: Երկուսն էլ վերլուծություններ են արել՝ թե քաղաքական դաշտում ինչպիսի զարգացումներ կարող է ունենալ Հայաստանը ԲՀԿ-ի այս կամ այն քայլի դեպքում: Մնացած որոշումը ԲՀԿ-ինն է: Համագործակցության որեւէ առաջարկ թե ԲՀԿ-ին, թե մնացյալ ուժերին երկուսի կողմից էլ դեռեւս չի եղել: Չգիտեմ՝ լինելու է, թե չէ, բայց ոչ «Հանրապետություն» կուսակցության, ոչ ՀԱԿ-ի օրակարգում որեւէ մեկի հետ համագործակցության գնալու հարց դրված չէ:

Անձնական տեսակետս այն է, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի երկրում արտահերթ ընտրություններ կայանան: Հերթական ընտրությունները պետք է վերածել արտահերթ ընտրությունների: Հերթական ընտրություններում մենք անելիք չունենք: Հերթական ընտրություններով երկիրը մենք կտանենք մի տեղ, որտեղից դուրս գալը շատ բարդ կլինի: Հիշեք այն իրավիճակները, որ նախկինում եղել են հերթական ընտրություններից հետո. այս անգամ շատ ավելի ծանր ու վատ վիճակի մեջ է ընկնելու երկիրը: Ես անհանգստանում եմ, որովհետեւ հերթականի ոգով եթե այս ընտրությունները ընթանան, երկիրն արյունահեղությունից խուսափել չի կարող:

– ՀԱԿ-ը վերջին շրջանում բավականին պասիվ կեցվածք է որդեգրել, այս պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում հերթական ընտրությունները արտահերթի վերածելը:

– Ցանկացած դեպքում՝ արտահերթ, թե հերթական, որը պետք է վերածել արտահերթի, պետք է արդար, թափանցիկ ընտրությունների նախապատրաստվել: Ակնհայտ է, որ իշխող հանցախումբը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չի գնալու արտահերթ ընտրությունների, որովհետեւ իրենց կյանքի նպատակն իրենց աթոռները պահելն ու վերարտադրվելն է: Իսկ արդար ընտրություններով իրենք անգամ վերարտադրությանը մոտ քվեներ չեն կարող ունենալ: Իրենք ամեն ինչ անելու են անարդար ընտրություններ անցկացնելու համար, ուղղակի իրենց առաջ խնդիր են դրել քայլերի մեջ որոշակի եվրավերանորոգում անել: Այսինքն՝ այնպես անել, որ այդ անարդար վիճակը շատ չերեւա, դրա համար էլ վազում են եվրոպաներ, ամերիկաներ, որ Մոզամբիկ էլ կանչեն՝ կգնան, որպեսզի ասեն՝ արդար ընտրություն են անելու: Է, անելու ես՝ արդար ընտրություն արա, քո ժողովուրդը թող տեսնի, հասարակությունը զգա, որ դու արդար ընտրությունների ես գնում, դա արդեն բավարար է, պետք չէ եվրոպաներ գնալ կամ Ամերիկայի դեսպանին այստեղ-այնտեղ տանել ու փորձել հասարակությանն ապակողմնորոշել: Մթնոլորտ, դաշտ պետք է ստեղծվի, կամ դրան հակառակ քայլեր են պետք: Ինչո՞ւ է ԲՀԿ-ի մասին խոսվում: Կոալիցիոն ուժերից մեկը, որը բավականին հնարավորություններ ունի կուսակցական կառուցվածքային առումով, նաեւ, ցավոք, ֆինանսական միջոցներով ընտրությունների վրա ազդելու, եւ ՀԱԿ-ը, որը երկրի ապագայի համար կարեւոր քաղաքական կառույց է, միասին կարող են արդար ընտրություններ ապահովել երկրում: Մամուլում տարածվում է, թե ԲՀԿ ղեկավարը չի պատասխանում Տեր-Պետրոսյանին, իսկ Տեր-Պետրոսյանը ոչ մի հարց չի բարձրացրել, որին Ծառուկյանը պետք է պատասխան տա: Ծառուկյանը, ԲՀԿ-ն հասարակությանը պետք է մեկ հարցի պատասխան տա՝ ինքն իր ուժերի ներածին չափով երկրում ստեղծված այս նենգ իրավիճակի պայմաններում գնալո՞ւ է արդար ընտրություններ ապահովելու, թե՞ ոչ:

– ԲՀԿ-ն ու նրա ղեկավարը հենց այդ նենգ իրավիճակի ծնունդ են, ինչո՞ւ պիտի փորձեն ձերբազատվել դրանից:

– Հասկացանք, բայց իրենք տեսնում են, որ երկրում ոչինչ չի ստացվում, որ դա որեւէ լավ բանի չի բերում: Օրինակ՝ ես ենթադրում եմ, որ այդ կուսակցությունը հասել է մի տեղ, եւ իր համար շատ կարեւոր է, որ երկրում նորմալ զարգացումներ ընթանան: Պատկերավոր ասած՝ եթե մարդն իր բակում շաբաթը մեկ խորոված է անում, որպեսզի դա հանգիստ մարսի, մտածում է, որ իր հարեւանն էլ ամիսը մեկ կարողանա խորոված անել: Իրենք արդեն պետք է այդպես մտածեն:

– Արամ Զավենիչի՝ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցազրույցից հետո քաղաքական որոշ շրջանակներում խոսակցություններ տարածվեցին, թե «Հանրապետությունում» քննարկում են ՀԱԿ-ից դուրս գալու հարցը:

– «Հանրապետություն» կուսակցությունն իր տեսակով այնպիսին է, որ ցանկացած հարցի վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտում է իր տեսակետը: ՀԱԿ-ում էլ ցանկացած հարցի վերաբերյալ մենք մեր կարծիքն ունենք եւ ասում ենք, այլ հարց է, որ մենք նաեւ մեծամասնության կարծիքն ենք հաշվի առնում: Մեր տեսակը նաեւ այնպիսին է, որ մի բան եթե որոշում ենք, մինչեւ վերջ հետամուտ ենք լինում: Մենք որոշել ենք, որ Կոնգրեսով գնալու ենք այս երկրում նոր զարգացումներ բերելու՝ մինչեւ վերջ գնալու ենք: Եթե վերջում Կոնգրեսում մեկ կուսակցություն մնա, այդ կուսակցությունը «Հանրապետությունն» է լինելու, այն ժամանակ էլ որոշում կկայացնենք: Այդպիսի խնդիր դրված չէ, պարզապես մենք տեսակետ ունենք, այդ տեսակետը բարձրաձայնում ենք, ու շատ լավ է, որ հասարակության մոտ քննարկում է առաջացել:

– Իսկ ՀՀԿ-ի հետ համագործակցության եզր տեսնո՞ւմ եք:

– Անկեղծ ասած, ես բացառում եմ, որ այդպիսի բան լինի: Այ, եթե երկիրը մաքրենք ՀՀԿ-ից, ամեն ինչ նորմալ կլինի: Եթե իրենք մի օր արթնանան եւ ասեն, որ լիազորությունները վայր են դնում, ամբողջությամբ կբավարարեր: Չարիքն այսօր ես տեսնում եմ ՀՀԿ-ի մեջ: Այլ է անհատների հարցը: Տեսեք՝ ի՞նչ եղավ. ՀՀԿ-ում մի քանի հոգի պարկեշտ անձնավորություններ կային՝ ի դեմս նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի, որին երբեք գող, թալանչի, հանցագործ չես անվանի, իր համար գլուխը կախ աշխատում էր, բայց ազատեցին աշխատանքից: Նախորդ քաղաքապետին՝ Կարեն Կարապետյանին, ինքս լավ չեմ ճանաչում, բայց էդ տղան աշխատում էր քաղաքականության մեջ քիթը շատ չխոթել, կարծես ուզում էր աշխատել, Երեւանում թալանի չէր գնում, որովհետեւ այլ տեղից հարստություն դիզել էր, խնդիր չուներ, բայց մի օր արթնացանք տեսանք՝ ազատվեց: Այսինքն՝ նորմալ կադրերի համար ՀՀԿ շարքերում տեղ չկա: 2007-ին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ, կառավարությունում մի քանի գրագետ նախարարներ կային, միանգամից ազատվեց նրանցից. չեմ ասում՝ լավն էին, վատն էին, գրագետ էին: Այնպես որ՝ եթե ՀՀԿ-ն իր լիազորությունները դնի, երկիրն ու ժողովուրդը լիովին բավարարված կլինեն: Մի խնդիր կունենանք՝ բոլոր տներում մատաղ կանեն, ոչխարների գլխաքանակը հանրապետությունում կպակասի, բայց դա լուծվող խնդիր է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031